Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող էինք ունենալ ծաղկած գյուղատնտեսություն»

Մարտ 02,2010 00:00

Ըստ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի՝ հողի սեփականաշնորհումից հետո գյուղերում ոչ մի բարեփոխում չի իրականացվել, մինչդեռ գյուղի զարգացման նպատակով 51 ծրագիր է մշակվել: «Եթե այդ 51 ծրագրերի գումարն ունենայինք ներդրված գյուղերում, հավատացեք, Հայաստանը այս ռեգիոնում ամենածաղկած գյուղատնտեսական երկիրը կլիներ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պարոն Բերբերյանը: Նա ասաց, որ իր առաջարկած ՀՀ գյուղատնտեսության զարգացման ծրագիրը նպատակ ունի բնագավառում մասնավոր հատված կազմակերպել եւ բարեփոխումների զարգացման ընթացքը ապահովել, ինչպես նաեւ ապահովել գյուղացիական կազմակերպությունների միջոցով գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների՝ տեխնիկական եւ տեխնոլոգիական, ջրապահովման, իրացման եւ իրավական ու սոցիալական հնարավորությունների ընդլայնումը:
Պարոն Բերբերյանն ասաց նաեւ, որ ծրագրի գաղափարը արժանացել է երկրի նախագահի հավանությանը եւ օրերս քննարկվել է Հանրային խորհրդում: Ագրարագյուղացիական միության նախագահի կարծիքով, ոլորտի զարգացման հարցում խնդիրներ է առաջացնում նաեւ «Գյուղմթերք արտադրողի մասին» օրենքը. «Այս օրենքը բացակայում է, մենք երկու- երեք անգամ դիմել ենք ԱԺ, օրենքի նախագիծ ենք ուղարկել, ցավոք, այդ նախագիծը ԱԺ-ի դարակներում քնած է»: Պարոն Բերբերյանն ընդգծեց, որ ծրագրով նախատեսվում է ֆերմերների ազգային պալատ ձեւավորել, որը կլինի կառավարության գործընկերը. «Այն ծրագրերը, որոնք կառավարությունն անում էր համայնքային կառույցներով, կկատարվեն հենց ֆերմերային կազմակերպություններով եւ գումարները կուղղվեն հենց գյուղացուն. սա հակակոռուպցիոն ծրագիր է»:
Անդրադառնալով Հայաստանում ոչխարների թվաքանակի նվազմանը՝ պարոն Բերբերյանն ասաց, որ չկա հստակ հաշվառման մատենագրման համակարգ եւ խորհուրդ տվեց չանդրադառնալ. «Դուք ստիպում եք, որ խոսեմ. շուկայից երեւում է գլխաքանակի անկումը, կավելանա՞ գլխաքանակը գարնանը, ուրեմն գինը կիջնի, չի ավելանա, ուրեմն գինը կմնա անփոփոխ, իմ հաշվարկներով գնի տատանումը կկազմի 10%»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել