Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես մեկուսացնել ծխողներին

Փետրվար 27,2010 00:00

«Երբ ինձ մոտ ծխում են, կարծես օդը չի բավականացնում, եւ ես սկսում եմ խեղդվել: Երեւանում մատների վրա կարելի է հաշվել այն սրճարանները, որտեղ ծխողների եւ չծխողների բաժինները առանձնացված են»,- ասում է 32-ամյա Աննան:

\"\"

Իտալական «Գուստո» սրճարանն առաջին հարկից բացի, ունի նաեւ նկուղային հատված, որն օգտագործվում է որպես առանձին բաժին, եւ առաջին հայացքից թվում է, թե այստեղ ստեղծված են ծխողների եւ չծխողների հստակեցված սրահներ ունենալու բոլոր պայմանները: Սակայն սրճարան մտնելուց հետո տեսնում ես, որ բոլոր բաժինների սեղանների վրա էլ դրված են մոխրամաններ եւ չծխելու մասին որեւէ ցուցանակ փակցված չկա: Ծխողների եւ չծխողների առանձնացված սրահներ  չունենալու վերաբերյալ սրճարանի մենեջեր Գոհար Վարդանյանն ասում է, որ իրենք նման գաղափար ունեցել են, սակայն չեն իրականացրել. «Սրճարանն այնպես էինք նախագծել, որ նկուղային մասը լիներ չծխողների համար, սակայն հայ աղջիկների եւ կանանց մեծ մասը բոլորի ներկայությամբ ծխելուց բարդույթավորվում է եւ նախընտրում է ծխել հենց այդ հատվածում, որտեղ համեմատաբար ավելի քիչ մարդ է լինում»: Մենեջերի խոսքերով, սրճարանի մյուս հատվածն էլ հարմար չէր օգտագործել որպես չծխողների բաժին, քանի որ իրենց ծխող այցելուների մեծ մասը հենց այդ հատվածն է նախընտրում, հակառակ դեպքում՝ հաճախորդների կորուստ կունենան: Մենեջերն ասաց նաեւ, որ ծխողների եւ չծխողների առանձին բաժին չունենալն իրենց համար դեռ որեւէ խնդիր չի առաջացրել: Նման բաժանում չկար նաեւ «Սայաթ-Նովա» համալիրում, չնայած համալիրը բաղկացած է մի քանի սրահներից: Առանձնացված բաժիններ չունենալը «Սայաթ-Նովայի» մենեջեր Լուսինե Բաղդասարյանը բացատրեց նրանով, որ այդ դեպքում դժգոհողների թիվն ավելի մեծ կլինի, քանի որ իրենց հաճախորդների մեծ մասը ծխող է, եւ նրանք բաժիններն առանձնացնելուց հետո պարզապես կդադարեն հաճախել իրենց համալիր, իսկ իրենք աշխատում են «հաճախորդը միշտ ճիշտ է» սկզբունքով:
Մեր այցելած հաջորդ սրճարանը՝ «Մարկո Պոլոն», ի տարբերություն «Գուստոյի» եւ «Սայաթ-Նովայի», ուներ ծխողների եւ չծխողների բաժիններ: Ըստ մենեջեր Սվետլանա Պողոսյանի՝ իրենք այդ բաժինները ստեղծել են հղի կանանց եւ զբոսաշրջիկների խնդրանքով: «Դրսի հատվածը նախատեսված է ծխողների համար, եւ չծխող հաճախորդն այնտեղ նստելով՝ չի կարող բողոք ներկայացնել»,- ասում է մենեջերը: Թերեւս այդ բաժնի միակ խնդիրն այն է, որ դեռ այդ հատվածում ծխելու իրավունքի մասին վկայող համապատասխան ցուցանակ չկա: Ներսի հատվածն էլ չծխողների բաժինն է, որտեղ սրճարանի անձնակազմը հետեւում է, որ որեւէ մեկը ծխախոտ չվառի: Սվետլանան պնդում է, որ բաժիններն առանձնացնելուց հետո իրենք հաճախորդների պակաս չեն գրանցել, դեռ ավելին՝ արժանացել են այցելուների գովասանքներին, քանի որ այժմ բոլորն անցկացնում են իրենց ժամանցը՝ ինչպես իրենք ուզում են եւ չեն խանգարում միմյանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել