Երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների սակագների վերանայման հարցերը: Հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ:
Ըստ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ սակագների բարձրացման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան բնական գազի ներմուծման սակագների բարձրացմամբ, ինչպես նաեւ ազգային արժույթի փոխարժեքի տատանմամբ: Հանձնաժողովի որոշմամբ՝ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ համար երկրի էներգահամակարգ էլեկտրաէներգիայի բացթողնման սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 1 կՎտ/ժ դիմաց մինչեւ 4,604 դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ նախորդ 4,413 դրամի փոխարեն, «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ համար էլեկտրաէներգիայի բացթողնման եւ արտահանման սակագինը կբարձրանա 1 կՎտ/ժ դիմաց մինչեւ 30,925 դրամ՝ ներկայիս 26,222 դրամի փոխարեն, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ՓԲԸ համար էլեկտրաէներգիայի բացթողնման եւ արտահանման սակագինը կբարձրանա մինչեւ 32,594 դրամ՝ ներկայիս 27,0492 դրամի փոխարեն, «Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ համար էլեկտրաէներգիայի բացթողնման սակագինը կբարձրանա մինչեւ 1,144 դրամ՝ ներկայիս 0,180 դրամի փոխարեն, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ համար էլեկտրաէներգիայի բացթողնման սակագինը կկազմի 1,174 դրամ՝ ներկայիս 1,164 դրամի դիմաց, «Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծեր» ՓԲԸ համար երկրի էներգահամակարգ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ դրա արտահանման սակագինը կավելանա 1 կՎտ/ժ դիմաց մինչեւ 0,852 դրամ՝ գործող 0,432 դրամի դիմաց:
Հանձնաժողովից մեկ անգամ եւս ճշտել են, որ սպառողներին մատակարարվող էլեկտրական էներգիայի վերջնական սակագները մնացել են անփոփոխ: