Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուժքույր վաճառականը

Փետրվար 27,2010 00:00

Վերնիսաժում առեւտուր անելուց հետո՝ տիկին Լենան չի ուզում այլեւս իրեն հայելու մեջ նայել:
Միջահասակ, կլորիկ կազմվածքով, թխահեր կին է տիկին Էլեոնորան, ով այսօր Վերնիսաժում հուշանվերներ է վաճառում: Շրջապատում նրան Լենա են ասում: Ուսանողուհի թոռնիկ ունի, բայց նրան նայելով՝ չես էլ կարող ենթադրել, որ տատիկ է: Մասնագիտությամբ բուժքույր է, տարիներ առաջ աշխատում էր պրոֆեսոր Յոլյանի անվան ուրոլոգիական հիվանդանոցում, այնուհետեւ տեղափոխվեց Մասիվի պոլիկլինիկա, իսկ հետո… «Հետո ասացին՝ մեզ երիտասարդ կադրեր են պետք, ու ես մնացի առանց աշխատանքի»,- ասում է տիկին Լենան: Հարեւանները խորհուրդ տվեցին փոքրիկ սեղան դնել Վերնիսաժում ու հիմա էլ այդկերպ գումար վաստակել: Արդեն երեք տարի է, ինչ տիկին Լենան գնում է աշխատանքի, բայց՝ տհաճությամբ: «Էստեղ հայտնվելը կյանքիս ամենամեծ հիասթափությունն էր,- ասում է նա,- երբեք չէի պատկերացնի, որ կդառնամ վաճառական, ուրիշ բնավորություն ունեի, սիրում էի գեղեցիկ հագնվել, որ հիվանդի մոտից դուրս էի գալիս, պիտի անպայման հայելու մեջ նայեի, մազերս ուղղեի ու նոր գործս շարունակեի: Իսկ հիմա առավոտից գալիս եմ էստեղ, կանգնում ու հայելու մասին չեմ էլ հիշում»: Նրա կարծիքով, Վերնիսաժն էլ առաջվանը չէ. «Հիմա, ճիշտ է, արվեստի գործեր կան, բայց քիչ են, վաճառում ենք էն, ինչ մարդիկ առնում են, բոլորը սկսել են գին գցել, մարդ ենք, էս ամեն ինչը ազդում է մեր նյարդերի վրա»:
Տիկին Լենայի սեղանիկը մյուսներից առանձնանում է իր աղջկա՝ Լիանայի պատրաստած տիկնիկներով: «Վաճառվող ապրանքներից ամենաշատը էս տիկնիկներն եմ սիրում, շատ գեղեցիկ են, դիմացս կանգնած՝ ոնց որ հետս խոսեն: Էս մեկին նայեք, ինչ համեստ, խոնարհ հայացք ունի, բա էս մյուսը՝ ինչ ուժեղ, սիրուն հայուհի է»,- ասում է նա ծիծաղելով: Նախկին բուժքույրը թեեւ շատ է սիրում այս տիկնիկները, բայց դա չի խանգարում նրան իր աղջկա համար առաջին քննադատը լինել. «Էլի իմ ուզածը չի: Ասում եմ՝ բալես, ինձ քանակ պետք չի, ինձ որակ է պետք»:
Տիկին Լենան մի երազանք ունի, նա դրամապանակից հանեց թոռնուհու նկարը, ցույց տվեց ինձ ու ոգեւորված ասաց. «Թոռնիկս է, թատերական ինստիտուտում է սովորում, ուզում է հեռուստառեժիսոր դառնալ: Երազում եմ, որ ինքը լավ մասնագետ դառնա, հետո լավ ընտանիք կազմի ու երջանիկ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել