Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ ԲԱՑՎԵԼ Է

Մարտ 02,2010 00:00

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լարված հարաբերությունների արդյունքում 2006 թ. հուլիսից Ռուսաստանի նախաձեռնությամբ փակվեց Վերին Լարս կոչվող անցակետը: Ճիշտ է, պաշտոնապես ասվում էր, թե իբր անցակետը վերանորոգվում է, սակայն ակնհայտ էր, որ պատճառը քաղաքական էր: Այս անցակետից առավելապես օգտվում էր հայկական կողմը, եւ դրա փակումն ուղղակիորեն անդրադարձավ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների վրա: Վերին Լարսի փոխարեն հայաստանյան բեռները երկիր էին հասնում Նովոռոսիյսկ- Փոթի երթուղով, ինչը, բնականաբար, ավելի ծախսատար էր: Գրեթե քառամյա դադարից հետո երեկ վերաբացվեց Վերին Լարս անցակետը: Ըստ նախատեսված գրաֆիկի՝ մարտ-նոյեմբեր ամիսներին անցակետը կգործի ժամը 6-22-ը, իսկ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում` 7-19-ը: Այս անցակետից կկարողանան օգտվել առայժմ միայն ավտոտրանսպորտային միջոցները: Հետիոտների համար սահմանակետն անցնելու պարզեցված ռեժիմ նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ անցակետը բացելու վերաբերյալ այս չորս տարիների ընթացքում տարբեր մակարդակներում բազմաթիվ քննարկումներ են եղել եւ հայ-վրացական, եւ հայ-ռուսական, եւ ռուս-վրացական, եւ եռակողմ ձեւաչափերով: Վերջին անգամ այդ հարցը քննարկվել եւ անցակետը բացելու շուրջ պայմանավորվածությունը ռուս եւ վրացի փորձագետների միջեւ ձեռք է բերվել Երեւանում եւ Կազբեկում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, որոնց մասնակցել են նաեւ Շվեյցարիայի ներկայացուցիչները: Երկու երկրների ԱԳՆ-ները պայմանավորվածությունը հաստատել են համապատասխան նոտաներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել