Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ, ԵԹԵ ՀԱՎԱՏԱՍ

Փետրվար 27,2010 00:00

Այս խոսքերի հավաստիությունը ճշտելու համար պետք է ծանոթանալ փիլիսոփայության դասախոս Արման Ղարագուլյանի եւ ուսանողուհի Մանե Մադոյանի սիրո պատմությանը:

\"\"

«Առաջին անգամ իմ դասին եկավ ուշացումով, ուշադրությունս էլ առանձնակի չգրավեց եւ ինչպես ինքն է ասում` տարիքն առած, իմաստնացած ինչ-որ մեկին տեսնելու փոխարեն, տեսավ մի երիտասարդ տղայի»,- պատմում է Արման Ղարագուլյանը: Մանեն իր հերթին նշում է, որ երիտասարդ դասախոսը արտաքինով հաստատ նման չէր ո՛չ իր պատկերացրած փիլիսոփայության դասախոսին եւ ո՛չ իր պատկերացրած «իդեալական» տղամարդուն: Այնպես ստացվեց, որ ուսանողների մի խումբ, որոնց մեջ էր նաեւ Մանեն, դասերից հետո անընդհատ մնում էին եւ հարցեր տալիս դասախոսին: Մի օր էլ դասի ժամանակ խոսք է բացվում դիցաբանության, Ոսկե ձկնիկի, նրա կատարած ցանկությունների մասին: Ուսանողները չէին հավատում, որ Ոսկե ձկնիկը ցանկություններ է կատարում, եւ փիլիսոփայության դասախոսը որոշեց նրանց ապացուցել, որ եթե ցանկանում ես, երազանքդ կատարվում է: «Դասախոսը մեզ առաջարկեց «Հրաշագործների ակումբ» բացել, եւ մենք ընկերներով մասնակցեցինք դրան: Սկզբնական շրջանում այդ ամենը մեզ համար ծիծաղելի էր, բայց երբ ընկեր Ղարագուլյանը ասաց, որ պետք է հրաշագործ ինքնակենսագրականներ գրենք, եւ ով չգրի՝ դուրս կմնա ակումբից, մենք հասկացանք, որ ամեն ինչ շատ լուրջ է»,- ասում է Մանեն: Ակումբի առաջին հավաքի ժամանակ ուսանողները Ոսկե ձկնիկին պետք է ներկայացնեին իրենց ցանկությունները, եւ ցանկությունները կատարող աղջիկը իր կախարդական փայտիկով պետք է թույլ տար, որ դրանք իրականանան: Դասախոսը ուսանողներին պարտադրեց, որ երազանքները բարձրաձայն ասեն: «Ես այդ ժամանակ շատ էի ցանկանում սիրահարվել եւ որոշել էի այդ երազանքը պահել, բայց որ դա պետք է անեի բարձրաձայն եւ դասախոսի ներկայությամբ՝ չգիտեի: Առաջինը դասախոսը երազանք պահեց: Նա ասաց, որ ցանկանում է դիսերտացիա պաշտպանել: Հասավ իմ հերթը: Ես բարձրաձայնեցի իմ երազանքը՝ ես ուզում եմ մեկին սիրել, այնպես սիրել, որ մոռանամ իմ անունը»,- պատմում է Մանեն: Ոսկե ձկնիկը ասաց, որ թույլ է տալիս, որ Մանեի երազանքը կատարվի: Ա. Ղարագուլյանը խոստովանում է, որ այդ պահին մտածել է, թե տեսնես էս խելացի աղջիկը որտեղի՞ց է իրեն արժանի տղա գտնելու: «Երկրորդ քայլը այն եղավ, որ ես ուսանողների առաջ դրեցի երկրորդ փորձությունը: Նրանք հրաշքների մասին գիրք էին ուզում, եւ ես ասացի, որ ով կարողանա «Հրաշագործների ակումբ» անդամագրի չորս ուսանողի, նա կստանա գիրքը»,- պատմում է դասախոսը: Փորձությունը հաղթահարեց Մանեն: Այս ընթացքում Արմանը ինքն էլ տիեզերք՝ սիրո, ընկերուհու պատվեր էր ուղարկել: Հավաքներից մեկը համընկավ նրանց ընկերներից մեկի ծննդյան օրվա հետ, եւ ուսանողները դասախոսին եւս հրավիրեցին տոնելու: Այդ օրվանից նրանց ընկերությունն էլ ավելի ամրապնդվեց: Մանեն պատմում է, որ այդ շրջանում ընկերներն արդեն սկսել էին ակնարկներ անել, թե դուք անտարբեր չեք միմյանց նկատմամբ: Հերթական հավաքը տեղի ունեցավ Թալինում՝ ընկերներից մեկի տանը: «Դա առաջին կայծն էր: Մենք խաղեր էինք խաղում, Մանեն մեր խմբի հետ չէր եւ ես հասկացա, որ կուզեի, որ նա մեզ հետ խաղար»,- ասում է Արմանը: Նա արդեն հասկանում է, որ անտարբեր չէ Մանեի նկատմամբ եւ սկսում է հետեւել, ուսումնասիրել նրան: Դասախոսը սկսում է մտածել, թե արդյոք Մանեն այն մարդն է, ում հետ ինքը կցանկանար լինել եւ հասկանում է, որ նա է: Մի օր ընկերները Մանեին խաբեությամբ փիլիսոփայության ամբիոն են ուղարկում, որտեղ նա մենակ է մնում դասախոսի հետ: Այդ ժամանակ տեղի է ունենում առաջին սիրո խոստովանությունը: «Ես զգացի, որ ինչ-որ բան արդեն հասունացել է եւ ուզում է դուրս գալ: Ես նրան ասացի, որ սիրում եմ իրեն: Նա էլ, թե՝ ինչ ասեմ: Ես ասացի, որ ոչինչ ասելու կարիք չկա, ուղղակի, եթե ինքն էլ ցանկանա մի բան ասել, թող ասի»,- պատմում է Արմանը: Օրերից մի օր Արմանը խնդրեց Մանեին, որ առանց ընկերների հանդիպեն եւ գնան զբոսնելու: Դա նրանց առաջին ժամադրությունն էր: Մանեն ահավոր վախենում էր սողուններից: Կինոթատրոնի կողքով անցնելիս՝ նրանք տեսնում են «Անակոնդա 2»-ի ցուցապաստառը: Դա հրաշալի առիթ էր Մանեի վախը վերացնելու համար: «Ֆիլմը դիտելուց հետո գնացինք պիցցայանոց: Արմանը շատ հանգիստ տոնով ասաց, թե՝ չամուսնանա՞նք: Ես չգիտեի ինչ պատասխանել»,- ասում է Մանեն:
Եկավ քննաշրջանը: Դա Մանեի եւ նրա ընկերների համար մեծ փորձություն էր, նրանք պետք է լավ պարապեին՝ համակուրսեցիներին ապացուցելու համար, որ ընկեր Ղարագուլյանի քննությունը հենց էնպես չեն ստանում: «Ամբողջ գիշեր չքնեցի, փիլիսոփայություն էի պարապում: Հաջորդ օրը քննությունս բարեհաջող հանձնեցի»,- պատմում է Մանեն: Դասախոսը ասում է, որ Մանեն իրոք լավ էր պատրաստվել եւ գնահատականը իր զգացմունքների հետ կապ չուներ: «Ճիշտ է, սեմինարների ժամանակ միշտ խուսափում էի նրան հարցնել՝ վախենալով, որ չի պատասխանի, բայց սա այդ դեպքը չէր»,- ասում է նա:
Երկուսուկես տարուց նրանք ամուսնացան: Հիմա նրանք մի հրաշք բալիկ ունեն՝ Արփին, որ շուտով երկու տարեկան կդառնա: Ի դեպ, փոքրիկի ծննդյան օրը եւս պատվիրված էր: «Երբ իմացանք, որ բալիկ պետք է ունենանք, ցանկացանք, որ նա գարնան առաջին օրը ծնվի եւ այդպես էլ եղավ»,- ասում է Մանեն: Հիմա, երբ այս  երջանիկ  զույգին հաճախ հարցնում են, թե  հավատում են հրաշքների գոյությանը, սովորաբար պատասխանը լինում է հետեւյալը. «Մենք չենք հավատում, մենք գիտենք»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել