Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋ ԵՍ ԽԱՆՈՒԹԻ ՏԵՐ ԷԻ, ԻՍԿ ՀԻՄԱ՝ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՍԵՂԱՆԻԿԻ»

Փետրվար 27,2010 00:00

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ հայեր ստիպված եղան ամեն ինչ սկսել զրոյից

\"\"

«Մեր ժամանակ ով մի արհեստ, մասնագիտություն ուներ՝ աղայի պես ապրում էր: Հիմա ուզում ես սաղ օրը աշխատի, ուզում ես մի շաբաթ մի աշխատի՝ մի օր աշխատի, նույնն ա, ցամաք հաց»,- բորբոքված պատմում է 69-ամյա Ռոբերտ պապը, ով, իր ասելով, խորհրդային տարիներին ուզածի պես, առոք-փառոք ապրում էր:
Ռոբերտը 23 տարեկան հասակում ավարտում է Երեւանի առեւտրի տեխնիկումը ու հենց նույն տարին էլ սկսում է աշխատել Շիրակի փողոցում գտնվող խանութում՝ որպես վաճառող: Մեկ տարի անց Ռոբերտն արդեն ավագ վաճառող էր, իսկ հաջորդ տարին՝ խանութի վարիչ ու այդ պաշտոնում աշխատում էր 20 տարի: «Խանութի վարիչը նույն խանութի տերն է՝ ուղղակի խանութի շինությունը պատկանում էր պետությանը, ոնց որ հիմիկվա արենդան, մի տարբերությամբ, որ շահույթից շատ ավելի քիչ էինք տալիս պետությանը, քան հիմա առանձին մարդկանց»,- ասում է Ռոբերտ պապը:
20 տարիների ընթացքում, բնականաբար, Ռոբերտ պապը ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ՝ 4 որդի: Վաստակած գումարներով որդիներից յուրաքանչյուրին ժողգործիքների մի խմբակի էր տալիս՝ դուդուկ, դհոլ, կլառնետ ու քամանչա: Ինքնըստինքյան սեփական անսամբլ էր ստեղծել, ինքն էլ ստանձնել էր երգողի ու պարողի դերը: Երբ աշխատանքային օրվանից հետո դեռ ոտքի վրա կանգնելու ուժ էր ունենում, սեփական երգի-պարի անսամբլով սկսվում էին «ելույթները», որոնք շարունակվում էին մինչեւ կեսգիշեր: Այդ ընթացքում մի քանի ուտող-խմող հարեւաններ էլ էին միանում զվարճանքին, ու սովորական օրը Սարիբեկյանների շնորհիվ վերածվում էր տոնի. «Էն ժամանակ ով հալալ աշխատում էր, նա էլ ուտում, քեֆ էր անում, պրոբլեմներ չկային, եթե կային էլ՝ շուտ հարթվում-գնում էին: Կյանքը հիմիկվա նման լարված չէր: Ով ինչ ուզում ա ասի՝ սովետի վախտով ուրախ էր, ամեն օրն էլ՝ տոն»:
Շուտով Ռոբերտ պապը խանութում սկսում է 2 այլ աշխատող պահել՝ մեծ որդուն ու նրա ընկերոջը, իսկ ինքը գործի է անցնում Հայէլեկտրագործարանում՝ որպես ատաղձագործ-մոդելավորող: «20 տարի նույն բանն անելուց հոգնել էի: Ամեն օր թվեր, ապրանք ընդունել-հանձնել: Մի օր հաճախորդներիցս մեկը, ով հմուտ ատաղձագործ էր, ինձ առաջարկեց իր մոտ այդ արհեստը սովորել, ես էլ միանգամից համաձայնեցի»,-պատմում է Ռոբերտ պապը:
Նա հաճույքով էր անում նոր սովորած գործը: Փայտից տարբեր իրեր էր սարքում. սկսած ուրագի պոչից՝ ավարտած զարդատուփերով, սրբապատկերներով ու կուժ-կարասիով: Գործարանի պատվերները պատրաստելուց զատ, հավելյալ ժամեր էր մնում այնտեղ, հումք էր գնում ու ծանոթ-բարեկամների համար հուշանվերներ պատրաստում: Իսկ որոշ ժամանակ անց իր ձեռքով նախագծած աշխատանքները ամեն ուրբաթ վաճառում էր Աբովյան փողոցի մոտակայքում, ստացված գումարներն էլ տրամադրում էր երկրաշարժից տուժած բնակիչների ֆոնդին:
Որդիներից մեկին արդեն ամուսնացրել էր, հասցրել էր պապիկ դառնալ: Թվում էր՝ ամեն ինչ հրաշալի է եւ ոչինչ չէր կարող տխրեցնել Ռոբերտ պապին, բայց…
Մի քանի ամիս անց Հայաստանն այլեւս խորհրդային չէր, իսկ ողջ կյանքը սովետում ապրած Ռոբերտ պապը անկախ Հայաստանի ոչինչ չունեցող քաղաքացի էր: Ունեցած ողջ գումարը բանկում հավասարվել էր զրոյի, կրճատել էին Հայէլեկտրագործարանի աշխատակիցներից շատերին, այդ թվում եւ մեր հերոսին: Միայն մի տուն էր մնացել, որտեղ ապրում, ավելի ճիշտ՝ գոյատեւում էին 7 հոգով: «Ծանր օրեր էին, կյանքում այդքան նեղություն չէինք տեսել, շատ դժվար էր, չեմ էլ ուզում հիշել»:
Ռոբերտ պապը, սակայն, որպես տան մեծ, փորձում էր իրեն չկորցնել: Հայէլեկտրոյում կես դրույքով վերականգնվեց աշխատանքի, իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ Վերնիսաժում սկսեց փայտե տարբեր իրեր վաճառել: Ու այսպես 16 տարի Վերնիսաժում կարելի է հանդիպել ընտանիքի օրվա հացը վաստակող Ռոբերտ պապին, ով չի զլանում մշտապես կրկնել իր կյանքի ասացվածքը. «Ճիշտ են ասում՝ կյանքը աստիճան է, ոմանք աստիճանն իջնում են իրենց կամքով, իսկ ես՝ հանգամանքների բերումով»:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «սեփական» երգի-պարի անսամբլը եւս փլուզվել է, որովհետեւ նրա անդամ-որդիներից 2-ն արդեն տասը տարի արտագնա աշխատանքի են մեկնել, մեկը պատերազմից հետո 2-րդ կարգի հաշմանդամ է, իսկ հայրն ու միջնեկ որդին օր ու գիշեր աշխատում են՝ ինչպես հին ու բարի ժամանակներում, բայց, ինչպես իրենք են ասում, «արդյունք չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել