Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ի ԴԵՄ ԳՈՒՑԵ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԵՎ Հ. Տ. ՀԱՅԿՈՆ

Փետրվար 27,2010 00:00

«Ես կուզեի, որ բոլոր հանցագործները լինեին Ավիկի պես, բայց չէի ուզի,
որ երիտասարդները կրկնօրինակեին այն, ինչը Ավիկը անում է ֆիլմի մեջ»,- ասում է «Որբերը» հեռուստանովելի Ավիկի դերակատար Հ. Տ. Հայկոն:

\"\"

Փետրվարի 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի փոփոխությունները՝ վերջնական տարբերակով: Այս օրենքի փոփոխությունների մասին զրուցեցի «Որբերը» հեռուստանովելի դերակատարներից Հ. Տ. Հայկոյի հետ, ում կերտած կերպարն ուղղակիորեն առնչվում էր նոր սահմանված չափորոշիչների խախտմանը, այն է՝ օրինազանցություն, հանցագործ կենսակերպի քարոզ, հանցագործների հերոսացում եւ ռոմանտիզացիա: Հ. Տ. Հայկոն նշեց, որ իր կերտած կերպարը (Ավիկ) պարզապես հեռուստանովելի սցենարի հեղինակի առաջադրածն էր, ինքն էլ, որպես դերակատար, փորձում էր հասկանալ իր դերը, մտնել կերպարի մեջ: «Ավիկի կերպարի ոչ բոլոր կողմերն են ինձ հոգեհարազատ, բայց անկեղծությունն իմն է»,- ասում է Հ. Տ. Հայկոն: Եթե իր կերպարը ինչ-որ բան է պրոպագանդում, ապա, նրա համոզմամբ. «Սա պրոպագանդում է զուտ այդ կյանքով ապրող մարդկանց համար: Նրանք, ովքեր ապրում են հենց այդ կյանքով, նայեն ու ասեն. «Այ, տե\’ս, ինչ լավ ա անում, ես էլ կուզեմ այդպես անել»: Ոչ թե ավտոներով հելնեն բորդյուրների վրա եւ մարդկանց խփեն, այլ փորձեն ավելի համեստ ապրել, իրենց նորմալ պահել»: Անդրադառնալով հայկական հեռուստասերիալների, ֆիլմերի բովանդակությանը եւ կանգնելով «Որբերը» սերիալում պատկերվող դաժան իրականության, հանցագործ աշխարհի պատկերման եւ դրանց բացասական ազդեցությանը անչափահաս սերնդի վրա՝ Հ. Տ. Հայկոն ասաց. «Եթե պատանիներn ուզենան նման բովանդակությամբ ֆիլմեր նայել, այդ չափորոշիչների սահմանումը ոչինչ չի կարող անել, կգնան, կգնեն ամերիկյան ֆիլմեր, որոնք շատ ավելի դաժան են, եւ կդիտեն»:
Խոսելով սահմանված չափորոշիչների կետերից մեկի՝ իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացման մասին, Հ. Տ. Հայկոն տարակուսանք հայտնեց, թե արդյոք ո՞րն է իրականության խեղաթյուրումը. այն, որ իրականությունը դաժան է, կան հանցագործնե՞ր, թե՞ դրանց չներկայացնելը: «Ես սերիալներին ուրիշ կերպ եմ վերաբերվում, ֆիլմերին՝ ուրիշ: Սերիալներն անընդհատ մարդկանց աչքի առաջ են, եւ դրանց դիտողների թիվը ավելի մեծ է: Այստեղ, իմ կարծիքով, հանցագործ աշխարհի հերոսականացումը, բռնությունները, էրոտիկան պետք է ավելի քիչ լինեն, բայց կինոնկարը, որ գեղարվեստական արժեք ունի, պետք է իրականությունը պատկերի ամբողջությամբ՝ իր թերի եւ դրական կողմերով: Հակառակ դեպքում՝ կտուժի նրա գեղարվեստական արժեքը,- նկատեց Հ. Տ. Հայկոն՝ ավելացնելով,- այդ դեպքում մենք չենք հասնի համաշխարհային ֆիլմերի այն մակարդակին, որին այդքան ձգտում ենք»: ՀՌԱՀ-ի՝ դաժան իրականության, լքված ճակատագրերի պատկերում, դաստիարակների հեղինակազրկում (Ալինայի կերպար) եւ այլն պարունակող ֆիլմերը եւ հաղորդումները հեռուստաէկրանից հեռացնելու կամ դրանք տեղափոխելու նկրտումնե՞րն են «նպաստել» «Որբեր» հեռուստանովելի շուտափույթ ավարտին: «Ճիշտն ասեմ, լիարժեք տեղյակ չեմ սերիալի ավարտի բուն պատճառի մասին, բայց կռահում եմ, որ հենց դա է պատճառը եղել, որովհետեւ սերիալը ռեյտինգով չէր տուժել: Որքան գիտեմ, ֆիլմը դեռ երկար պետք է զարգանար»,- ասում է «Որբերը» սերիալի Ավիկի դերակատարը: ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի պնդմամբ, չափորոշիչները խախտող հեռուստառադիոհաղորդումները եւ ֆիլմերը համապատասխան շտկումներ անելուց հետո կարող են հեռարձակվել: Ըստ Հ. Տ. Հայկոյի, այդ դեպքում սերիալն ամբողջությամբ պետք է փոխվեր:
Ի՞նչ ազդեցություն կունենան ՀՌԱՀ-ի պահանջները Հ. Տ. Հայկոյի երգերի տեսահոլովակների վրա: Երգիչը, իր իսկ խոսքերով, գիտակցում է՝ ինչ է անում. «Իմ երգերի գերակշիռ մասը այնպիսին են, որոնց հիման վրա չարժե տեսահոլովակ նկարահանել կամ եթե այդպիսիք լինեն էլ, զուտ ինտերնետային կայքերի համար: Ես գիտակցաբար այն երգերի տեսահոլովակներն եմ նկարում, որոնք ավելի նեյտրալ են բովանդակության առումով եւ դրանք, չեմ կարծում, որ ինչ-որ վատ բան են պրոպագանդում»: Նա համոզված է. «Եթե արգելվի այդ տեսահոլովակների հեռարձակումը եթերով, ապա դրա դեմ կպայքարեն բոլորը, ես էլ կմիանամ նրանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել