Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւորը՝ ամոթալի դեպքեր չպատահեն»

Փետրվար 27,2010 00:00

Երեկ «Հայելի» ակումբում Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների մասին խոսեցին թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Հիշեցնենք, որ ընտրությունը կապված է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի ծանր հիվանդության հետ: Համապատրիարքի կամ պատրիարքի ընտրության օրը դեռեւս որոշված չէ, եւ հայտնի էլ չէ, թե որքան կձգձգվի: Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ ընտրությունը ուշացնելու պատճառն այն է, որ կրոնական ժողովը որոշել էր համապատրիարք կամ աթոռակից պատրիարք ընտրել, իսկ Նախաձեռնող հանձնախումբն իրեն իրավունք էր վերապահել նորից դիմել պետությանը՝ ընտրելու ոչ թե համապատրիարք, այլ՝ պատրիարք: Բանախոսները հայտնեցին, որ համայնքը համապատրիարքի կողմնակից է, բայց վերջնական որոշումը թուրքական պետությանն է:
«Համապատրիարք լինելու համար բոլոր թեկնածուները համամիտ են, մեր եկեղեցական օրենքներուն ավելի պատշաճ է եւ վեհափառ հայրապետի առաջարկը եղած է»,- ասաց Սահակ սրբազան Մաշալյանը:
Թուրքագետ Տ. Լոքմագյոզյանն էլ նշեց, որ հայ համայնքը պատրիարք ընտրելու տրամադրվածություն չուներ, սակայն կրոնական ժողովն ազգային հաստատությունների ներկայացուցիչներին հավաքել, իր որոշումը նրանց առաջարկել էր, հաստատությունների ներկայացուցիչներն էլ ընդունել էին: Թուրքագետը գտնում է, որ նոր պատրիարք ընտրելու համար պատրիարքը ֆիզիկապես կամ ի պաշտոնե պետք է գոյություն չունենա, իսկ այս դեպքում պատրիարքի պաշտոնն ինչ-որ կերպ պետք է անվավեր ճանաչվի, ինչն էլ, թուրքական կառավարությունից բացի, ոչ մեկը չի կարող անել: Ստացվում է, որ Նախաձեռնող մարմինն իր լիազորությունները վերազանցում է, պոլսահայությունն էլ աբսուրդ վիճակի մեջ է հայտնվել:
Համապատրիարքի թեկնածություն առաջադրած 3 թեկնածուներն են՝ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը եւ Գերմանիայի հայերի հոգեւոր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանը: Հարցին՝ հնարավո՞ր է պատրիարք ընտրվելու պարագայում 3 թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը, սրբազանը պատասխանեց. «Նոր պատրիարքի պետք ունինք, անոր անունը պատրիարք է, թե համապատրիարք, դա երկրորդական է»: Բանախոսները կարծում են, որ խառնաշփոթ առաջացնողը ոչ թե թուրքական պետությունն է, այլ՝ համայնքը:
«Այսպիսի պատմական ընտրությունների ժամանակ միշտ համայնքը պառակտած է… Պետության կողմից ընտրությունները շահագործվում են անխոհեմ հայերու գործակցությամբ»,- ասաց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Մամուլում հայտնված տեղեկությունների մասին՝ թե թեկնածուներից Արամ Աթեշյանը թուրքական պետության համար նախընտրելի է թույլ լինելու պատճառով, իսկ Գուգարաց թեմի առաջնորդն ավելի մարտական է տրամադրված եւ պաշտոնական Էջմիածինը վերջինիս է նախապատվություն տալիս, սրբազանն ասաց. «Ոչ մեկին ալ մի՛ հավատացեք, որովհետեւ հիմա բոլոր թեկնածուները մեկը մյուսի հանդեպ բաներ կըսեն: Կարեւորը՝ մեր եկեղեցին վարկաբեկող ամոթալի դեպքեր չպատահեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել