Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շուն բերեք՝ ես ձեզ լիքը կլիենտ կճարեմ»

Փետրվար 27,2010 00:00

 Վերնիսաժում բազմաթիվ կանայք շան բիզնես են անում, այն էլ՝ «օրինական»

\"\"

Վերնիսաժի ետնամասում շաբաթ եւ կիրակի օրերին բուռն տեմպերով ընթանում է կենդանիների եւ հատկապես շների վաճառքը: Այս գործընթացի հիմնական իրականացնողները կանայք են, չնայած երբեմն հանդիպում են նաեւ տղամարդիկ, ովքեր վաճառում են իրենց սեփական կենդանիներին: Վաճառողներից յուրաքանչյուրն իր դիմացի արկղի մեջ չորս-հինգ շան ձագ է դնում, համեմատաբար ավելի մեծերին կապում են մոտակա ծառից ու սպասում են գնորդին:
Անցած շաբաթ օրը բիզնես-«վումաններից» մեկին մոտեցա, ներկայացա որպես դալմատինի տեր, ով ուզում է վաճառել իր շանը, ու փորձեցի պարզել Վերնիսաժում ընթացող կենդանիների բիզնեսի գաղտնիքները. որտեղի՞ց են ձեռք բերում, որքանո՞վ են վաճառում, անօրինական չէ՞, արդյոք, իրենց ծավալած գործունեությունը եւ այլն:
Նախ պարզվեց, որ կանայք հիմնականում աշխատում են վերավաճառելու սկզբունքով. «Մարդիկ ինձ տարբեր տեսակի շներ են բերում, ես դրանց տեսնում եմ, վերցնում եմ շների հետ կապված պատվաստման եւ այլ թղթերը, հետո գին եմ առաջարկում, ասենք՝ նորածին պուդելը 30 000 դրամ, եթե համաձայնում են՝ առնում եմ, թե ինչքանով կծախեմ՝ իմ գործն է, իրենք իրենց նախօրոք ասած գումարի տերն են»,- բացատրում է առեւտրական Նարինե Ավանեսյանը: Շան «տիրուհիներից» մեկը, ում անունն այդպես էլ պարզել չհաջողվեց, իր տոպ-տրեյրեր ցեղատեսակի շունը վաճառում էր 800 դոլար ու հավելում. «Ուղղակի փող է պետք, թե չէ ես սրան էդքանով ծախողը չէի»:
Ի տարբերություն անծանոթ տիկնոջ, Նարինեն նախընտրում է թանկ շներ չվաճառել. նրան թվում է, որ դրանք կամ չեն գնի, կամ էլ շատ ուշ կվաճառվեն: Նարինեի մոտ շների ցեղատեսակները, հետեւաբար նաեւ սահմանված գները այլ են՝ երկու ամսական պատվաստված, առողջ դալմատիններն արժեն 150 դոլար, մեկ ամսականները՝ 100 դոլար, որսորդական հովվաշունը (օվչարկա) 40 000 դրամ: Բայց Նարինեն արդեն երկու շաբաթ է՝ ոչ մի կենդանի չի վաճառել, կարողացել է միայն մեկը ձեռք բերել, չվաճառվելու դեպքում վերադարձնելու պայմանով, եւ սա այն դեպքում, երբ պարտավոր է մեկ օրվա համար 1000 դրամ տեղի վարձ վճարել. «Շատ է պատահում, որ հինգ շնով գալիս եմ ու տենց էլ հետ եմ գնում: Ստիպված սպասում եմ հաջորդ շաբաթ-կիրակիին, որ գոնե մեկին ծախեմ՝ մի 10, 15 հազար քյար անեմ, տեղի փողը հելնի, համ էլ ապրենք»:
Շուն վաճառող Մարգարիտայի խոսքերից էլ պարզվեց, որ իրենց գործը լավ էլ օրինական է, համենայնդեպս՝ այդպես էր պնդում. «Եթե օրինական չլիներ, մեզ չէին թողնի այստեղ կանգնեինք: Բացի այդ, վաճառքի բոլոր շներն առողջ են, ոչ մի խնդիր չունեն, փաստաթղթերով են ու հետո նույն այն լիցենզիաներով խանութները հաճախ մեզնից են շուն առնում ու տանում ավելի թանկով վաճառում, այստեղ անօրինական ոչինչ չկա»: Հավանաբար, Մարգարիտայի ասած այստեղ կանգնել թողնողն ու օրինական-անօրինական որոշողը տեղի վարձավճարները հավաքողն էր, ում հետ զրույցն այդպես էլ չկայացավ, փողերը հավաքել ու գնացել էր:
Այս ամենից հետո կողքի վաճառողներից իմանալով, որ ես իբր դալմատինի ձագեր ունեմ, Մարիա Ստեփանովնան (այցեքարտում այդպես էր գրված) ինձ մի կողմ քաշեց ու սկսեց համոզել. «Լսի՛ աղջիկ ջան, դու իմ հետ գործ բռնի, էդ քո շներին ինձ տուր, ես քո համար լիքը կլիենտներ կգտնեմ, կծախեմ, հետո քո փողերը քեզ կտամ, դու մենակ շներին բեր, մնացածը իմ պրոբլեմն է»: Երեւի հենց այսպես են անպաշտպան շները հայտնվում Վերնիսաժի ետնամասում՝ արկղերի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել