Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

20 ՐՈՊԵ՝ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՈՒՄ

Փետրվար 27,2010 00:00

Հոկտեմբերի 1-ից գործող օրենքի համաձայն հետիոտնը ճանապարհը պետք է անցնի կա՛մ վերգետնյա, կա՛մ ստորգետնյա անցումներով:

Վերգետնյաների վերաբերյալ մարդիկ որեւէ բողոք կամ դժգոհություն չեն արտահայտել, իսկ ստորգետնյա անցումները դարձել են թե՛ բողոքների, թե՛ անեկդոտների առիթ: «Օրենք ընդունելուց առաջ, թող մտածեին «պադզեմկեքը» կարգի բերեին: Մարդու սիրտ ա խառնում մտնելուց»,- բողոքում է 46-ամյա Ալիկը:
Պատկերացում կազմելու եւ ամեն ինչ իմ աչքով տեսնելու համար որոշեցի շրջել քաղաքի տարբեր մասերում գտնվող անցումներով: Շրջայցիս ընթացքում հանդիպեցի ստորգետնյա անցումների երկու տեսակ. առաջինը բիզնես-կենտրոններն էին, իսկ երկրորդը՝ հասարակության կարիքների ու ստեղծագործական պոռթկումների դաշտ դարձած անցումները:
Առաջին խմբի մեջ մտնող գետնանցումներում հետեւյալ պատկերն է. խորոված, քյաբաբ, շաուրմա եւ հայերի կողմից շատ սիրված այլ ուտեստներ առաջարկող բիստրոներ: Մի փոքր այն կողմ՝ թիթիզ աղջիկների համար նախատեսված «համաշխարհային բրենդներին» պատկանող բազմաթիվ աքսեսուարներ ու օծանելիքներ: Ջանք չի պահանջվի նաեւ լսել «ցածր» երաժշտությունը, վաճառողների ու գնորդների վեճերը: Սիրահարված երիտասարդներին, եւ ոչ միայն, սպասում են փափուկ խաղալիքներով լի կրպակն ու զանազան ծաղիկները: Այս ամենից ետ չի մնում նաեւ հագուստի ու կոշիկի լայն ընտրանին:
Ուտեստների հարցում օգնության է գալիս մոտ 50-ամյա, թմբլիկ մի կին: Նա նույնքան մաքրասեր է, որքան «Մոյդոդիր» մուլտֆիլմի հերոսուհին: «Ճաշակով» երաժշտությունն ապահովում են սեւազգեստ երկու երիտասարդ: Վերջիններս քննարկում են նաեւ անցուդարձ անող աղջիկներին ու «սրամիտ» հաճոյախոսություններ անում՝ «հրեշտակ ես՝ առանց տակի», «ծիտիկ-ծիտիկ մոտ արի», երբեմն նաեւ երգերի բառերով, որոնցից մեկն էլ ինձ շռայլեցին՝ «Շիրազը թե տեսներ, կասեր դու նռան հատ ես»: Ծաղիկներին նայելիս լացդ է գալիս. թառամել, գույները խունացել ու ճմլվել են: Իսկ վաճառողը ջուր է շաղ տալիս վրաները, իբր թե թարմացնելու համար: Փափուկ խաղալիքների փոշին ու քյաբաբախառը հոտն էլ ուղղակի շշմեցնում են:
Հերթն օծանելիքներինն է: Վաճառողուհին՝ արդեն իսկ իր չափազանց վառ շպարով ու ոչ այնքան համեստ կեցվածքով, վանում է: Իսկ օծանելիքների անուններից ամեն ինչ պարզ է. «Gucci»-ի փոխարեն «Gussi», «Versace»-ին փոխարինելու է գալիս «Versache», «Chanel»-ին էլ «Chanell»-ը: Հենց այս դեմքերով ու դեպքերով են հարուստ մեր ստորգետնյա բիզնես-կենտրոնները:
Ստորգետնյա անցումների մյուս տեսակն ավելի ողբալի է: Այստեղ պատերը նախշած են բազմաժանր հայհոյանքներով, գրաֆիտիներով: Մտնելուն պես զգում ես բույր, որից պարզ է դառնում, որ ոչ վաղ անցյալում ինչ-որ մեկն այստեղ հոգացել է իր բնական կարիքները: Փակցված են նաեւ տարբեր հայտարարություններ ու նկարներ: Հայհոյանքները շրջանցելով՝ անդրադառնանք տարօրինակ գրվածքներին. «Մենք հաղթելու ենք», «Անի, ես քեզ սիրում եմ», «The world is mine», «Kiss my ass» եւ այլն: Երիտասարդների կուսակցական պատկանելության, հոգեկան ապրումների, մտքերի արտահայտման ամենամատչելի, անվտանգ միջոցն ու տեղը ստորգետնյա անցումների պատերն են: Մինչ զմայլվելով ուսումնասիրում էի դրանք, մի կին իջեցրեց իր փոքրիկի տաբատն ու… Որոշեցի մոտենալ եւ հարցնել՝ արդյոք ճի՞շտ է վարվում: Ի պատասխան՝ «թուք ու մուր» կերա. «Իմ երեխան չի՞, որտեղ կուզեմ՝ կչիշիկացնեմ: Երկրոդն էլ էս տեղը մաքրությամբ չէր էլ փայլում»: Քաղաքավարությունից դրդված, ոչինչ չպատասխանեցի ու դուրս եկա գետնանցումից: Ճանապարհին հանդիպեցի մի աղջկա ու տղայի: Վերջինս շատ «գայթակղիչ» առաջարկ էր անում իր ընկերուհուն. «Արի գնանք «պադզեմկա»՝ հաց ուտելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել