Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Փետրվար 27,2010 00:00

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ

\"\"\"\"

Մանկապարտեզում նրա անկողինն առանձին էր, ճաշացանկը՝ նույնպես: Ուտում էր այն, ինչ սիրում էր: Երբ բոլոր երեխաները քնում էին, նա գնում էր խաղալու: Սակայն ոչ թե նրա համար, որ դաստիարակներն ու դայակները գուշակել էին Արսեն Ջուլֆալակյանի չեմպիոն դառնալը, այլ ուղղակի տղայի ակտիվությունն ու կամքի ուժը դեռ մանուկ հասակում էին դրսեւորվել:
«Ամեն ինչ անում էի. երգում էի, պարում, արտասանում: Չարություններ էլ էի անում, բայց դե դաստիարակներն ինձ շատ էին սիրում: Նույնիսկ ընկերուհի ունեի»,- պատմում է նա: Երեխայի ունակությունները նկատելով՝ մայրը նրան տարբեր խմբակների էր տանում: Մինչ դպրոց հաճախելը՝ անգլերենի դասընթացների էր գնում, հետո երգի, պարի. այսպես մինչեւ 11 տարեկանը: Այս տարիքից արդեն զբաղվում է ըմբշամարտով:
«Միայն անգլերենի դասերին էի ստիպված գնում, որովհետեւ շատ փոքր էի: Մնացած բոլոր տեղերը հաճույքով էի գնում: Միայն նկարչության չեմ գնացել, քանի որ ամեն ինչ մոտավոր եմ նկարում»,- ասում է ըմբիշը: Այս ամենով հանդերձ, դպրոցում տասը տարի գերազանց է սովորել: Մինչեւ 6-րդ դասարանը սպորտը շատ հեշտ համատեղում էր դասերի հետ: Հետո սկսվեցին սպորտային հաջողությունները, դասերն էլ տարիների հետ բարդացան, եւ պատանի չեմպիոնի առօրյան ավելի ծանրաբեռնվեց: Իսկ երբ սկսեց պատրաստվել ընդունելության քննություններին, գործն ավելի դժվարացավ: Այդ ժամանակ պետությունը մարզիկին հնարավորություն էր տվել Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում անվճար սովորել, քանի որ Արսենը պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել: Բայց նա ձգտում էր այլ մասնագիտություն եւս ունենալ. «Այսպես երկու տարի շարունակ ամբողջ օրը վազվզոցի մեջ էի: Նույնիսկ լինում էին պահեր, երբ հուսահատվում էի եւ ցանկանում վերջ տալ ամենին, բայց շատ արագ սթափվում էի եւ շարունակում նույն ոգով: Մեր ընտանիքում կրթությունն առաջնային պլաններում էր»: Արսենի աշխատասիրությունն իր արդյունքը տվեց. 2004թ.-ին նա ընդունվեց ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Գերազանց առաջադիմության շնորհիվ 2009թ.-ին ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող, նաեւ պարգեւատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: Այժմ պատրաստվում է շարունակել կրթությունը ասպիրանտուրայում եւ, միեւնույն ժամանակ, 2012թ. օլիմպիական խաղերին: Այս եւ մի շարք այլ գործերում տղային օգնել եւ օգնում է ուժեղ պատասխանատվության զգացումը, կայուն բնավորությունը, որոնք ձեւավորվել են ջերմ եւ ամուր ընտանեկան մթնոլորտում: Հատկապես մայրը մեծ դեր ուներ որդիների դաստիարակության գործում:
«Տարիներ առաջ մայրս՝ տեսնելով, որ փոքր եղբայրս կարճ ժամանակում բավականին գիրացել էր, նրան ամեն օր ուղարկում էր վազելու: Բայց քանի որ եղբայրս մի քիչ ծուլություն էր անում, ինքն էլ վազում էր հետը: Նա միշտ մեր կողքին է եւ միշտ քաջալերում է ցանկացած հարցում»,- ասում է նա: 
 Ըստ Արսենի՝ իր բնավորության բացասական գիծն է չափից շատ համառությունը: Սպորտում պետք է համառ լինել, բայց առօրյա կյանքում մի քիչ խանգարում է. «Մի անգամ որոշեցի մեծահասակների հավաքականի հետ մասնակցել վազքի մրցումների: Չէին թողնում, քանի որ ընդամենը 15 տարեկան էի եւ պետք է մրցեի 22 տարեկանից բարձր մարզիկների հետ: Բայց համառությանս շնորհիվ մասնակցեցի. հաղթողից հինգ վայրկյան առաջ էի անցել: Չնայած վազքից հետո վատացել էի, բայց հաղթանակն այնքան հաճելի էր, որ նույնիսկ մայրս չէր նկատել վիճակս: Անկեղծ ասած՝ համառությունիցս այնքան էլ չեմ բողոքում»,- պատմում է Արսենը: Այսպիսի ուժի տեր մարզիկը չի շտապում սպորտային ունակությունները կիրառել փողոցում: Միշտ ձգտում է զերծ մնալ փողոցային վեճերից, քանի որ կարծում է՝ եթե դիմացինիդ եւ քո ուժերը համապատասխան չեն, ապա չպետք է ռիսկի դիմել եւ վնասել մարդկանց: Լինելով ապագա դիվանագետ՝ Արսենը միշտ փորձում է խոսքով հասկացնել նրանց, ովքեր որոշում են ուժ գործադրել: Նա իր ուրույն մտածելակերպն ունի նաեւ ընտանեկան հարցերում: Սակայն, սիրելի մարզասեր հայուհիներ, մի շտապեք նրա մեջ ձեր ապագա ընտրյալին տեսնել, քանի որ Արսեն Ջուլֆալակյան մարզիկի սիրտն արդեն զբաղված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել