Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՍԿՍԵՑ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

Մարտ 02,2010 00:00

Եվ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար նա ակնկալում է ՀՀ քաղաքացիների աջակցությունը

«Մարտի 1»-ից երկու տարի անց
\"\"Երեկ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք 2008թ. մարտի   1-ի զոհերի հիշատակին: Հանրահավաքի առաջին ելույթն էլ վերապահված էր 10 զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մորը՝ Ալլա Հովհաննիսյանին: Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ այդ օրը իրենց որդիները հայ ժողովրդի մի ստվար հատվածի հետ միասին դուրս էին եկել փողոց՝ նախագահական ընտրություններում տրված իրենց ձայներին տեր կանգնելու, ազատ եւ ժողովրդավարական երկիր ստեղծելու համար: «Եվ համոզված եմ, որ կկատարվեր մեր բոլորի երազանքը, եթե այս հանցավոր իշխանություններն իրենց ունեցվածքն ու պաշտոնները փրկելու համար առանց խղճի խայթի, առանց պատասխանատվության զգացումի քաղաքի կենտրոնում չգնդակահարեին մեր երեխաներին, չթափեին նրանց արյունը՝ գարնան առաջին օրը, այդ հրաշալի օրը մեզ համար մեկընդմիշտ դարձնելով սեւ օր: Երկու տարի է անցել այդ սեւ օրից, բայց լացն ու ողբը մեր տներում չի պակասել: Այս անիրավ իշխանություններին ոչ ոք իրավունք չէր տվել սպանել մեր զավակներին, քանդել մեր տները, զրկել մեզ մեր զավակներից: Նրանք անզեն ցուցարարներին դիմահար կրակոցով սպանեցին, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն եւ պահեն իրենց իշխանությունը»,- ասաց զոհվածի մայրը: Նա հիշեցրեց, որ 20 տարի առաջ «թշնամին հայերի ջարդ կազմակերպեց Սումգայիթում, իսկ 20 տարի անց մեր իշխանությունները Երեւանի կենտրոնում ջարդեցին մեր երեխաներին: Անցել է երկու տարի, բայց ծածկադմփոցից բացի՝ ոչինչ չի արվել այդ սպանությունները բացահայտելու համար»: Ա. Հովհաննիսյանը, այսուհանդերձ, հայտարարեց, թե իրենք չեն հուսահատվում, որովհետեւ իրենց թիկունքին ժողովուրդն է կանգնած: «Մենք պետք է պայքարենք այնքան, մինչեւ ամենացածր օղակից մինչեւ ամենաբարձր օղակում եղած մարդասպանն ու հրաման արձակողը կանգնի արդարադատության առաջ: «Մարտի 1»-ի էջը չի փակվել եւ չի փակվելու: Մենք՝ զոհերի հարազատներս, պայքարելու ենք մինչեւ վերջ՝ մինչեւ մեր անմեղ որդիների հերոսանալը, մինչեւ նրանց երազանքների իրականացումը: Այսօր մենք պատրաստ ենք հաղթել, որպեսզի մեր զավակների թափած արյունը զուր չլինի»,- հայտարարեց տիկին Ալլան ու կոչ արեց չմոռանալ «Մարտի 1»-ի 10 զոհերին՝ Գոռ Քլոյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Դավիթ Պետրոսյան, Գրիգոր Գեւորգյան, Զաքար Հովհաննիսյան, Սամվել Հարությունյան, Հովհաննես \"\"Հովհաննիսյան, Արմեն Ֆարմանյան, Համլետ Թադեւոսյան:
Երեկվա հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Կոնգրեսը «Մարտի 1»-ի զոհերի հիշատակի հուշարձանի պատրաստման մրցույթ է հայտարարել, ու բոլոր նրանք, ովքեր կունենան առաջարկություններ, կարող են դիմել Կոնգրեսի մշակույթի հանձնաժողովին:
Գազի գինը չպետք է թանկանա
Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նա սուր քննադատության ենթարկեց գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը՝ այն որակելով որպես բնակչության բոլոր խավերի, մասնավորապես նաեւ՝ փոքր ու միջին բիզնեսի, բյուջետային աշխատողների եւ գյուղացիների դեմ ծավալած խաչակրաց արշավանք, հարկային տեռոր: Նրա ձեւակերպմամբ, տնտեսական ճգնաժամի պայմաններում սեփական ժողովրդին օգնելու, պաշտպանելու փոխարեն իշխանությունները որոշել են էլ ավելի հարստանալ ժողովրդի հաշվին, նրան ստրկացնել ու պատժել այն բանի համար, որ ժողովուրդը չի ընտրել այս իշխանություններին, որ շատերը դեռ փորձում են պայքարել իրենց իրավունքների ու ազատությունների համար: Վ. Խաչատրյանի ասելով, կառավարության տնտեսական քաղաքականության հարձակումներից զերծ մնացած միակ խավն այսօր հենց օլիգարխիան է, որը, ի տարբերություն շարքային քաղաքացիների, ոչ միայն ոչինչ չկորցրեց, այլեւ մեծացրեց իր կապիտալն ու մենաշնորհներն ավելի ընդգրկուն դարձրեց: «Հիմա արդեն պարզ է, որ իշխանությունը միայն գազի սակագնի բարձրացումով չի սահմանափակվելու: Արդեն հայտարարվել է ջրի սակագնի բարձրացման մասին, ընդ որում, երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում եւ Արմավիրում, կրկնակի: Նախատեսվում է բարձրացնել նաեւ Երեւանին մատակարարվող ջրի սակագինը՝ մինչեւ 18 տոկոս: Այլեւս տեղ չկա, հասկանո՞ւմ եք: Այս պրոցեսը, գործող համակարգի, ռեժիմի դեպքում, վերջ չունի: Մեր հասարակության աղքատացման համար ոչ ոք չի ուզում ներողություն խնդրել՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ պատգամավորները, որոնք ընտրությունների ժամանակ ժողովրդից քվեն ողորմություն էին խնդրում: Նա գիտի, որ բյուջեում փող չկա, չի կարող օլիգարխներին ճնշել, եւ հերթական հարձակումն է կատարում շարքային քաղաքացիների, մանր ու միջին բիզնեսի, ոսկու շուկայի աշխատողների, տաքսու վարորդների, բյուջետային աշխատողների վրա, որոնք այսօր շատ թե քիչ կարողանում են գոյատեւել: Ճգնաժամն ազդել է ավելի շատ մեր, քան խոշոր բիզնեսի վրա: Որեւէ այլ տրամաբանություն, քան սեփական ժողովրդին ճնշելը, նվաստացնելն ու հարստահարելը՝ չկա: Մենք ոտքի պետք է կանգնենք, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա պայքարի մարտիկ եւ պայքարի իր իրավունքների համար ամեն տեղ եւ ամեն վայրկյան: Մենք պետք է հասնենք նրան, որ այս իշխանությունը հեռանա»,- ասաց Վ. Խաչատրյանը:
«Մեր երկրի մեջքը կոտրողը լինելու է տգետը, եղունգի չափ խելք ունեցող հաստագլուխը». սրանք Հրանտ Մաթեւոսյանի խոսքերն են, որոնք, Արամ Մանուկյանի ասելով, այսօր արդեն իրականություն են, եւ տնտեսական ու դիվանագիտական ձախողումները, նրա ձեւակերպմամբ՝ եղունգի չափ խելք ունեցող տկարամիտների քաղաքականության արդյունքն են: Տնտեսական քաղաքականության, մասնավորապես նաեւ գազի գնի թանկացման շարժառիթների եւ հեռանկարի մասին խոսեց նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա ձեւակերպմամբ, գազի գինը ոչ թե բարձրացրել, այլ որպես լրացուցիչ հարկ դրել են ժողովրդի վրա՝ «որ մենք հարուստներին սուբսիդավորենք», որպեսզի նրանք կարողանան 25 հազար ֆունտ ստերլինգով գնալ համերգ: Հ. Բագրատյանը հակադարձելով իշխանությունների հայտարարություններին, թե Ռուսաստանն է բարձրացրել գազի գինը, հիշեցրեց, որ Ռուսաստանը բարձրացրեց գազի գինը 26 դոլարով, մինչդեռ հայկական կողմը՝ 103 դոլարով: «Սա միանշանակ իշխանությունների կողմից ժողովրդին հարստահարելու մի ձեւ է: «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաժնետերը պետությունն է, այսինքն՝ ժողովուրդը քաղաքական դեպրեսիվ ապարատ է դարձել իշխանությունների ձեռքին»,- արձանագրեց Բագրատյանն ու հավելեց, որ սովորական բաժանորդների համար գազի գինը ավելի բարձր է, քան խոշոր սպառողների համար, որոնք հենց իրենք են՝ իշխանությունները: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Կոնգրեսը նախաձեռնել է մեծածավալ ակցիա, որին կարող են միանալ նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիները: ՀԱԿ-ի հայտարարության համաձայն, ապրիլի 1-ից գազի գների աննախադեպ ու անհիմն բարձրացումը բնակչությանը դնում է անելանելի վիճակի մեջ: «Ակնհայտ է, որ այդ էներգակրի թանկացումը իր հետ բերելու է նաեւ տասնյակ այլ ծառայությունների ու ապրանքների գների բարձրացման: Դա կարող է վերջին կաթիլը լինել՝ բնակչությանը մատնելու վերջնական սնանկացման, իսկ Հայաստանի տնտեսական անկումը վերածել անկասելի փլուզման»,- փաստել է Կոնգրեսը՝ հայտարարելով, որ դրամի փոխարժեքի փոփոխությունը նկատի ունենալով՝ վերջին հինգ տարիներին մատակարար կազմակերպությունը՝ «ՀայՌուսգազարդը», գազը ստացել եւ ստանում է անփոփոխ 60 հազար դրամ մեծածախ գնով, ուստիեւ այդ ընթացքում գազի մանրածախ գնի մի քանի անգամ բարձրացումը ոչ մի հիմնավորում չունի եւ ուղղված է միայն բնակչությանը կողոպտելու գնով մենաշնորհային գերշահույթների ապահովմանը: «Գազի գնի բարձրացման իրական հեղինակը ոչ թե «ՀայՌուսգազարդն» է, այլ ՀՀ կառավարությունը՝ «ՀայՌուսգազարդի» խոշորագույն բաժնետերերից մեկը»,- արձանագրել է Կոնգրեսը ու հավելել, որ տնտեսական եւ տրամաբանական ոչ մի հիմնավորում չունի բնակչությանը եւ խոշոր սպառողներին տրվող գազի մանրածախ գների տարբերակումը հօգուտ օլիգարխների:
ՀԱԿ-ը «հրատապ անհրաժեշտություն» է համարում «ստուգել «ՀայՌուսգազարդի» իրականացրած ծախսերի հիմնավորվածությունը, մասնավորապես՝ ղեկավար անձնակազմի աշխատավարձերի մեծությունը, ներկայացուցչական ծախսերը, կորուստների իրական տոկոսները, գնումները, ֆինանսական միջոցների տնօրինումը»: «Գազի գինը չպետք է բարձրանա»,- ասաց Ա. Մանուկյանը եւ տեղեկացրեց, որ Կոնգրեսը համապատասխան հայցով դիմելու է դատարան՝ վիճարկելու այդ որոշման իրավական եւ տնտեսական հիմքերը, նաեւ համապատասխան միջնորդություն է ներկայացնելու գազի գների բարձրացման որոշման կատարումը կասեցնելու՝ մինչեւ հարցի քննության ավարտը: Նա կոչ արեց նաեւ ՀՀ քաղաքացիներին այս հարցում հաղթանակ ապահովելու համար միանալ Կոնգրեսի նախաձեռնությանը եւ հանդես գալ որպես համահայցվորներ: Դրա համար ՀԱԿ-ը նաեւ ստորագրահավաք է նախաձեռնել:
Մեկ այլ հայտարարությամբ անդրադարձավ նաեւ վերջերս ռուսական «Վերսի» եւ «Վեկ» էլեկտրոնային պարբերականների հրապարակումներին, որոնցում ներկայացրել են ՀՀ նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին ընդարձակ հրապարակումներ՝ համապատասխան ցանկերով։ «Ըստ հիշյալ պարբերականների, այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ դոլարի կարողություն կուտակել են միմիայն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քանզի բիզնեսի հետ երբեւէ պաշտոնապես կապ չեն ունեցել։ Ավելին՝ որպես հարստության կուտակման աղբյուր նշվում են նաեւ ավելի ծանր հանցանք ենթադրող գործողություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, թրաֆիքինգը, փողերի լվացումը, միջազգային ահաբեկչության հետ կապը եւ այլն։ Վերջին հաշվով, հենց այդ ցանկերի տակ պետք է փնտրել նաեւ մարտիմեկյան սպանդի իրական դրդապատճառները, Հայաստանի պետականության քայքայմանն ու Լեռնային Ղարաբաղի գոյությանն սպառնացող առարկայացած վտանգները, Ցեղասպանության՝ արդեն իրականացված խայտառակ ուրացումը»,- հայտարարել է Կոնգրեսը՝ համարելով, որ այդ հրապարակումները իրավական իմաստով հաղորդագրություններ են՝ կատարված ծանրագույն հանցագործությունների մասին, սկսած պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչեւ միջազգային ահաբեկչության օժանդակություն, որոնք չեն արժանացել ՀՀ իրավապահ մարմինների արձագանքին, եւ առաջարկել է «Փաստահավաք խմբի օրինակով ստեղծել Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության հավասար ներկայացուցչությամբ հանձնաժողով, որը կուսումնասիրի սույն հրապարակումներում ներկայացված փաստերը»։ Հիշեցնենք, որ այդ անունների ցանկում նշվում են ՀՀ նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ այլ պետական պաշտոնյաների անուններն ու նրանց կուտակած կարողությունները:
Կոնգրեսը համալրվեց
«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որը ձեւավորվել էր «Ժառանգություն» կուսակցության տրոհումից հետո, վաղուց էր հայտարարել ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին: Բայց երեկ, հենց Մատենադարանի հարթակում, պաշտոնապես տեղի ունեցավ այդ նախաձեռնության՝ ՀԱԿ-ին անդամագրվելու արարողությունը: Կազմակերպության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ունենալով նախաձեռնության հավանությունը, ստորագրեց մոտ երկու տարի առաջ Կոնգրեսի ձեւավորման մասին հռչակագրի տակ եւ պաշտոնապես դարձավ Կոնգրեսին մաս կազմող կազմակերպություն:
Երեկվա հանրահավաքն էլ եզրափակվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով, որը կարող եք կարդալ «Առավոտի» 9-րդ էջում:
Հանրահավաքին հաջորդեց երթը դեպի Մյասնիկյանի արձան: Այստեղ դրա մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին: Երթն ավարտվեց առանց միջադեպերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել