Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

10 տարեկանում կորցրեց կուսությունը, բայց ամուսնացավ

Փետրվար 27,2010 00:00

Սոնա Պողոսյանը 21 տարեկան է: 11 տարի առաջ նրա հետ մի ճակատագրական դեպք պատահեց, որի հետեւանքները, իր կարծիքով, միշտ էլ կրելու է:

Սոնայենք ընտանիքով բնակվում էին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում: Բնական է, բոլոր տասը տարեկան երեխաների նման Սոնան էլ օրվա մեծ մասը բակում խաղալով էր անցկացնում: Մի օր երեխաներով որոշել էին վազքով հասնել մինչ ցանքատարածությունները ու ետ գալ: Որոշածի նման սկսեցին աղմուկ-աղաղակով վազել: Բոլորը հասան իրենց ցանկացած տեղանքին, Սոնան էլ հասավ, բայց, ցավոք, ինքնուրույն վերադառնալ չկարողացավ: «Երբ ուզում էի շրջվել ու հետ գալ, ոտքս ոլորվեց, փորձեցի խաղողի որթերից բռնել՝ էդ էլ կոտրվեց ու ես ընկա երկաթի վրա (այն նախատեսված էր որթատունկերի համար որպես հենարան- Ա. Մ.), շատ ուժեղ ցավ զգացի, սկսեցի ամբողջ ուժով կանչել ընկերուհուս. իրենք դեռ վազում էին, ինձնից ահագին հեռացել էին, բայց լսեցին»,- պատմում է Սոնան: Երեխաները ետ են գալիս ցանքեր ու փորձում են իրենց ուժերով Սոնային վեր բարձրացնել, բայց՝ ապարդյուն: Սոնան միայն լացում էր ու մեկ մամա էր կանչում, մեկ՝ պապա: «Հետո արդեն չեմ հիշում՝ ինչ եղավ: Գիտակցությունս կորցրել էի ու երբ արթնացա՝ հիվանդանոցում էի: Աչքերս բացեցի՝ տեսնեմ մայրս լացում է»,- հիշում է Սոնան: Բժիշկները Սոնայի ծնողներին ասել էին, որ հարվածի եւ սուր առարկայի առկայության հետեւանքով իրենց աղջիկը կորցրել է կուսությունը: Բժշկի խոսքերը լսելուց հետո Սոնայի հայրը բղավում է. «Փառք Աստծո, առողջությունը լավ է, բայց մեր պատիվը. սաղ կյանքում խայտառակ եղանք»:
Հաջորդ օրը Սոնային հիվանդանոցից դուրս են գրում ու բժշկի կնքմամբ մի թուղթ են տալիս. «Սոնա Գեւորգի Պողոսյանը 1999թ. դժբախտ դեպքի հետեւանքով (ընկել է սուր երկաթի վրա) կորցրել է կուսությունը»:
Թե իրականում իր հետ ի՞նչ էր տեղի ունեցել, եւ որ նման թուղթ գոյություն ունի՝ Սոնան իմացավ 16 տարեկան հասակում: «Փաստաթղթերի պայուսակը նայելիս պատահաբար ձեռքս ընկավ այդ չարաբաստիկ թուղթը, ու էդ օրվանից քունս էլ կորավ, հանգիստս էլ: Փողոց դուրս չէի գալիս, մտածում էի՝ ինձ բոլորը մատով ցույց կտան, կծաղրեն: Հետո մայրս ասաց, որ այդ մասին ոչ ոք, անգամ ամենամոտ բարեկամը չգիտի: Էդ պատմությունը գիտեինք արդեն ես, մայրս, հայրս ու բժիշկը»: Միեւնույն է, ճշմարտությունն իմանալուց հետո Սոնան էլ առաջվանը չէր՝ քիչ էր խոսում, միտքը միշտ ինչ-որ տարօրինակ մտքերով էր զբաղված, ընկերների հետ շփման մեջ դարձել էր սառը: «Ամեն գիշեր մտածում էի՝ կամուսնանա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ ինձ կառնի: Հո էդ թուղթը ձեռքիս բռնած ման չե՞մ գալու: Էս մտածմունքների մեջ որոշել էի ոչ սիրել, ոչ էլ ամուսնանալ: Մեկ-մեկ նույնիսկ մտածում էի միանձնուհի դառնալու մասին»,-պատմում է իրեն դժբախտ համարող աղջիկը: Ինչպես ասում են՝ ինչից փախչում ես՝ գլխիդ է գալիս: Շուտով շրջապատում հայտնվում է Սոնայով հետաքրքրված մի երիտասարդ. «Սկզբում Արսենից փախչում էի՝ մտածելով իմ հետագա նվաստացման մասին, բայց ժամանակի ընթացքում ես ու Արսենը քիչ-քիչ մտերմացանք: Արդեն 8 ամիս ընկերություն էինք անում, մեր հարաբերություններն ու իրար հետ կապվածությունն օր օրի խորանում էին: Արսենը ամեն օր խոսում էր մեր ամուսնությունից: Որոշեցի թեկուզ 8 ամիս անց Արսենին ամեն ինչ պատմել, թուղթն էլ ցույց տալ»,- ասում է Սոնան:
Հաջորդ օրը հանդիպման գնալիս Սոնան վերցնում է թուղթը եւ իրեն լուրջ խոսակցության նախապատրաստելով, հասնում է տեղ: Երբ Արսենը էլի ամուսնությունից է խոսում, Սոնան հարցնում է. «Դու կամուսնանաս էն աղջկա հետ, ով կույս չի: Թեման բացեցի, ցույց տվեցի թուղթը: Հետո փորձում էի ամեն ինչ հերթականությամբ բացատրել, բայց պատահեց այն, ինչ ամեն գիշեր պատկերացնում էի»: Արսենը Սոնային մեղադրում է ամեն ինչ սկզբում չասելու եւ իրենց հարաբերությունները իզուր խորացնելու մեջ, իսկ Սոնայի համար ամենացավալին Արսենի ասած վերջին խոսքերն էին. «Ես, ասենք, սիրում եմ՝ մի կերպ ընդունեցի, բա ընտանիքիս ի՞նչ անեմ, ո՞նց բացատրեմ»:
Սոնային թվում էր, թե ամեն ինչ վերջացավ, ինքն էլ պիտի վերջիվերջո գնա կամ մենաստան, կամ էլ՝ Հայաստանից: Բայց ինչպես հեքիաթներում, այնպես էլ 21-րդ դարի իրականությունում՝ Արսենը վերադառնում է: «Էդ օրը կյանքիս ամենաերջանիկ օրն էր: Արսենը ասաց, որ խոսել է ծնողների հետ, ոչ մի պրոբլեմ չի լինի, բոլորն ինձ կընդունեն»,- վերհիշում է Սոնան:
Սոնայի եւ Արսենի ամուսնական գիշերից հետո, այնուամենայնիվ, Արսենի ծնողները սիմվոլիկ կարմիր խնձորի զամբյուղ են տանում Սոնայենց տուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել