Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում

Փետրվար 27,2010 00:00

Այսօր հեռուստատեսության եթերն ու ինտերնետը ողողված են էրոտիկա եւ պոռնոգրաֆիա պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով, ինչը, ըստ հոգեբանների, մեծ ու բացասական ազդեցություն է ունենում երեխաների ու անչափահասների վրա: Այս բացասական ազդեցությունների ու էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի տարբերությունների մասին զրուցեցինք բժիշկ-սեքսապաթոլոգ Կարինե Խաչատրյանի հետ:
– Տիկին Կարինե, ի՞նչ տարբերություններ կան էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի միջեւ:
– Միանշանակ ասել, թե ահա սա համարվում է պոռնոգրաֆիա, իսկ սա՝ էրոտիկա, սխալ է, որովհետեւ հնարավոր չէ հստակ գծել պոռնոգրաֆիայի եւ էրոտիկայի տարբերությունները: Տարբեր երկրներում սրանց բնորոշումները շատ տարբեր են եւ անընդհատ փոփոխվում են: Օրինակ՝ Ճապոնիայում էրոտիկա է համարվում կնոջ որեւէ սեռական օրգանի ցուցադրումը, իսկ, ասենք, մեր երկրում դա էրոտիկա միանշանակ չի համարվի, որովհետեւ մեր պատկերացումները էրոտիկայի մասին բոլորովին այլ են:
– Իսկ ի՞նչ են հայերը պատկերացնում, ըստ Ձեզ, էրոտիկա ասելով:
– Մեր ժողովրդի մեծ մասը էականորեն չի տարբերում էրոտիկան պոռնոգրաֆիայից: Օրինակ՝ ֆիլմում որեւէ էրոտիկ տեսարան դիտելիս մարդիկ մտածում են, թե դա պոռնոգրաֆիա է, այնինչ՝ կարող է եւ այդպես չլինել: Ասենք, եթե այդ սիրո հարաբերության ժամանակ զգացմունքը բացակայում է եւ նրանք առաջնորդվում են բնազդով, ապա դա հենց պոռնոգրաֆիան է, իսկ եթե կա զգացմունք՝ դա արդեն այլ հարց է:
– Հայաստանյան եթերով ցուցադրվող էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բնույթի հաղորդումները, ֆիլմերը որքանո՞վ են ազդում անչափահասների սեռական դաստիարակության վրա:
– Այդ բնույթի հաղորդումներն ու ֆիլմերը շատ մեծ նշանակություն են ունենում անչափահասների վրա, քանի որ նրանք շատ շուտ են ազդվում ամեն ինչից եւ ցուցադրվող ամեն ինչ ընկալում են զուտ որպես ռեալ իրականություն: Բայց եթերով ցուցադրվում են սիրային հարաբերությունների ոչ թե իրական, մաքուր կողմերը, այն գեղեցիկն ու հաճելին, որ կա դրանցում, այլ՝ դրա բոլորովին խայտառակ ու այլանդակ տարբերակը: Անչափահասը դա տեսնելով մտածում է, որ իրական կյանքում էլ է այդպես այլասերված վիճակ, եւ նրա սեռական դաստիարակությունը եւս այլասերվում է: Այսօր, ցավոք, ունեմ շատ այցելուներ, որոնք մեծամասամբ աղջիկներ են, ի դեպ՝ արդեն չափահաս, որոնք դեռ փոքրուց տեսնելով սեռական կյանքի ցուցադրվող այլասերված տարբերակը, խուսափում ու վախենում են ամուսնությունից՝ պատկերացնելով, թե իրական կյանքում էլ նույնն է լինելու: Եվ մենք՝ սեքսապաթոլոգներս, փորձում ենք բացատրել, որ այն, ինչ տեսել կամ լսել են սեռական կյանքի մասին, ամենեւին չի համապատասխանում իրականությանը, եւ պետք չէ վախենալ ամուսնությունից:
– Տիկին Կարինե, հեռուստատեսությամբ ցուցադրվում են բժշկական հաղորդումներ, օրինակ՝ ուրոլոգիայի մասին, ինչ եք կարծում՝ դա էրոտիկա՞ է, թե՞ ոչ:
– Դա կախված է հաղորդման բնույթից: Չեմ նշի որեւէ հաղորդման անուն, բայց իմ ասածից մարդիկ կհասկանան, թե ես որ հաղորդումները նկատի ունեմ: Կա բժշկական մի հաղորդում, որը պլաստիկ վիրաբուժության մասին է: Հաղորդման մեջ ցուցադրվում են բոլոր մանրամասները՝ կապված վիրահատության հետ, բայց սեռական օրգանները հատուկ ձեւով փակված են եւ չեն երեւում: Այնպես որ, հաղորդումը զուտ բժշկական է եւ այստեղ ավելորդ է խոսել էրոտիկայի կամ պոռնոգրաֆիայի մասին, ինչը չեմ կարող ասել մեկ այլ հաղորդման մասին, որը եւս պլաստիկ վիրաբուժության մասին է: Այս հաղորդման մեջ ոչ միայն գռեհիկ ձեւով ցուցադրվում են սեռական բոլոր օրգանները, այլեւ այլասերված սեռական հարաբերություններ, որոնք տեղի են ունենում բժշկի եւ յուրաքանչյուր հաճախորդի միջեւ: Ասենք, երիտասարդ աղջիկը, ով ուզում է քիթը վիրահատել, սա տեսնելով՝ հաստատ այլեւս չի դիմի բժշկի, որովհետեւ կմտածի, եթե ցուցադրվող ֆիլմը կամ հաղորդումը նկարահանվել է իրական հիմքերի վրա, ապա իր հետ էլ կարող է նույնը կատարվել:
– Ի՞նչ եք կարծում՝ ՀՌԱՀ-ի կողմից մշակված չափորոշիչները ինչ-որ բանի կօգնեն:
– Եթե իսկապես գործեն այդ չափորոշիչները, ապա, անկասկած, դա դրական կանդրադառնա ոչ միայն հեռուստաեթերի, այլեւ անչափահասների սեռական դաստիարակության վրա, քանի որ հեռուստատեսությունն է մեծամասամբ դաստիարակում անչափահասներին, եւ լավ կլինի, եթե այն ճիշտ դաստիարակի, այլ ոչ թե փչացնի երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել