Ալկոհոլից կախված մարդիկ խորհուրդ են տալիս խմիչքի հիվանդությամբ չհիվանդանալ, հակառակ դեպքում կկորցնեն ընտանիք, հարազատներ ու ընկերներ:
Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» նարկոլոգիական կլինիկայի ստացիոնար բաժանմունքներում այժմ բուժում է ստանում 53 հիվանդ, նրանց մեծ մասը բուժվում է ալկոհոլից կախվածության դեմ: Կան հիվանդներ, որոնք տարին 2-3 անգամ են այստեղ հայտնվում, ոմանց հարազատներն են բերում, ոմանք էլ իրենք են գալիս:
38-ամյա Արամը 2,5 տարվա ընթացքում արդեն հասցրել է 3 անգամ այստեղ բուժում ստանալ, ամեն անգամ նա բժիշկներին խոստանում է, որ այլեւս չի խմի, սակայն չանցած 6 ամիս՝ նորից վերադառնում է: Սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն զզվել է խմիչքից. «Բայց որ չէի խմում՝ ինձ վատ էի զգում: Դրա համար էլ ինքնակամ եկա, որ բուժվեմ»: Առաջին անգամ նրան կլինիկա է բերել եղբայրը. «Մոտս հալյուցինացիաներ էին առաջացել: Եղբայրս հասկացավ՝ ինձ հետ ինչ է կատարվում եւ ինձ բերեց այստեղ: Ես արդեն զգում էի, որ կախման մեջ եմ ընկել, քանի որ սովորական մարդիկ առավոտյան արթնանում են, որպեսզի ինչ-որ բան ուտեն կամ սուրճ խմեն, իսկ ես արթնանում էի, որ օղի խմեմ: Չեմ կարող ինչ-որ պատճառ նշել, թե ինչու եմ սկսել խմել, կարծում եմ՝ որեւէ պատճառ չկար: Որ ներվայնանում էի, մտածում էի մի փոքր խմեմ՝ ներվերս կհանգստանա, բայց որ սկսում էի, արդեն շատ էի խմում ու ստաբիլ՝ ամեն օր, մինիմումը 2 կեսլիտրանոց շիշ օղի խմում էի, հաց էլ չէի ուտում, բայց որ ասեմ չունեի՝ դրա համար չէի ուտում, սուտ է, կարիքը չէի զգում, էնքան որ ստից զակուսկի էի անում կամ սոկ էի խմում, արդեն օրվա վերջում զգում էի, որ այդ օրը հաց չեմ կերել»:
Նա ամուսնացած է, ունի 10 տարեկան որդի: Ասում է՝ տղան տեղյակ է, որ ինքը բուժում է ստանում այս կլինիկայում. «Տղայիցս թաքուն չեմ պահում, քանի որ ես տենց վատ խմող չէի, որ խմեմ ընկնեմ փողոցները, մարդկանց վնաս տայի, ես խմում էի տանը, կռիվ չէի անում երբեւէ, կնոջս չէի նեղացնում, ընդհակառակը, ավելի բարիանում էի»: Որդին հորը հաճախ է այցելում, ուտելիք էլ է բերում: Իսկ կնոջն Արամը չի թողնում իր մոտ գա, քանի որ. «Այստեղ կնոջ տեղ չէ, որ գա, որ շատ եմ կարոտում, ասում եմ՝ արի: Թե չէ սա կնոջ գալու տեղ չէ»:
Արամը իր դառը փորձից ելնելով՝ խմիչքով տարված մարդկանց խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չափը չանցնել, հատկապես, երբ նոր են սկսում ալկոհոլի համն առնել. «Գիտեք, տարիքն էլ կապ ունի: Օրինակ, ես շատ ուշ եմ սկսել խմել, առիթից առիթ էի խմում, էն էլ շատ քիչ, մտքովս էլ չի անցել, որ շատ կխմեմ, կարող ա կոպիտ հնչի, բայց ասեմ, որ հիմիկվա երիտասարդների պես չէի, որ մեկ շիշ պիվա խմեի ու կռիվ անեի: Երիտասարդ ժամանակ շատ խմելով կարող է այնպիսի փորձանքի գան, որ անգամ չհասկանան, թե ինչ եղավ, իսկ ես, որ արդեն սկսեցի խմել, մեծ էի, գնում էի տուն, խելոք պառկում էի, հեռուստացույց էի նայում կամ տնային գործեր անում: Բայց ամենակարեւոր պայմանն էն է, որ պետք է զբաղմունք ունենան, որ քիչ օգտագործեն խմիչք, աշխատանք ունենան: Պարապ մնալն ամենից առաջինն է ազդում խմիչքից կախվածություն ունենալու հարցում»:
Արամը 10 օրից դուրս է գրվելու կլինիկայից եւ զբաղվելու է իր հիմնական աշխատանքով՝ առեւտրով:
Իսկ 33-ամյա Վիգենն այս կլինիկայում առաջին անգամ է: Երբ մենք այցելել էինք կլինիկա, նրա դուրսգրման նախորդ օրն էր: Վիգենը, խմիչքից բացի, կախվածություն է ունեցել նաեւ թմրադեղից՝ հաշիշից: Վիգենի պատմելով, մեր երիտասարդների 30%-ը ալկոհոլից կախված է, եւ դա անում է առանց գիտակցելու. «Այսինքն՝ ալկոհոլիստները չեն ընդունում, որ իրենք հիվանդ են: Այս հիվանդությունն ունի իրեն բնորոշ հատկությունները, օրինակ, այն, որ եթե խմում են՝ ցանկություն չի առաջանում հաց ուտելու, կամ պետք է խմեն այնքան, որ անջատվեն, սակայն համոզված են, որ հաջորդ օրը կարող են չխմել, բայց հաջորդ օրը նորից նույնը կրկնվում էր: Օգտագործման չափն անցնելը զգում են տղամարդկանց 70%-ից ավելին, բայց նրանք մտածում են, որ գրիպի պես վիրուս է իրենց մոտ, կբուժվեն, ինչպես զգում են, որ ունեն ատամների պրոբլեմ, սակայն չեն զբաղվում բուժմամբ՝ ելնելով մեծ մասամբ սոցիալական վիճակից, իսկ այս պայմաններից մարդիկ տեղյակ չեն, որ այստեղ բուժումն անվճար է, չգիտեն նաեւ, որ այստեղ կոմպլեքս բուժում են անում: Հակառակ դրան, խմիչք գնելու համար մեկ մեծ հացի գումար է պետք, դրանով մի ամբողջ շիշ օղի կարող են գնել»:
Նրա՝ ալկոհոլով տարվելը տեւել է 3 ամիս. «Հաշիվ չկար, ոչ էլ հաշվարկ, քանի որ միայն տանը չէի խմում, այլեւ դրսում: Շատ ժամանակ ընկերներս էին տուն բերում, ես էի գալիս, մեքենայով վթարների էլ եմ ենթարկվել, մի քանի անգամ ոստիկանները բռնել են, շատ ժամանակ էլ չեմ հիշում, թե ինչպես եմ հասել, սակայն կինս, ինչպես մնացած բոլոր հայ կանայք, այդ պրոբլեմի հետ իրավունք չուներ գործ ունենալ: Այստեղ լինելով՝ ես ծանոթացա շատերի հետ, որոնց ճակատագրերը գրեթե նույնն են. խմեցի՝ կինս գնաց, երեխաներս գնացին, սակայն իմ դեպքում, փառք Աստծո, նման բան չեղավ, անգամ կինս ինձ հաճախակի այցելում է այստեղ»: Վիգենը մեկ աղջիկ եւ մեկ տղա ունի. «Ինչպես բոլոր երեխաները, նրանք էլ շատ ծանր են տանում ծնողի այդ հիվանդությունը: Եվ ցավալին այն է, որ մեզ նման մարդիկ ոչ մի խորհուրդ չեն ընդունում»:
Այստեղ բուժվողները դուրս գրվելուց հետո կլինիկայի դիսպանսերային բաժանմունքի կողմից հսկողության տակ են մնում դեռ 3-5 տարի: Ալկոհոլիկները՝ 3, իսկ թմրամոլները՝ 5, եթե անհրաժեշտություն է առաջանում, նաեւ ամբուլատոր բուժում են ստանում: Այս մասին մեզ տեղեկացրեց նարկոլոգիական կլինիկայի առաջին ստացիոնար բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանը: Նրա խոսքերով, դիսպանսերային բաժանմունքում բուժում են ստանում նաեւ այն հիվանդները, որոնք հրաժարվում են ստացիոնար բուժումից, եւ եթե նրանց վիճակը թույլ է տալիս, այսինքն՝ ծանր չէ. «Մեզ մոտ գոյություն ունի նաեւ անանուն բուժում, որն արդեն վճարովի է, մնացած բուժումներն անվճար են, ստացիոնարում՝ 55 600 դրամ, ամբուլատոր բուժումը՝ 35 հազար դրամ: Ստացիոնարում հիվանդը բուժվում է 24 օր»: Ինչ վերաբերում է հսկողության տակ լինելուն, ապա պարոն Խաչատրյանը նշեց, որ, իհարկե, իրենք չեն կարող որեւէ մեկին ստիպել, որ անպայման ներկայանա կլինիկա, սակայն շեշտեց. «Իրենց համար ավելի լավ կլինի, որ լինեն տեսադաշտում»: