Հայաստանի բոլոր մարզպետարաններում երեկվանից սկսելու է գործել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Այսուհետեւ մարզպետարանների թե ներքին եւ թե արտաքին բոլոր գրագրությունները կատարվելու են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նշյալ համակարգը մեր մարզպետարանների համար նորույթ է: Այդ իսկ պատճառով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ, փետրվարի 26-27-ին Աղվերանում կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Հրապարակայնության ապահովումը պետական կառավարման համակարգում» թեմայով: Հանդիպման նպատակն էր կանխատեսել, թե ինչ խնդիրներ կարող են ծագել «Mulberry»-ի գործարկման ընթացքում եւ կանխել դրանք:
Համակարգը հնարավորություն է տալիս առցանց հետեւել պետական կառավարման մարմիններին՝ քաղաքացիների ուղղած դիմումների ընթացքին, դիմումով զբաղվող պաշտոնյայից անմիջական տեղեկատվություն ստանալ եւ առանց պետական մարմին այցելելու՝ առցանց ստանալ դիմումի պատասխանը: Դիմումի գրանցման ժամանակ քաղաքացուն տրամադրվում է «Հսկիչ համարով» ստացական՝ դիմումի ընթացքին առցանց հետեւելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ: Պետական գերատեսչության պաշտոնական կայքերի՝ «Հետեւեք ձեր դիմումներին» բաժնի միջոցով քաղաքացիները ցանկացած պահի կարող են տեղեկանալ, թե ինչ ընթացքում է իրենց դիմումը:
Համակարգի կիրառման համար «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն Արմավիրի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզպետարանին երկուական համակարգիչ է տրամադրել: