Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՆԳԱՋՐԻ ԳԻՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵ՞Լ

Մարտ 02,2010 00:00

Ինչպես հայտնի է, «Երեւան ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու 2010-2011թթ. համար առաջարկվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները: Ըստ ընկերության հաշվարկների, խմելու ջրի սակագինը 1 խմ-ի դիմաց ներկայիս 181 դրամի փոխարեն՝ պետք է դառնա  206.98 դրամ, այսինքն՝ թանկանա ավելի քան 25 դրամով:
Այս առնչությամբ երեկ հանձնաժողովից «Առավոտին» պարզաբանեցին, որ առայժմ իրենք ընկերության ներկայացրած հայտը չեն ընդունել: Հանձնաժողովը 10-օրյա ժամկետ ունի, որպեսզի քննարկի հայտը եւ անհրաժեշտ բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում նոր այն ընդունի, որից հետո 90-օրյա ժամկետում կարող է որոշում կայացնել՝ բարձրացնե՞լ սակագները, թե՞ թողնել անփոփոխ: Եթե ընկերության հայտը բավարարվի, բնակիչները հուլիսի 1-ից արդեն ստիպված պետք է լինեն խմելու ջրի համար վճարել թանկ գնով:
Նշենք, որ «Երեւան ջուրը» հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացնում, թե ամեն տարի ջրամատակարարման ցանցի բարելավման համար որքան ներդրումներ են կատարվում, ինչ հսկայական ծախսեր են արվում, որպեսզի մայրաքաղաքում 24-ժամյա ջրամատակարարում ապահովեն եւ այլն: Ըստ այդ հաշվարկների էլ հիմնավորվում է սակագների վերանայման առաջարկը: Իհարկե, մայրաքաղաքի որոշ թաղամասերում, նախորդ տարիների համեմատությամբ, ջրամատակարարման գրաֆիկն ինչ-որ չափով կարգավորվել է, սակայն դա այն նվազագույնն է, որն ընկերությունը կարող է կատարել իր խոստացած պարտավորություններից: Այսօր Երեւանում կան թաղամասեր, որտեղ ջրի ծորակը պետք է կես ժամ բաց թողնես, որ կարողանաս թանձր ժանգաջրից հետո մի բաժակ անգույն ջուր խմել: Պատահական չէ, որ օր օրի ավելանում են ֆիլտրված «մաքուր ջրեր» արտադրող ընկերությունները: Նման ընկերությունների արտադրանքներից օգտվող բաժանորդների թիվը վկայում է, որ այսօր դրա պահանջարկը կա, իսկ եթե «Երեւան ջուրն» իսկապես մատակարարեր խմելու համար քիչ թե շատ պիտանի ջուր, մարդիկ մասնավոր ընկերությունների ջրերի համար վճարվող գումարները կարող էին հիմա վճարել «Երեւան ջրի» մատակարարած ծառայությունների թանկացման համար: Իսկ այս պարագայում, երբ որակը բացարձակապես չի երեւում, ջրի թանկացման հայտը, թեկուզ գազի թանկացման ֆոնի վրա, պարզապես անընդունելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել