Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՇՈՒՆ ՎԱՃԱՌՈՒՄ

Փետրվար 27,2010 00:00

\"\"«Շնային բիզնեսմենները» խուսափում են լրագրողներից

Տարբեր ցեղատեսակների խնամված ու գեղեցիկ շների նկարներ, ներքեւում հեռախոսահամարներ, նաեւ ոչ պակաս «խնամված ու գեղեցիկ» գներ: Այսպիսին է պատկերը «Աշխատանք» թերթի էջերից մեկում: Մի փոքր ուսումնասիրելով այս էջը, նկատեցի, որ մի քանի նկարների տակ միեւնույն հեռախոսահամարներն են գրված: Վաճառողները, հավանաբար, պատահական մարդիկ չեն, նրանք շների վաճառքով զբաղվող բիզնեսմեններ են: Հետաքրքրությունս բավարարելու համար պատահականության սկզբունքով ընտրեցի երեք կրկնվող հեռախոսահամարներ եւ զանգեցի: Զանգելով առաջին հեռախոսահամարով՝ պատասխանեց շների վաճառքով զբաղվող մի կին: Նրան ներկայացա որպես գնորդ, ով ցանկանում է գնել դալմատին ցեղատեսակի շուն: «Ձեր բախտը բերել է: Ընդամենը երկու ամսական դալմատին ունեմ, շատ առողջ: Երաշխավորում եմ, որ գնելու դեպքում չեք փոշմանի: Շատ մատչելի գնով եմ վաճառում՝ 150 դոլար»,- առանց ինձ խոսք տալու, ոգեւորված սկսեց պատմել վաճառողը: Ինձ խորհուրդ չտվեց խանութից կամ Վերնիսաժից շուն գնել, հավատացնելով, որ իր շներն ամենալավ պայմաններում են ապրում, ավելին՝ ամիսը մեկ անգամ կանոնավոր ստուգման է տանում: «Խանութինն Աստված գիտի ումն է,- շարունակում է նա,- իսկ Վերնիսաժի պայմանները հույս չեն ներշնչում»: Մոտ երեք ժամ անց զանգեցի նույն հեռախոսահամարով, բայց որպես լրագրող: Պատասխանեց նույն կինը, բայց երբ իմացավ, որ լրագրող եմ, իմ փոխարեն ինքը սկսեց հարցուփորձ անել: «Ի՞նչն է ձեզ կոնկրետ հետաքրքրում, որտեղի՞ց եք ձեռք բերել իմ համարը: Մոտ երեք ժամ առաջ նորից դո՞ւք էիք զանգել»,- կասկածանքով սկսեց հարցնել: Ես, բնականաբար, հերքեցի այն փաստը, որ քիչ առաջ էլ էի ես զանգել: Այնուհետեւ շատ քաղաքավարի պատասխանեցի բոլոր հարցերին եւ հարցուփորձ անողի դերը ես ստանձնեցի: Շատ դժվարությամբ, բայց կարողացա ճշտել, որ վաճառում է թե իր բազմացրած շները, թե վերավաճառում է ուրիշներինը: Հավատացրեց, որ շներն առողջ են, ինչպես նաեւ՝ էժան: Ճշտելու համար հարցրի, թե ի՞նչ արժե, օրինակ, երկու ամսական դալմատինը: Պատասխանը ինձ հաճելիորեն զարմացրեց. 80-100 դոլար: Իսկ առաջին զանգի ժամանակ իմ այդ նույն հարցին պատասխանել էր՝ 150 դոլար: Շնորհակալություն հայտնելով՝ լսափողը կախեցի:  
Մի քանի րոպե անց հաջորդ վաճառողը, որին ներկայացել էի որպես գնորդ, գովաբանում էր իր շնիկներին: Նույն գովեստի խոսքերը՝ մի փոքր այլ շարադասությամբ: Գներն էլ այստեղ գրեթե նույնն էին. երկու ամսական դալմատինը արժեր 120-150 դոլար: Բայց հեռախոսահամարս նրա մոտ գրանցվել էր: Բնականաբար, նույն հեռախոսահամարից չէի կարող զանգել ու ներկայանալ որպես լրագրող: Այդ պատճառով որոշեցի օգտվել հարեւանուհուս հեռախոսահամարից: Զանգիս պատասխանեց նույն կինը, բայց երբ իմացավ, որ լրագրող եմ, խնդրեց մի փոքր ուշ զանգել՝ պատճառաբանելով, որ շների վաճառքով զբաղվողը տանը չէ: Փորձեցի նաեւ փոքր-ինչ ուշ, բայց ապարդյուն. ոչ ոք չէր պատասխանում: Երրորդ հեռախոսահամարով զանգելով՝ որոշեցի ներկայանալ այսպես. «Ես քաղաքից մեկնում եմ եւ ուզում եմ շտապ վաճառել իմ երկու ամսական դալմատին շնիկին: Քանի որ ժամանակ չունեմ, ցանկալի է շնիկը տամ ձեզ 30 000 դրամով, իսկ դուք ինչքանով ուզում եք վաճառեք: Բայց գումարը ինձ պետք է հիմա վճարեք»: Միանգամից չհամաձայնեց, ասելով, որ նախ՝ ինքը հազվադեպ է վերավաճառում: Երկրորդ՝ իմ շնիկի խաթր պետք է ցրտին շաբաթ-կիրակի գնա Վերնիսաժ, օրական 1000 դրամ փող տա տեղի համար: Երրորդ, եթե շնիկը չվաճառվի, ինքը «տակ կտա»: Բայց իրեն չկորցնելով՝ մի ելք առաջարկեց: Եթե համաձայնեմ շնիկը վաճառել 15000 դրամով, վճարեմ բոլոր սրսկումները, նաեւ օրական 1000 դրամ տեղի փողը, մինչեւ շնիկը վաճառվի, կհամաձայնի գնել: Խոստանալով մտածել առաջարկի մասին, լսափողը դրեցի: Լրագրողի հետ այս նույն կինը չշտապեց զրուցել: Զանգեցի, ներկայացա եւ ի պատասխան իմ հարցերին՝ լսեցի «տու-տու-տու» «գեղեցիկ» մեղեդին: Մինչ ոգեւորված հարցեր էի տալիս, նա վաղուց լսափողը կախել էր: Հետո զանգերին պատասխանում էր մի երեխա եւ ասում. «Մաման տունը չի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել