Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ը ՍԿԻԶԲ ԷՐ

Մարտ 02,2010 00:00

\"\"Կարծում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը, իսկ Կոմկուսը դեմ է, որ Մյասնիկյանի արձանի շրջակայքը վերածվի գերեզմանոցի:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, հետընտրական զարգացումների շրջանում՝ 2008թ. մարտի 1-ին, 2 տարի առաջ, մեր երկրի մայրաքաղաքում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ՝ Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Արմեն Ֆարմանյան, Դավիթ Պետրոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան։ Ըստ պաշտոնական տվյալների՝ վիրավորվեց մի քանի հարյուր մարդ։ Մարտի 1-ին հաջորդեցին ընդդիմության բազում ակտիվիստների ձերբակալումներ։ Ունեցանք շուրջ 200 քաղբանտարկյալ, որոնց թիվը, ըստ Հայ ազգային կոնգրեսի, ներկայումս 14-ն է։ Ըստ իշխանական եւ արտաիշխանական տեսակետների՝ այդ իրադարձությունների զոհ դարձավ Հայաստան պետությունը եւ Հայաստանի ողջ բնակչությունը: Այդ իրադարձությունների համար իշխանությունները մեղադրեցին ընդդիմությանը, ընդդիմադիրները՝ իշխանությանը, բայց մարտի 1-ի խարանը դրոշմվեց բոլորիս ճակատին: Իսկ թե երկու տարի անց այդ օրն ինչո՞վ զբաղվեցին երկրիս քաղաքական այրերը, ինչպե՞ս ամրապնդեցին իշխանությունների դիրքերը կամ հակառակը՝ ներկայացնում ենք մեր հարցախույզը: «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ով այդ դեպքերի միակ մեղավորը համարում է առաջին նախագահին՝ իր թիմով, ասաց, որ՝ գործով են զբաղվել: Մասնավորաբար, այդ առիթով հոդված է գրել թերթերից մեկի համար: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ, բացի նրանից, որ հարցազրույցներ է տվել այդ թեմայով, կիսել է այն մարդկանց վրդովմունքը, ովքեր իր մատուցմամբ՝ «հակաիշխանական չէին», այն առիթով, որ երեկ դեպի Երեւան եկող ճանապարհները փակ էին՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի պատրվակով: ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ ողջ օրն անհասանելի էր: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւս օրվա առիթով ոչ մի միջոցառում չի իրականացրել ու դրա համար իր պատճառներն ունի. «ՀԿԿ-ն դեմ է, որ Մյասնիկյանի արձանի շրջակայքը վերածվի գերեզմանոցի, եւ ամեն անգամ այդ վայրը հիշեն՝ բացառապես սգո ծաղիկներ դնելու համար, այն պարագայում, երբ Մյասնիկյանը եղել է Հայաստանը փրկող անձնավորություններից»: Բայց կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հավաստիացնում է, որ իր ղեկավարած կուսակցությունը շարունակում է մնալ այդ իրադարձությունների ամենադաժան քննադատը՝ հատկապես, որ մինչ օրս այդ երեւույթները ոչ միայն բացահայտված չեն, այլեւ «շարունակում են թաքցնել ու սվաղել: Դա ամենաարատավոր բանն էր, որ եղավ հայ ժողովրդի հետ: Այդ ամենը թաքցնել կեղծ ժողովրդավարության անվան տակ՝ անհարիր է որեւէ երկրի համար, իսկ եվրախորհուրդները հերթական ծամածռությունն են անում: Միեւնույն է՝ այդ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ հեղինակները կանգնելու են ժողովրդի դատաստանի առջեւ»:
«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանն էլ «Առավոտի» հեր զրույցում նկատեց. «Մարտի 1-ը խորհրդանշեց մեր պատրանքների փլուզումը, մի շրջանի ավարտը: Ապացուցեց, որ 20 տարի առաջ մենք, ըստ երեւույթին, զարգացման սխալ ճանապարհ ենք ընտրել, որովհետեւ այդ ճանապարհը հիմնված է սոցիալական բեւեռացման, անարդարության եւ տնտեսական այն մոդելների վրա, որոնք բերեցին նախ՝ հոգեբարոյական, ապա՝ տնտեսական ճգնաժամի»: Ըստ նրա, մարտի 1-ը նաեւ քաղաքացիական պատերազմի իրավիճակ էր, եւ այն ոչ թե ինչ-որ բանի ավարտն էր, այլ սկիզբը: Սկիզբը՝ քաղաքացիական անհնազանդության եւ դիմադրության. «Հիմա մենք ականատեսն ենք լինում Հայաստանի երրորդ հանրապետության վախճանին, քանի որ այն չկարողացավ իրականացնել մեր այն երազանքները, որի համար այն ստեղծում էինք: Մեծ դժվարություններով, բայց ձեւավորվում է նոր գաղափար, նոր գաղափարախոսություն՝ հայակենտրոն: Դա միակ երաշխիքն է, որ մենք երրորդ հազարամյակ կմտնենք՝ որպես ազգ, որպես մշակույթ եւ որպես պետություն»: Ինչո՞ւ «Սարդարապատի» անդամները կազմակերպված չմասնակցեցին ՀԱԿ-ի հանրահավաքին՝ հարցին էլ պատասխանեց, որ իրենց շարքերում ոչ բոլորն են ՀԱԿ-ի անդամներ, ուստի իրենց պարտքն են համարել Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելով հարգել այդ իրադարձությունների զոհերի հիշատակը: «Օրինակ, իմ գործընկեր Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ մենք ոչ ոքի դեմ չենք, բայց, ըստ իս, Կոնգրեսն ունի շատ խորը խնդիրներ: Այսօր դրանք վերլուծելու օրը չէ. այսօր սգո օր է, բայց նաեւ մի օր է, որն ուշ թե շուտ՝ դառնալու է Հայաստանի քաղաքացու օր, որովհետեւ այդ օրը մենք ապացուցեցինք մեր քաղաքացիական հասունությունը»,- կարծիք հայտնեց Տիգրան Խզմալյանը՝ ի պատասխան հարցին՝ ՀԱԿ-ի հետ հույսեր չե՞ք կապում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել