Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում տարեկան վթարի է ենթարկվում (2000-2008թթ. կտրվածքով) 1230 հետիոտն: Վթարների 50%-ի պատճառը հետիոտներն են ու նրանց՝ երթեւեկության կանոններին չհետեւելը: Գաղտնիք չէ, որ հայերը փողոցներն ու պողոտաները հատում են այնտեղից, որտեղից «քեֆները տալիս է», իսկ հարցումները պարզում են, որ դա անում են 3 հիմնական պատճառով. 1. Ուշանում են եւ ժամանակ չկա մոտակա անցուղի կամ անցում հասնելու: 2. Հիվանդ են եւ անկարող են ոտքով անգամ 1 մետր ավելի քայլել: 3. Անցումներն ու անցուղիները քիչ են ու իրարից բավական հեռու:
«Նոր սարքած արագընթաց ճանապարհների վրա ոչ զեբրա կա, ոչ էլ գետնանցում, եթե կա էլ, ամեն մեկը աշխարհի ծերն ա ու, օրինակ, Մյասնիկյան պողոտայի մի մայթից մյուսն անցնելու համար ստիպված եմ 500-600 մետր քայլել, բայց չեմ քայլում»,- բողոքում է երրորդ կարգի հաշմանդամ Սիրակ Մինասյանը, ով բազմիցս հրաշքով փրկվել է վրաերթի ենթարկվելուց:
Անցումների պակասի նույն պատկերն է նաեւ Արշակունյաց պողոտայում, Չարենցի, Կիեւյան, Լենինգրադյան, Խանջյան փողոցներում ու քաղաքի էլի շատ ու շատ վայրերում: Այս ամենի հետեւանքով մեր քաղաքացիները փողոցն անցնում են բախտի բերմամբ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով ու վարորդների «ներվերի» հաշվին: «Իմ երթուղին Ալեք Մանուկյանով է, ուր 4 բուհ կա, ու ամեն ուսանող իր համալսարանի դիմացից փողոց է անցնում, բայց այդտեղ ոչ լուսացույց կա, ոչ էլ կանգառ»,- ասում է թիվ 64 երթուղային տաքսու վարորդներից մեկը: Նա, այնուամենայնիվ, ըմբռնումով է մոտենում այս հարցին՝ ասելով. «Հասկանում ենք՝ ուսանող են, դասերից հոգնում են, էլ ոնց 100, 200 մետր քայլեն մինչեւ անցուղիները, միշտ ստիպված ենք ճանապարհ զիջել, բայց էդ էլ ավարիայի բուն է»:
Փաստորեն, ՀՀ քաղաքացիների եւ վարորդների եզրակացությունները նույնն են՝ պիտի ավելացվեն ու իրար մոտեցվեն անցում-անցուղիները: «Գոնե 400 մետրը մեկ պիտի անցում լինի: Դրանց առկայությունը պարտադիր է հատկապես բուհերի, դպրոցների հարեւանությամբ»,- ասում է ճանապարհային շինարար Արարատ Սիմոնյանը, ով այս օրերին մգեցնում, որոշ տեղերում էլ ավելացնում է անցուղիների գծերը: Երեւանի փողոցներում արդեն նկատվում է անցուղիների քանակի աճ: Բայց արդյո՞ք դրա հետ մեկտեղ կնվազեն երթեւեկության կանոնները խախտող հետիոտները: Ամեն ինչ ցույց կտա ժամանակը: