Վերջերս «Առավոտին» դիմած Էջմիածնի բնակիչ Գառնիկ Գեւորգյանը պատմեց, որ միայնակ թոշակառու է ու հազիվ է կարողանում ծայրը ծայրին հասցնել. «Դիմեցի «Փարոս», որ որպես միայնակ թոշակառու մի օգնություն ստանամ, բայց եկան-ստուգեցին, իմ էդ աղքատ ու դատարկ պատերի մեջ աչքներին ընկավ տելեվիզորս ու ասեցին, թե չեմ կարա «Փարոս» ստանալ»: Պարոն Գեւորգյանի խոսքերով, միակ եկամուտը թոշակն է՝ 29 000 դրամ. «Մի կերպ եմ յոլա գնում, էդ փողի միայն ստանալն եմ տեսնում, հետո ոնց ա իրար հետեւից գնում՝ չեմ էլ հասցնում հաշվել, չի հերիքում»: Պարոն Գեւորգյանը նաեւ պատմեց, որ թեեւ որդիներ ունի, բայց նրանք ոչնչով չեն կարողանում իրեն օգնել. «Իրանք էլ ասում են՝ պապա ջան, դու քո երեխեքին պահեցիր, մենք էլ հիմա մեր երեխեքին պիտի պահենք, քեզ ոչ մի բանով չենք կարա օգնենք, կներես: Ես չեմ նեղանում ոչ մեկից, իրանք շատվոր են, հազիվ իրանց պահեն, իրանցից ի՞նչ ուզեմ, իմ ուզածը պետությունից ա, ես 200 000 ռուբլուց ավելի փող ունեմ բանկում դրած, հիմա էլ ասում են ավանդները տալիս են, իմ փողը թող տան, ես իմ գլուխը պահեմ»:
Պարոն Գեւորգյանը պատմեց, որ ավանդները ստանալու համար դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն, այնտեղից էլ իրեն ուղարկել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. «Քանի կար՝ ասում էին ավանդներս ստանալու համար ֆինանսների նախարարի անունով դիմում գրեմ, հետո էլ ուղարկեցին սոցապ նախարարություն, ստեղ էլ ասեցին, չէ, մենք էդ հարցերով չենք զբաղվում, ով ա գլուխ հանում դրանցից, ստեղից ընդեղ են ուղարկում, ոչ մեկը հարցիս չի պատասխանում, տո դեմքիս էլ կարգին չեն նայում, որ մի բան հարցնեմ, հիմա չգիտեմ ուր գնամ»:
«Առավոտի» հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանն ասաց, որ 2010-ի փետրվարի տվյալներով, ավանդների փոխհատուցման վճարման ցուցակներում ընդգրկվել է 28 հազար 927-րդ անձը, հիմնական սոցիալական խումբը 70 տարեկան հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ցուցակները տպագրվել են եւ մոտ օրերս կսկսեն փետրվարի վճարումները: