Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կորցնել ու նորից սկսել

Փետրվար 27,2010 00:00

Ի հեճուկս բժիշկների, Հայկը շարունակում է պարել վնասված ողնաշարով

1997թ. մայիսի 14, 16:30: Սովորականի պես ինը տարեկան Հայկը պարապմունքից տուն էր գնում: Չէր համբերում՝ տուն հասնի ու մայրիկին ցույց տա նոր սովորած շարժումները: Ժպիտը դեմքին, աչքերը կայծկլտում են… Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նոր պար էր սովորել: Վերջապես տանն է. «Մամ, մամ, նայի՝ ինչ ենք այսօր սովորել: Մյուս կիրակի՝ համերգին, այս պարն ենք պարելու»: Ճաշելուց հետո իջավ բակ ու… «Հայկը շատ չարաճճի երեխա էր: Հենց բակ էր իջնում, անընդհատ պատուհանից հետեւում էի, որ հանկարծ մի բան չպատահի: Բակի երեխաների հետ էլ հարաբերություններն այդքան լավ չէին: Տղաները անընդհատ ձեռ էին առնում. «Արա, ամոթ ա… Հո դու աղջիկ չես, որ պարի ես գնում»: Հայկն էլ կռիվ էր անում ու ծեծված տուն գալիս: Երեւի երեխաները հոգնել էին ծեծվելուց ու ծեծելուց. այդ օրն ուրիշ խաղ խաղացին»,- պատմում է Հայկի մայրը:
Այդ օրը Հայկի համար ճակատագրական էր: Սովորականի պես բակում էր: «Հայկ, պարող տղա ես, կարա՞ս մուտքի երկրորդ հարկից թռնես: Չէ հա, չես կարա: Որտեղից պարողին էդքան դուխ»: Եվ շատ վախենում էի, եւ ուզում էի բոլորին ինչ-որ բան ապացուցել: Հիշում եմ, որ ոտքերս թուլացել էին, սիրտս բերանիցս էր դուրս գալիս… Մտքումս աղոթում էի: Կանգնեցի պատուհանին, հաշվեցի մինչեւ երեքը ու թռա: Էլ ոչինչ չեմ հիշում»,- ասում է Հայկը: Հետո կոտրվածքներ, ուղեղի ցնցում եւ վերջ՝ պարելուն: «Եթե պարես, երկու ամիս անց հաշմանդամ ես դառնալու»,- սրանք բժշկի վերջին խոսքերն էին: Պատճառը Հայկի «հերոսական» թռիչքի արդյունքում ստացած ողնաշարի վնասվածքն էր: «Շատ դժվար էր: Հիվանդանոցում մենակ պարի մասին էր խոսում: Երազում էր դուրս գրվի, որ նորից գնա պարի: Սիրտս մղկտում էր, չէի կարողանում աչքերի մեջ նայել: Չգիտեի ոնց ասեմ, որ էլ չի կարողանալու պարել: Ախր պարը նրա կյանքն էր… Այդպես էլ համարձակություն չունեցա եւ այդ պարտականությունը հանձնեցի ամուսնուս»,- ասում է մայրը:
«Առողջանալուց» հետո Հայկը պարի չէր գնում: Ավելի ճիշտ՝ ինքը չէր պարում, բայց ամեն օր գնում էր պարի դահլիճ. «Ոնց որ աշխատանքի գար: Ամեն օր գալիս, նստում ու մյուս պարողներին էր նայում: Առավոտից գիշեր այստեղ էր: Աչքերի մեջ այնքան ցավ կար, այնքան զայրույթ: Ինձ ասում էր. «Ընկեր Զառա, ախր ինչի թռա, ես ապուշ եմ»: Չգիտեի ինչ պատասխանեի: Բոլորիս համար էլ ծանր ժամանակներ էին»,- պատմում է Հայկի պարուսույցը՝ Զառա Անդրեասյանը: Նախքան վնասվածքը՝ Հայկը բազմաթիվ հաջողությունների էր հասել. Հայաստանի բացարձակ չեմպիոն, Վրաստանի բաց առաջնության հաղթող, բազմաթիվ ակումբային մրցույթների առաջին մրցանակակիր: Թե բակում, թե դպրոցում միայն նրա մասին էին խոսում, գովաբանում: «Առանց պարի, ոնց որ չապրեի: Որոշեցի, ավելի լավ է երկու ամիս էլ պարեմ՝ հաշմանդամ դառնամ, քան էլ այդ հաճույքը չզգամ: Հենց հաջորդ օրն էլ գնացի պարապմունքի»: Բոլորն էլ համոզում էին, որ խենթություն չանի, բայց՝ ապարդյուն: Որոշումը կայացված էր: Վախը սրտում պահած, որ հնարավոր է հաշմանդամ դառնա, դիմեց այդ քայլին: Ականջում հնչում էին բժշկի խոսքերը. «Երկու ամիս հետո հաշմանդամ կդառնաս»: Անցավ երկու ամիս, 12 ամիս, հիմա արդեն 11 տարի: Բժիշկների կանխատեսումները չիրականացան, հակառակը՝ Հայկի առողջությունը ավելի է լավացել՝ շնորհիվ պարի: Այժմ պարում եւ դասավանդում է «Գլորիա» սպորտային պարերի ակումբում:
2009թ. ապրիլի 8, 21:00: Սովորականի պես Հայկը պարապմունքից տուն է գնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել