Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 27,2010 00:00

\"a\"

Գլուխ քսաներորդ

ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Եվ Դիման մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «որ բանաստեղծությունը թարգմանել հնարավոր չի, բա Շեստինսկին ո՞նց ա քեզ թարգմանում», եւ ես ժպտալով ասացի՝ «ոնց ուզում՝ թարգմանում ա», եւ Կլիմը հարցրեց՝ «լավ ա՞ թարգմանում», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «չեմ հասկացել», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չես հասկացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իրա էդ թարգմանածները», եւ Կլիմն ավելի զարմացած հարցրեց՝ «էդ բանաստեղծությունները դու չե՞ս գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես եմ գրել», եւ Կլիմը հարցրեց՝ «քո գրածները չես հասկանո՞ւմ», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ գրածները ռուսերեն թարգմանած չեմ հասկանում», եւ Կլիմը հարցրեց՝ «բա Պուշկինի բանաստեղծությունները ո՞նց ես հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «Պուշկինինն էլ եմ հասկանում, Պաստեռնակինն էլ», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «Պաստեռնա՞կն ինչ կապ ունի», եւ ես ասացի՝ «էրկուսի բանաստեղծություններն էլ հասկանում ու սիրում եմ», եւ Կլիմը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «շատ հետաքրքիր մարդ ես», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ եմ հետաքրքիր», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ո՞նց կարելի ա համ Պուշկին սիրել, համ՝ Պաստեռնակ», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չի կարելի», եւ Դիման Կլիմի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Պուշկինն ու Պաստեռնակը լեզվական ու էսթետիկական տարբեր համակարգեր են», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ համակարգերից գաղափար չունեմ», եւ Անդրյուշան Դիմային ասաց՝ «էդ համակարգերի տարբերությունը բացատրեք՝ մենք էլ հասկանանք», եւ Կլիմը քամահրանքով Անդրյուշային ասաց՝ «Ակոպիչին կարանք բացատրենք, բայց քեզ դժվար թե կարենանք», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «էդքան անհասկացող ե՞մ», եւ Դիման Անդրյուշային ասաց՝ «դու պիտի առանց մեր բացատրելու հասկանայիր», եւ ես ժպտալով Դիմային հարցրի՝ «այսինքն, ես ե՞մ անհասկացող», եւ Դիման ներողամտորեն նայեց ինձ ու ասաց՝ «դու ռուս չես», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով հարցրի՝ «որ ռուս չեմ, ուրեմն անհասկացո՞ղ եմ», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ համակարգերի տարբերությունը մենակ ռուս մարդը կարա ինքնուրույն հասկանա», եւ Կլիմը ներողամտորեն ինձ ժպտալով ավելացրեց՝ «որոշ նրբություններ կան», եւ ես ասացի՝ «ես էլ եմ հասկանում, որ Պուշկինը շատ մեծ պոետ ա», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա, որ շատ մեծ ա, բայց կարեւորն էդ չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «կարեւորը համակարգերն են», եւ Կլիմը թարս նայեց Անդրյուշային ու քամահրանքով ասաց՝ «մեկ էլ՝ Սանյայի պատմվածքը», եւ Դիման ժպտալով ավելացրեց՝ «մեկ էլ՝ Սոկոլովի կարծիքը», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «Ռոդիոնովին հանգիստ թողեք», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «Սոկոլովին էլ հանգիստ կթողենք, մենակ թե՝ էդքան մի հուզվի», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «տենում եմ՝ ով ա հուզվում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էս արաղը չեմ բերել, որ էսթետիկական համակարգեր քննարկենք», եւ Կլիմը հարցրեց՝ «բա ի՞նչ քննարկենք», եւ ես ժպտալով ասացի՝ «բան էիր ասում՝ կիսատ մնաց», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ Անդրյուշան հեգնանքով ասաց՝ «էսթետիկական համակարգերն էիր բացատրում», եւ Կլիմն Անդրյուշային թարս նայելով ասաց՝ «քեզ ինչքան էլ բացատրենք՝ օգուտ չկա», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «Արմեն Ակոպովիչին էիք բացատրում», եւ Կլիմը նեղսրտելով ասաց՝ «թողում ե՞ք, որ բացատրենք», եւ ես նորից Կլիմին ասացի՝ «բան էիր ասում՝ կիսատ մնաց», եւ Կլիմը նորից հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «կենացս էիր խմում», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «դո՛ւ պիտի հիշես», եւ Կլիմը կարմրելով ասաց՝ «արդեն մոռացա՝ ինչ էի ասում», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «ամենակարեւոր բաները մոռանում ես», եւ Կլիմը հեգնանքով ասաց՝ «ամենակարեւորը Սանյայի պատմվածքն ա», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «ամենակարեւորը համակարգերն են», եւ Դիման ժպտալով Անդրյուշային ասաց՝ «կմեծանաս՝ կհասկանաս», եւ Կլիմն արհամարհանքով ասաց՝ «վախենամ մեծանա՝ էլի չհասկանա», եւ Դիման մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ էլ կա», եւ Կլիմն ասաց՝ «մարդ կա՝ մեծանալուց հետո էլ չի հասկանում», եւ Դիման մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հույս ունեմ, որ Անդրյուշն էդ մարդկանցից չի», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «ես էլ հույս ունեմ», եւ Կլիմը հարցրեց՝ «դո՞ւ ինչ հույս ունես», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «հույս ունեմ, որ վերջապես Արմեն Ակոպովիչի կենացը կխմես», եւ Կլիմը տեղից վեր կացավ, բաժակը բարձրացրեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «այս փոքրիկ բաժակով, բայց մեծ հոգով խմում եմ քո մեծ հոգու համար», եւ Անդրյուշան Կլիմին ասաց՝ «մենակ թե՝ առանց կատակի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «միանգամայն լուրջ եմ խմում» եւ առաստաղին նայելով՝ այնուհետեւ գլուխն իջեցրեց ու խմեց, եւ Անդրյուշան ոտքի կանգնելով ու բաժակը բարձրացնելով՝ նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «ձեր կենացը, Արմեն Ակոպովիչ», եւ Կլիմն Անդրյուշային հարցրեց՝ «էդ առանց խոսքի ե՞ս խմում», եւ Անդրյուշան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «առանց խոսքի, բայց՝ շատ լուրջ» եւ գլուխը բարձրացնելով ու առաստաղին նայելով՝ այնուհետեւ գլուխն իջեցրեց ու խմեց եւ ժպտալով նորից ասաց՝ «առանց խոսքի, բայց՝ շատ լուրջ», եւ Կլիմն Անդրյուշային հարցրեց՝ «ուզում ես ասես՝ ես Ակոպիչի կենացը հանաքո՞վ եմ խմել», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արդեն ձեր հանաքն ու լուրջն իրարից չեմ տարբերում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ որ ասում են թե՝ Սանյայի պատմվածքը չեն հավանել, հանաքով են ասում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու թախծոտ ասաց՝ «երանի հանաքով ասեին», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երանի չէր՝ հանաքով ասեինք», եւ Դիման բաժակը բարձրացնելով՝ նայեց ինձ ու ասաց՝ «կենացդ, Ակոպիչ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս փոքրիկ բաժակով, մեծ սրտով ու ամենայն լրջությամբ», եւ երբ Դիման խմեց, ես ոտքի կանգնելով ու բաժակս բարձրանցելով ասացի՝ «բոլորիցդ շնորհակալ եմ» եւ ժպտալով ավելացրի՝ «նույնիսկ հանաքով խմողներից եմ շնորհակալ» եւ ժպտալով խմեցի, եւ Անդրյուշան նայեց ինձ ու ժպտալով հայերեն ասաց՝ «անուշ», եւ ես զարմացած հարցրի՝ «էդ բառը որտեղի՞ց գիտես», եւ Անդրյուշան կարմրելով ասաց՝ «հայերեն մի քանի բառ գիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Վանուշի ծնունդին բոլորը խմելուց հետո իրար անուշ էին ասում», եւ ես ժպտալով Անդրյուշային ասացի՝ «ամենակարեւոր հայերեն բառը գիտես», եւ Կլիմը ծիծաղելով Անդրյուշային հարցրեց՝ «կարող ա՞ Սանյայի էդ պատմվածքը հայերեն ես կարդացել», եւ Դիման ծիծաղելով ավելացրեց՝ «հայերեն ա կարդացել, դրա համար էլ հավանել ա», եւ Անդրյուշան նեղացած ասաց՝ «արդեն լրիվ եք անլրջանում», եւ ես Անդրյուշային հարցրի՝ «գիտե՞ս՝ էդ բառն ինչ ա նշանակում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Վանուշի ծնունդին ձերոնք ամեն խմելուց հետո իրար էդ բառն էին ասում», եւ Կլիմն ինձ հարցրեց՝ «էդ բառն ի՞նչ ա նշանակում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ կարա ասեմ», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «խի՞ չես կարա ասես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ բառը հնարավոր չի ռուսերեն թարգմանել», եւ Կլիմը հարցրեց՝ «մոտավորապես էլ չես կարա՞ իմաստն ասես», եւ ես մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «մոտավորապես էլ հնարավոր չի», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «էդ բառը Պուշկինի բանաստեղծության պես ա. հնարավոր չի թարգմանել», եւ Անդրյուշան ասաց՝ «ռուսերենում էլ բաներ կան, որ հնարավոր չի ուրիշ լեզուներով թարգմանել», եւ Կլիմն ինձ հարցրեց՝ «ռուսերեն բան կա՞, որ հնարավոր չըլնի հայերեն թարգմանել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հաստատ կըլնի», եւ Կլիմը հարցրեց՝ «օրինակ», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «օրինակ՝ խրեն ստաբոյ», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «երեւի ձեր մոտ խրեն չի աճում, դրա համար էլ չեք կարում թարգմանեք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «երեւի», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ Պուշկին չեք կարում թարգմանեք», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «Եսենին վաբշե չեն կարա թարգմանեն» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մենակ Պաստեռնակ կարան թարգմանեն», եւ Դիման մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «Պաստեռնակի ի՞նչը պիտի թարգմանեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Պաստեռնակն էս գլխից թարգմանած ա գրում», եւ ես ժպտալով Անդրյուշային ասացի՝ «էս մարդիկ Պաստեռնակին որ չեն հավանում, Սանյային ո՞նց կհավանեն», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու անսպասելի ասաց՝ «Պաստեռնակին իրավունք ունեն չհավանեն» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «Պաստեռնակն իրանց ընկերը չի», եւ Դիման Անդրյուշային ասաց՝ «գրականության մեջ ընկերությունը չի անցնում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս կյանքում գրականությունից կարեւոր բաներ էլ կան», եւ Դիման հարցրեց՝ «գրականությունից կարեւորն ի՞նչն ա, Անդրյուշ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքը», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրողի համար գրականությունը կյանքին հավասար ա», եւ Կլիմն ասաց՝ «իսկական գրողի համար», եւ Անդրյուշան նեղսրտած հարցրեց՝ «իսկական գրողն ո՞վ ա», եւ Դիման Կլիմի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «դու մեզնից լավ գիտես, Անդրյուշ դժան», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ռոդիոնովն ամենաիսկական գրողն ա», եւ Կլիմը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ուրիշ տեղ չասես», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն տեղ էլ կասեմ», եւ Դիման ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ճաշակին ընկեր չկա», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ներսրտած հարցրեց՝ «իսկ ընդհանրապես ընկեր կա՞, թե՝ չէ», եւ Դիման հարցրեց՝ «որտե՞ղ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքում», եւ Կլիմը Դիմայի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «կյանքում կարա ըլնի, բայց գրականության մեջ չի կարա», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում եք իմանաք, ընկերությունն էլ ա գրականությունից կարեւոր», եւ Դիման ասաց՝ «նայած ում համար», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդկայնությունն էլ ա գրականությունից կարեւոր», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու Անդրյուշային հարցրեց՝ «գոնե կարա՞ս բացատրես՝ էդ մարդկայնությունն ինչ բան ա», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդկայնությունը խիղճն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «մարդ պիտի մի քիչ խիղճ ունենա», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «Սանյան էդ ապրանքից շատ ունի՞», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը», եւ Դիման Անդրյուշային հարցրեց՝ «բա ինքը ո՞նց ա մեր գրածներն աջուձախ ձեռ առնում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «դե ասեք՝ մուռ եք հանում», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «մուռ չենք հանում. մեր կարծիքն ենք ասում», եւ Կլիմն Անդրյուշային հարցրեց՝ «իրավունք չունե՞նք մեր կարծիքն ասենք», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «բայց ի՞նձ խի եք ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ներսրտած ավելացրեց՝ «ինքը կգա՝ իրան կասեք», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մեր կարծիքը հարցնի՝ կասենք», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու նորից ասաց՝ «կյանքում գրականությունից կարեւոր բաներ կան», եւ Դիման քմծիծաղով ասաց՝ «մանավանդ՝ Սանյայի համար», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «Սանյայի համար արաղն ավելի կարեւոր ա, քան՝ գրականությունը», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «էդ մեկը՝ հաստատ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «կարող ա՞ մենք չենք խմում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ Սոկոլովը չի խմում», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «մեկ էլ՝ Սանյայի պատմվածքի պերսոնաժները», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «Անդրյուշի պերսոնաժներն էլ առանձնապես խմող չեն», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ ինչքան ուզում եք քննադատեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ ինչքան էլ քննադատեք՝ չեմ նեղանա», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ Սանյային ավելի ես սիրում, քան՝ քեզ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «չափազանցնում ես», եւ Դիման ժպտալով Անդրյուշային ասաց՝ «առանձնապես շատ չի չափազանցնում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր ասելով՝ ընկերասիրությունը վատ բան ա», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու Անդրյուշային հարցրեց՝ «մեզ ընկեր չես համարո՞ւմ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «համարում եմ», եւ Կլիմը հարցրեց՝ «որ համարում ես, ինչի՞ մեկ-մեկ էլ մեզ չես պաշտպանում», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «ե՞րբ չեմ պաշտպանել», եւ Դիման Կլիմից առաջ ընկնելով՝ Անդրյուշային ասաց՝ «որ Սանյան մեր գրածները մի գլուխ ձեռ ա առնում, մեզ ինչի՞ չես պաշտպանում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը երեւի իրավունք ունի», եւ Կլիմը վրդովված հարցրեց՝ «ո՞վ ա էդ իրավունքն իրան տվել», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «թեկուզ տարիքի իմաստով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ինքը հազար տարվա Գրողների միության անդամ ա», եւ Կլիմն ասաց՝ «Սոկոլովն էլ ա հազար տարվա անդամ, բայց ոչ մի բան չի գրում», եւ Դիման ժպտալով ասաց՝ «անոնիմկեքը չհաշված», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի արդեն արձակ ա գրելու», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «կգրի՝ կուրախանաք», եւ Դիման ասաց՝ «էդ անասունն էլ ա Գրողների միության անդամ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «բացի Գոգոլից ու Դոստոեւսկուց՝ սաղ Գրողների միության անդամ են», եւ Դիման ժպտալով ասաց՝ «Պուշկինն էլ անդամ չի էղել», եւ ես ասացի՝ «Պաստեռնակն էղել ա, բայց հեռացրել են», եւ Կլիմը տհաճությամբ նայեց ինձ ու ասաց՝ «մենք մեծ գրողներից ենք խոսում, դու էլի մի գլուխ՝ Պաստեռնակ հա Պաստեռնակ», եւ ես Անդրյուշային ասացի՝ «էս մարդիկ որ Պաստեռնակի պես մեծությանն անուն են կպցնում, Սանյային ո՞նց անուն չեն կպցնի», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Պաստեռնակը որ մեծություն ըլներ, Ստալինն իրան էլ վերացրած կըլներ», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «Պաստեռնակը որ մեծություն էլ ըլներ, Ստալինն էլի իրա մազին չէր կպնի», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «խի՞ չպիտի կպներ», եւ Դիման ասաց՝ «որովհետեւ Պաստեռնակն էդ թվերին առավոտից իրիկուն վրացական պոեզիա էր թարգմանում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում են՝ էդ վրացական պոեզիան էլ ոչ թե թարգմանել ա, այլ ծերից ծեր իրանից ա բստրել», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «միանգամից թարգմանած ա գրել», եւ Կլիմն ասաց՝ «դրա համար էլ Ստալինը գլուխը չի կերել», եւ ես ժպտալով հարցրի՝ «կարող ա՞ իրա Նոբելյանն էլ Ստալինը տվեց», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ Նոբելյանի պատմությունը սավսեմ ուրիշ պատմություն ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ուրիշ պատմություն», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մեր ներքին հարցերի մեջ արդեն շատ ես խորանում, Ակոպիչ», եւ ես ժպտալով հարցրի՝ «Նոբելյան մրցանակը ներքին հարց ա՞», եւ Կլիմը ժպտալով ինձ ասաց՝ «դու մեզնից լավ գիտես՝ էդ Նոբելյանի հարցերն ով ա որոշում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞վ ա որոշում», եւ Դիման ժպտալով ինձ ասաց՝ «իբր չգիտես», եւ Կլիմը Դիմային ասաց՝ «մեզնից լավ գիտի» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «ուղղակի՝ բերաններս ա բացել տալի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Ակոպիչը լավ էլ գիտի՝ ոնց են Նոբելյան տալի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ իմանայի՝ մի հատ էլ ես կստանայի», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ կստանայիր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Նոբելյան», եւ Դիման ծիծաղելով ինձ հարցրեց՝ «բայց դու կարա՞ս միանգամից թարգմանած գրես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դժվար թե», եւ Կլիմը ժպտալով ինձ ասաց՝ «բայց ամենակարեւոր հատկությունն ունես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ամենակարեւոր հատկությունը ո՞րն ա», եւ Կլիմը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեծահոգությունը», եւ Անդրյուշան քամահրանքով ասաց՝ «էս Կլիմն ամեն ինչ անում ա, որ խոսակցությունն էլի Ռոդիոնովի պատմվածքի կողմ թեքի», եւ հիմա Անդրյուշայի էդ ասածը հիշելով ու գրելով՝ մտածում եմ, որ Վասակն էլի Աննային ու բոլորին ասելու է թե՝ իմ էս վեպում բոլորն ու նույնիսկ ռուսները Շիլաչու բարբառով են խոսում, եւ չնայած Վասակի էդ ասածն էս պահին միայն հիշեցի, ռուսների խոսակցության էս ամբողջ ընթացքում ջանք չէի խնայում, որ իմ էս ռուսներին հնարավորինս հեռացնեմ Վասակի ասած էդ, ուրեմն, Շիլաչու բարբառից, բայց, ինչպես տեսնում եք, էդ ուղղությամբ որեւէ հաջողության չհասա, ու էդ իմաստով ինձ առանձնապես մեղավոր չեմ համարում, որովհետեւ Կլիմը, Դիման, Անդրյուշան եւ նույնիսկ Սոկոլովն ու Նինան մշտապես ոչ թե գրական, այլ բացառապես խոսակցական ռուսերենով էին խոսում, եւ եթե իրենց խոսքը գրական հայերենի վերածեի, հեչ տիպական չէր լինի Կլիմի, Դիմայի, Անդրյուշայի եւ նույնիսկ Սոկոլովի ու Նինայի համար, որովհետեւ Գորկու ինստիտուտում սովորող ու էդ հանրակացարանում ապրող գրողներից ռուսերեն գրականով խոսում էին միայն չեչենները, վրացիները, հայերը, էստոնացիներն ու մյուս այլազգիները, ինչպես նաեւ՝ ռուսագիր էն գրողները, որոնք հիմնականում հրեաներ էին, եւ եթե հրեա էլ չէին՝ Կլիմի, Դիմայի, Անդրյուշայի եւ նույնիսկ Սոկոլովի ու մանավանդ Սանյայի կարծիքով էին հրեա, եւ, Դիմայի ասածի պես, միանգամից թարգմանած էին գրում եւ թարգմանած էլ խոսում էին, այսինքն՝ գրական մաքրամաքուր ու ոսկեղենիկ ռուսերենով էին խոսում, եւ ինչքան էլ Վասակը շարունակի պնդել, թե իմ ռուսները Շիլաչու բարբառով են խոսում, ես շարունակելու եմ նրանց էդ բարբառով խոսեցնել, որովհետեւ Հակոբյան Տիկոն ու էլի ոմանք շարունակում են ինձնից մոսկովյան էդ տարիների տարեգրությունը պահանջել, եւ եթե նույնիսկ չպահանջեն էլ, ես պարտավոր եմ իմ էդ երկու տարիներին մանրակրկիտ անդրադառնալ, որովհետեւ մոսկովյան էդ երկու տարիները չափազանց էական նշանակություն ունեցան իմ կյանքում ընդհանրապես եւ իմ գիտակցական կյանքում մասնավորապես, եւ չնայած սովորաբար օտար վայրերում մի շաբաթից ավել չէի դիմանում, ութսուներկուսից Մոսկվայում երկու տարի ապրելով՝ հետագա կյանքս Մոսկվայից դուրս դժվարանում էի պատկերացնել, որովհետեւ սկզբում Մոսկվային դժվարությամբ վարժվելով ու ընտելանալով՝ շուտով ու մանավանդ էդ դեկտեմբերից սկսած՝ մոսկովյան կյանքի լիարժեք մասնակիցը դարձա, եւ, ինչպես երեւի նկատեցիք, ութսուներկուսի դեկտեմբերին արդեն ռուսներն ինձ ոչ միայն հանդուրժում էին, այլեւ կարծիքս էլ էին հաշվի առնում, եւ խոսքս հիմնականում վերաբերում է էն ռուսներին, որոնք Մոսկվայում ինձ պես հյուր լինելով՝ ինձ պես իրենց հյուր լինելը չէին զգում, եւ ասածս, իհարկե, առաջին հերթին Կլիմին, Դիմային, Անդրյուշային ու Սանյային է վերաբերում, եւ, իհարկե, նաեւ Նինային է մեծապես վերաբերում, եւ նույնիսկ Սոկոլովին է վերաբերում, ինչպես նաեւ՝ մեր էդ հանրակացարանի էն ռուսներին, որոնց անունները հիմա չեմ հիշում, բայց մի ուրիշ առիթով մի օր հաստատ կհիշեմ, ինչպես նաեւ՝ մեզ հետ սովորող ու էդ հանրակացարանում ապրող էն ռուսներին, որոնք Կլիմի, Դիմայի, Անդրյուշայի ու մանավանդ Սանյայի կարծիքով՝ ռուս չէին, եւ չնայած բոլորս էլ էդտեղ հյուր էինք, մեր էդ երկու տարվա ապրածը ոչ թե ժամանակավոր կյանք էր, այլ՝ հիմնական, հիմնավոր ու իսկական կյանք, ու էդ կյանքը վերաբերում էր նաեւ ղազախ Ռամազանին, վրացուհի Մզիային եւ այլազգի մյուսներին, որոնց անունները հարմար առիթի դեպքում անպայման կհիշեմ ու կնշեմ, ու էդ կյանքն առաջին հերթին վերաբերում էր մեր հայերին՝ Հակոբին, Վանուշին, Տիկոյին, Էդոյին, Աշոտին, Արայիկին, Անոյին ու Սոնային, որոնք Մոսկվայում ու էդ հանրակացարանում հյուրընկալվելով՝ իրենց միանգամայն տանտեր էին զգում, եւ մանավանդ ես էի ինձ տանտեր զգում, որովհետեւ ինչպես Անդրյուշայի համար Սանյա Ռոդիոնովը, ես էլ մերոնց համար էի որոշ չափով հեղինակություն, որովհետեւ ոչ միայն տարիքով էի իրենցից մեծ, այլեւ էդ հանրակացարանի ամենավերին հարկում ապրող ու էդ ինստիտուտի բարձրագույն դասընթացներում սովորող միակ հայն էի, եւ ինչպես Անդրյուշան էր ալթայցի իր զեմլյակ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռոդիոնովի շեղումները հանդուրժում, մերոնք էլ ինձ էին հանդուրժում՝ ջանալով ինձ բոլորից բարձր տեսնել, ու ես էլ իմ հերթին էի ջանում համապատասխան բարձրության վրա գտնվել ու մնալ, ու էդ բարձունքը, որի վրա երկու տարի շարունակ հավասարակշռված ինձ պահում էի, հայրենիքի պես բան էր, ու էդ ժամանակը, որի մեջ հարմարավետ տեղավորվել էի, միանգամայն հայկական ժամանակ էր, եւ էդ ժամանակն ի վար հոսողն ու ժամանակ առ ժամանակ ափերից դուրս հորդողն իսկական կյանք էր, որը մեզ քշում էր միանգամայն անհայտ ուղղությամբ:
ՎԵՐՋ ԻՆՆԵՐՈՐԴ ԳՐՔԻ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել