Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ՄԻ ՕՐ ՉՎԱԽԵՆԱՄ»

Փետրվար 27,2010 00:00

\"\"Ֆիլմերի «դոզան» Լուսինեին չի բավարարում

Լուսինեի ֆիլմադարանում տեղ են գտնում «Прокляьтие”, “Не вижу зла”, “Один в темноте”, “У холмов есть глаза”, “Омен 666”, “Пила”, “Остановка в ад”, “Зеркала”, “Призраки” եւ այլ սարսափ ֆիլմեր: 19-ամյա Լուսինեն արդեն չորս տարի է, ինչ կախման մեջ է գտնվում սարսափ-ֆիլմերից, սակայն չի էլ փորձում հրաժարվել դրանց «օգտագործումից»: «Ամեն անգամ սարսափի «դոզան» պիտի բարձրացվի: Նայելով, օրինակ, «Պիլան», այլեւս չի բավարարում «Զերկալան»: Այս ֆիլմերն էլ նարկոտիկի պես մի բան են՝ սկսեցիր դիտել, այլեւս չես կարող դադարեցնել»,- ասում է Լուսինեն:
Լուսինեի դասարանցիներն էին, որ իրենց «ջրերը» գցեցին աղջկան: Դասերից հետո հավաքվում էին մեկի կամ մյուսի տանը, մի նոր սարսափ-ֆիլմ միացնում ու դիտում: Հիմա արդեն ուսանողուհի է, բայց շարունակում է դիտել այդ ֆիլմերը: «Վախը ինձ համար հիանալի զգացողություն է՝ ադրենալին, որ օդի պես անհրաժեշտ է ինձ, մեկ-մեկ էլ ուղղակի վախենում եմ՝ մի օր չվախենամ»,- ասում է Լուսինեն:
Մինչդեռ Լուսինեն ոչ միայն վախենում է, այլ նաեւ վախեցնում է հարեւաններին: Չկարծեք, թե աղջիկը գիշերները ձեռք է բերում ֆիլմերի հերոսների կերպարանքը. հարեւաններին ուղղակի վախեցնում է աղջկա հագուկապը: «Օր օրի Լուսինեն մի կերպարանք է ստանում՝ շղթաներով շորեր է հագնում, արտասովոր արդուզարդարանքով, սանրվածքն էլ ամեն օր փոփոխում է: Այսօրվա երիտասարդությունից ինչ ասես կարելի է սպասել: Կատակի տալով իրեն էլ ասում եմ՝ Լուսինե ջան, մեկ-մեկ վախենում ենք քեզնից՝ հո դու գիշերվա երա՞զ չես»,- ասում է հարեւաններից Զինա տոտան:
Մինչդեռ գիշերվա երազները նպաստում են Լուսինեի ստեղծագործական գործունեությանը, քանի որ հենց գիշերվա իր տեսած տարօրինակ երազների հիման վրա՝ աղջիկը գրում է սարսափ-ֆիլմերի սցենարներ: «Ֆիլմերի հենց այդ ժանրը ինձ շատ է գրավում, ինքս էլ գրում եմ ու հուսով եմ, որ կգտնվի մի ռեժիսոր, որ կցանկանա ինձ հետ համագործակցել: Դա իմ երկար սպասված երազանքն է»,- ասում է իմ զրուցակիցը:
Իսկ թե ինչ կապ ունի Լուսինեի ռոքերի կերպարը իր սցենարական գործունեության հետ, Լուսինեն պատասխանում է՝ շատ անմիջական: «Ռոքը ինձ շատ է օգնում, նպաստում իմ երեւակայությանը: Գրեթե բոլոր սցենարները գրում եմ ռոք երաժշտություն լսելով, իմ կարծիքով՝ ռոքը եւ սարսափ-ֆիլմերը ստեղծված են իրար համար, եւ հենց ֆիլմերում էլ պետք է գերակշռեն ռոքային տարրերը: Ես իմ ֆիլմերը հենց այդպիսին եմ պատկերացնում: Շրջապատում շատ են հարցնում՝ «Էմո՞» եմ ես, թե՝ ոչ: Սակայն պետք է ասեմ, որ «Էմոների», այսինքն՝ սատանիստների հետ իմ շփումը ամենեւին չի նշանակում, որ ես էլ եմ «սատանիստ». նրանք հագնվում են վարդագույնը սեւով, իսկ իմ կերպարն ուղղակի ռոքային է: Ինչպես նրանց, այնպես էլ բայքերների, ռոքասերների հետ իմ շփումը նույնպես իմ աշխատանքի հետ է կապված»,- ասում է Լուսինեն:
Լուսինեն սովորում է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում, այստեղ, ինչպես ասում է նա, «Մասսան ուրիշ է, եւ քեզ ուղղակի տարօրինակ հայացքներով չեն նայի, քանի որ մեծ մասն էլ յուրահատուկ են թե իրենց հագուկապի, թե մտքերի մեջ: Եվ եթե շատերը իմ մեջ տարօրինակություն են տեսնում, ես դրանից միայն ուրախանում եմ, քանի որ բոլորից տարբերվելն ու տարօրինակ կոչումին արժանանալը ինձ համար առավելություն է: Իսկ իմ հարեւանների բամբասանքներին կամ «հայ տղաների» կողմից արված ռեպլիկներին, թե՝ քուրիկ ջան, էտ մազերդ տոկի ես տվել եւ նման այլ բաներ՝ համակերպվել եմ, պարզապես այդ մասսային անտեսում եմ, քանի որ իսկական «տոկի» տվածները հենց իրենք են՝ ամեն ինչից կոմպլեքսավորված: Ես սիրում եմ ազատությունը, սա իմ ոճն է, իմ կյանքը, եւ ամեն մարդ հենց ինքն է որոշում՝ ինչպես ապրել»,- պատմում է Լուսինեն:
Լուսինեի ծնողները արդեն վաղուց է, ինչ ամուսնալուծված են, հայրը չի խառնվում աղջկա կյանքին, իսկ մայրn ասում է. «Լուսինեն արդեն հասուն աղջիկ է, ես փորձում եմ չմիջամտել շատ հարցերում, որպեսզի ինքը որոշումներ կայացնի, թեկուզ սխալվի, բայց իր սխալների հիման վրա շատ բան կսովորի: Ես ժամանակակից մտածելակերպի կողմնակից եմ՝ թող ազատ լինի իր որոշումներում եւ քայլերում: Կարեւորը, որ ես նրան վստահում եմ եւ գիտեմ, որ անլուրջ քայլեր իր կյանքում չի անի: Իսկ իր ոճի հետ կապված ասեմ, որ ինձ դուր է գալիս՝ բոլորից տարբերվելը իմ Լուսինեի առավելությունն է, ինքը այդպիսին է նաեւ իր մտահղացումներում»:
Եվ հենց իր մտահղացումների հիման վրա էլ, մայիս ամսին, քննությունների համար նկարահանելու է փոքրիկ սյուժետային ֆիլմ, որին պատրաստվում է գիշերները՝ կեսկատակ-կեսլուրջ ասելով. «Զոմբիներին ու վամպիրներին ուրիշ ժամ հարմար չի, նրանք արթուն են միայն կեսգիշերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել