Լրահոս
Օրվա լրահոսը

Կպաշտպանվեն գործատուների՞, թե՞ աշխատողների շահերը

Մարտ 02,2010 00:00

Առաջարկում են փոփոխություններ

«Գործք» ՍՊԸ-ն Ծաղկաձորում կազմակերպել էր եռօրյա հանրապետական համաժողով՝ ԱԺ ուղարկվելիք ՀՀ աշխատանքային եւ հարկային օրենսգրքերի նախագծերի կապակցությամբ: Համաժողովին մասնակցում էին 50 կազմակերպությունների աշխատակազմերի ղեկավարներ, բանկային համակարգի աշխատակիցներ, արհեստակցական միությունների ներկայացուցիչներ, գլխավոր հաշվապահներ, իրավաբաններ, կադրերի բաժնի պատասխանատուներ, գործավարներ: Աշխատանքային 4 խմբերում դասախոսեցին տնտեսագիտության թեկնածու, «Գործք» ՍՊԸ տնօրեն Արթուր Սարգսյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները: Աշխատանքային «Բ» խումբը հիմնականում քննարկեց եւ ներկայացրեց բազմաթիվ առաջարկություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծի վերաբերյալ: «Նրանք, ովքեր առնչվել են աշխատանքային օրենսգրքի հետ, գիտեն, որ միշտ էլ փորձ է արվել այն հարմարեցնել գործատուների շահերին: Մինչդեռ, Աշխատանքային օրենսգիրքը պետք է իրականացնի հաշտարար դատավորի առաքելություն»,- ասաց Ա. Սարգսյանը: Վերջինիս տեղեկացմամբ, գործող օրենքում նախատեսվում է 108 հոդվածների փոփոխություն:
Հայաստանի արհեստակցական միությունների ներկայացուցիչ Միքայել Փիլիպոսյանն ասաց, որ 2009-ից շրջանառության մեջ դրված Աշխատանքային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները անցկացվել են արհմիությունների կենտրոնական խորհրդում, նաեւ ճյուղային կազմակերպություններում: Նա հայտարարեց, որ նախագծից դուրս է մղվել «արհեստակցական միություն» բառակապակցությունը: Նախկին սոցապնախարար, իրավաբանության դոցենտ Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ «բոցաշունչ ելույթում» հնչած տեղեկությունը ճիշտ չէ, որ օրենքի նախագծից դուրս չեն մղվել արհեստակցական միությունները: Նա հղում արեց նախագծի 23 հոդվածին, որտեղ գրված էր. «Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները՝ արհեստակցական միությունները կամ աշխատողների ժողովի կողմից ընտրված մարմինը»: Գ. Պետրոսյանի դիտարկմամբ, արհմիությունները այսօր հիշեցնում են անգործունակ մարմին, եւ որ ձեւականորեն չպետք է նվաճեն իրենց նախկին դիրքերը: Նախկին նախարարն ասաց, որ բազմաթիվ անգամ է մասնակցել դատական գործընթացների, սակայն չի հիշում մի գործ, որտեղ արհեստակցական միությունները մասնակցեին եւ իրենց ծանրակշիռ դերն ունենային:
Բուռն քննարկումների առիթ դարձավ աշխատող-գործատու փոխհարաբերությունները կարգավորող պայմանագրերի հարցը: Համաժողովի մասնակիցների կարծիքով, անհասկանալի է «բանավոր պայմանագիր» ձեւակերպումը: Նրանք վերծանեցին անգամ «պայմանագիր» բառը՝ «պայմանների գիր» եւ գտնում էին, որ նախագծից պետք է հանվի «բանավոր պայմանագիր» հասկացությունը, քանի որ ծագած վեճերի ժամանակ «բանավոր պայմանագիրը» չի կարող դատարան «տեղափոխվել» կամ «կցվել» գործին:
Եղան առաջարկներ՝ կապված արտաժամյա աշխատանքային իրավահարաբերությունների, գործատուի կողմից նրա իսկ նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանն առանց ծանուցելու, աշխատանքային հաշվետվություններ ներկայացնելու կարգի (նշվում էր՝ էլեկտրոնային տարբերակը), վարձատրության պայմանների, աշխատանքային գրքույկում զետեղվելիք տվյալների սահմանումների, պարզաբանումների վերաբերյալ:
Օրենսգրքում կային խրթին եւ ոչինչ չասող հոդվածներ էլ: Մասնավորապես, հոդված 113-ի 2-րդ կետը. «Աշխատանքային պայմանագիրը լուծվում է արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի եւ /կամ/ հաստիքների կրճատման դեպքում»: Ըստ Գ. Պետրոսյանի, եթե որեւէ մեկին այս հիմքով ազատեն, ապա աշխատողը պետք է ապացուցի, որ միաժամանակ առկա են եղել վերոնշյալ հիմքերը:
Համաժողովի պաշտոնական փակմանը տրվեցին հավաստագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել