Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգեւոր սննդով ընտանիք չես պահի

Փետրվար 27,2010 00:00

Երաժշտական խմբերը փլուզվում են, բայց արտիստները գալիս են

Արմավիր քաղաքում ո՛չ թատրոն կա, ո՛չ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ելույթ են ունենում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր երեւում են հեռուստատեսությամբ, իսկ դասական բնույթի համերգներ գրեթե չեն լինում: 2006 թվին Արմավիրում ձեւավորվեց լարային քառյակ (1-ին ջութակ՝ Վաղինակ Գրիգորյան, 2-րդ ջութակ՝ Գարիկ Հովհաննիսյան, թավջութակ՝ Էմիլ Ներսիսյան, ալտ՝ Սարգիս Խաչատրյան): Երկու տարի աշխատելուց հետո խումբը մենահամերգ ունեցավ: Հանդիսատեսը շատ գոհ էր, տպավորված, վերջապես հույս կար, որ Արմավիրի մշակութային կյանքում ինչ-որ բան կփոխվի, բայց համերգից մի քանի ամիս հետո կվարտետը փլուզվեց: Աշխատանքի երրորդ տարում նրանք հասկացան, որ հոգեւոր սննդով ընտանիք չես պահի, ու առանց վարձատրության աշխատելը ժամանակի անիմաստ վատնում է: Որոշ ժամանակ անց կրկին մի խումբ ձեւավորվեց, այս անգամ՝ ջազ-էստրադային: Երաժշտական խումբն իր երկու ժամանոց ծրագիրն ուներ, հանդես էր գալիս դասական, ջազային, ինչպես նաեւ ժողովրդական ստեղծագործություններով, մի քանի համերգ ունեցավ, բայց կրկին կազմալուծվեց: «Խմբի չլինելու հիմնական ցավոտ հարցը ֆինանսական կողմն է, վարձատրվում էին միայն դիրիժորն ու գործիքավորողը, չնայած մեր քաղաքապետը հնարավորության սահմաններում մի քանի անգամ խմբի մյուս անդամներին էլ վարձատրեց, չգիտեմ ինչու՝ դա տեւական չէր, բայց ես հուսով եմ, որ մեր քաղաքապետի շնորհիվ խումբը կվերականգնվի»,- ասում է նվագախմբի քանոնահարուհի, Արմավիրի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն Մարինե Ասատրյանը:
Կվերականգնվի՞ խումբը, արդյոք, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ տիկին Ասատրյանը Արվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյանի հետ միասին երեխաներին դասական արվեստին հաղորդակից դարձնելու համար համերգային ծրագրով դպրոց էին հրավիրել դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին: «Դահլիճում նստած հիացել ու ապշել էի, հեռուստատեսությամբ, ճիշտ է, ցուցադրում են դասական համերգներ, բայց դրա ազդեցությունը, եթե համեմատենք էսօրվա համերգի հետ, շատ փոքր է»,- ասում է 7-րդ դասարանի աշակերտուհի Անին: Սվետլանա Նավասարդյանը հանրապետության գրեթե բոլոր երաժշտական դպրոցներում համերգներ է տվել: «Տարբեր տեղեր եմ նվագել՝ Ֆրանսիա, Ճապոնիա, Ռուսաստան, բայց մեր երկրի մարզերում նվագելը իմ գործունեության կարեւորագույն մասն է, որը շրջանցված չէ, գիտակցում եմ, որ երեխաներին սա շատ է պետք»,- ասում է տիկին Նավասարդյանը: Այս դպրոց դեկտեմբեր ամսին եկել էր նաեւ դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Ըստ տիկին Ասատրյանի, նման հնարավորություն իրենց վերջերս է տրվել. «Երբ Արվեստի դպրոցը վերանորոգվեց, տեղի դահլիճը իր ակուստիկ հնչողությամբ եւ ընդհանուր կառուցվածքով թույլ տվեց այդ որակի երաժիշտներ հրավիրել մեզ մոտ. եթե մանրահատակ չկա, առաստաղն էլ կաթում է, նման պայմաններում ինչպես կարող էինք արտիստներ հրավիրել»: Այս հանդիպումները շարունակական են լինելու: Ապրիլի վերջին Արվեստի դպրոցում կհյուրընկալվի դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը: «Արվեստը այսօր լուրջ աջակցության կարիք ունի, վերջերս պետությունն ազգային նվագարանների բաժինը իր հովանավորության տակ վերցրեց, արդյունքը միանգամից երեւաց, մեզ մոտ անցումային շրջանից հետո աննախադեպ ընդունելություն եղավ, միայն տասը երեխա շվիի դասարան ընդունվեց»,- ասում է տիկին Ասատրյանը: Մարզկենտրոնում կարծես թե մշակույթը առաջ է գնում, իսկ ահա գյուղերում վիճակը ծանր է: Օրինակ, Սարդարապատի երաժշտական դպրոցում մնացել են չորս դասատու, կիսախարխուլ ու ջեռուցում չունեցող շենքում նրանք աշակերտներին նվագել կամ երգել են սովորեցնում: Մշակութային օջախները կառավարության հովանավորության կարիքն ունեն, որովհետեւ համայնքապետարաններն ավելի կարեւոր հարցեր ունեն լուծելու (ջուր, գազ, ճանապարհի վերանորոգում), քան արվեստի խթանումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել