Վանաձորում սկսվեց Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի դասախոսների դատավարությունը:
2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանը Վանաձորի ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը՝ դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ է պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ աշխատանքները դրական գնահատելու համար: Ընդհանուր առմամբ՝ կաշառքի չափը կազմում է 225 000 դրամ:
Կաշառքի մեջ մեղադրվող 4 դասախոսներից 2-ը կալանավորված են: Հետաքրքրականն այն է, որ ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանն ու կալանավորված մյուս դասախոս Ժոզեֆ Կարայանը մեղադրվում են ուսանողների ու մնացած 2՝ ազատության մեջ գտնվող դասախոսների ցուցմունքների հիման վրա: Դասախոսներ Հովհաննես Արաբյանն ու Միսաք Յախշիբեկյանը հայտարարել են, թե իրենց իսկ առարկայից կուրսային նախագծերի աշխատանքները գնահատելու համար ուսանողներից գումար են պահանջել ամբիոնի վարիչի պահանջով ու այդ գումարները փոխանցել են նրան:
Կալանավորված դասախոս, ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա պնդում է, թե ինքը կաշառք չի պահանջել:
Նույնն է պնդել նաեւ նյուս կալանավորված դասախոսը՝ Ժոզեֆ Կարայանը: Վերջինս ասել է, որ ինքը ուսանող Հունան Քոչարյանից գումար չի պահանջել՝ ամբիոնի վարիչին փոխանցելու համար: Նկատենք, որ Ժոզեֆ Կարայանը գործով վկա ուսանողներին չի դասավանդել այդ ընթացքում եւ կալանավորված է միայն մի ուսանողի՝ Հունան Քոչարյանի ցուցմունքով: Վերջինս դատարանում պնդեց, թե, իսկապես, Կարայանն իրենից 35 000 դրամ է պահանջել, որպեսզի Յախշիբեկյանի ու Արաբյանի առարկաներից կուրսային աշխատանքները ամբիոնի վարիչը դրական գնահատի: Փաստորեն, մի մարդու՝ ուսանողի ցուցմունքով երիտասարդ դասախոս Ժոզեֆ Կարայանը կալանավորվել է այն բանի համար, որ գումար է պահանջել, որպեսզի փոխանցի ամբիոնի վարիչ Է. Մխիթարյանին: Սա այն դեպքում, երբ ազատության մեջ գտնվող դասախոս Միսաք Յախշիբեկյանը եւս նույն արարքն է կատարել: Ըստ մեղադրականի, նա եւս ուսանողից գումար է պահանջել՝ իր իսկ առարկայի կուրսային աշխատանքը գնահատելու համար, բայց գումարը փոխանցել է ամբիոնի վարիչին: Եվ քանի որ ընդունել է իր մեղքը, կալանքը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ չի կիրառվել:
Դասախոս Հովհաննես Արաբյանը թեեւ նույն արարքն է կատարել, ինչ՝ կալանավորված Ժոզեֆ Կարայանը, սակայն նա համաներմամբ ազատ է արձակվել: Փաստորեն, Արաբյանի նկատմամբ սկզբնական շրջանում առաջադրված մեղադրանքը՝ կաշառք վերցնելու մասով, վերաորակավորվել է. նա այս գործում արդեն ներգրավված է որպես վկա:
Դասախոս Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու հիմքեր չի տեսնում. «Պաշտպանյալիս որպես մեղադրյալ ներգրավելու, նրան մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու որեւէ հիմք չի եղել, այս ամենի հիմքում ընկած է եղել բացառապես մեկ վկայի ցուցմունք»,- ասում է նա:
Պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ եթե այդ տրամաբանությամբ մարդկանց դատեն, ապա ցանկացած մարդու կարող են կալանավորել ինչ-որ մեկի ցուցմունքով:
«Եթե սա իրավական, ժողովրդավարական երկիր է, եթե այս դատական պրոցեսով մարդը պիտի դատապարտվի, մեղավոր ճանաչվի, ապա յուրաքանչյուրս այդ վտանգի տակ ենք, ցանկացածի նկատմամբ մեկը կհայտնվի, կասի՝ ես նրան կաշառք եմ տվել, առերեսումով կպնդի, եւ այդ մարդուն կդատապարտեն: Սա է մեր իրականությունը»,- հավելում է նա:
Է. Մխիթարյանի պաշտպան Արտակ Ոսկանյանն էլ դժգոհեց, որ նախաքննությունն արդար չի ընթանում. «Նախաքննական մարմինը խտրական մոտեցում է ցուցաբերել»:
Կաշառք տված ուսանողները պատասխանատվության չեն ենթարկվի, իսկ ահա ամբիոնի վարիչին սպառնում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Կալանավորված մյուս դասախոս Ժոզեֆ Կարայանին սպառնում է տուգանքից մինչեւ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իր մեղքն ընդունած դասախոս Միսաք Յախշիբեկյանին էլ սպառնում է տուգանքից մինչեւ 3 տարի ազատազրկում:
Դատաքննությունը շարունակվում է: