Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ

Փետրվար 27,2010 00:00

Գ.- Աբեղեանական խեղագրութեան քաղաքական հիմքը

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.09

Նախորդիւ փաստարկեցինք դասական ուղղագրութեան վերականգնման անհրաժեշտութիւնը՝ մեկնելով երկու գործօններից՝ դասական գրահամակարգի պահպանման կարեւորագոյն նպատակադրումից եւ այդ գրահամակարգի «բարեփոխոխման» կարիքը չլինելու իրողութիւնից:
Այժմ անդրադառնանք դասականի վերականգնման անհրաժեշտութեանը՝ ելնելով «բարեփոխման» պարտադրանքի քաղաքական հիմքի վերացման փաստից: Սակայն մինչ այդ ներկայացնենք լեզուական հարցերի քաղաքականացման կարեւորութիւնը:
Լեզուական քաղաքականութիւնը կարեւորւում է ազգային անվտանգութեան ու ազգապահպանական եւ պետութեան կայացման խնդիրների լուծման տեսանկիւնից: 1918-20թ.թ. Առաջին Հանրապետութիւնը շատ լաւ գիտակցելով դա, կայացրեց իմաստուն որոշում՝ եւ որպէս առաջնակարգ խնդիր ծրագրեց հայացնել նախկին ռուսական նահանգի հիմքի վրայ նորաստեղծ երկիրը՝ վերից-վար, սկսած պետական հիմնարկների գրագրութիւնից ու հայերէնին տիրապետողներին միայն պաշտօնների նշանակելուց մինչեւ հասարակական ու մասնաւոր հաստատութիւնների, նաեւ կենցաղային գործառնութիւնները, միաժամանակ մշակելով ու հրապարակելով լեզուի մասին օրենքը: Լեզուաքաղաքական հարցերը լաւ էին օգտագործում գաղութարարները՝ իրենց լեզուն դարձնելով տուեալ գաղութի պաշտօնական լեզուն, որպէս մերձեցման ու ձուլման, նաեւ իրենց պետական- քաղաքական ծրագրերի իրականացման գործիք: Պատահական չէր, որ առաջին համաշխարհային պատերազմից դուրս եկած եւ սոցիալիզմ կառուցող երկրի՝ նոր Ռուսաստանի առաջին ամսուայ հրովարտակները (Լենինեան դեկրետները) վերաբերում էին խաղաղութեանը, հողին եւ լեզուին: Այսինքն, Լենինը լեզուական խնդիրը պետականութեան կայացման առաջնահերթութիւն նկատեց: Լեզուի լենինեան դեկրետի հարկադրանքով պէտք է լեզուական «բարեփոխումներ» իրականացնէին նաեւ Ռուսաստանին ենթակայ միւս ազգերը: Մոսկուայի նպատակը այդ ժամանակաշրջանում համաշխարհային յեղափոխութիւն իրականացնելն էր եւ ծրագրում էին այդ ազգերի գրահամակարգը փոխարինել լատինական գրերով: Իսկ երբ այդ յեղափոխութիւնը գլուխ չեկաւ, փոխարէնը սկսեցին հետապնդել հպատակ ազգերի ռուսականացման ծրագրի իրականացումը: Լենինեան-բոլշեւիկեան լեզուական դեկրետի էութիւնը հասկանալու համար բաւական է միայն ծանօթանալ գրող-հրապարակախօս Կարէն Ա. Սիմոնեանի հրապարակած «Կրեմլի յոյժ գաղտնի փաստաթղթերից մի քանիսը» գրքոյկին (Երեւան, 2007): Ներկայացնենք այդ գրքոյկում վերլուծուած լեզուական «բարեփոխումների» մի քանի շեշտադրումներ, համոզուելու համար, որ այդ կոմունիստական «բարեփոխումների» պարտադրանքը հեռուն գնացող քաղաքական ստոր եւ ապազգային մութ նպատակներ էր հետապնդում եւ ոչ թէ լեզուական անհրաժեշտութիւն էր, ինչպէս կարծում են նաեւ այսօր դասական ուղղագրութեանը դէմ որոշ հայ լեզուաբաններ եւ նրանց հեղինակութիւն համարող իշխանաւորները: Նրանք, իմիջիայլոց, ցայսօր չեն կարողանում համոզիչ պատասխան տալ բանաստեղծ Լեւոն Միրիջանեանի հարցադրմանը, թէ ինչպէ՞ս կարող էր Խորհրդային Հայաստանում ուղղագրական հարցերում, «պակասութիւնները» շտկելու, փոխելու «խիստ անհրաժեշտ» լեզուաբանական կարիքի հետ (ընդ որում՝ այդ կարիքը, չգիտես ինչու, սփիւռքում չկար) միաժամանակ, հանկարծ նոյն «կարիքը զգացին» նաեւ խորհրդային միւս ժողովուրդները: Բացի համաշխարհային յեղափոխութեան համար «այդքան կարեւոր» լատինականացումից (որի դէպքում հնարաւոր չէր մեր ղ, խ, ձ, ծ, ց, ճ, կ, պ, տ, եւ այլ տառեր գրելը եւ առաջարկւում էր նաեւ այբուբենից կրճատել որոշ նման բաղաձայններ), լեզուական դեկրետի միւս նպատակները բացայայտուեցին յաջորդ՝ «Անգրագիտութեան վերացման մասին» դեկրետի հրապարակումով: Դրա նպատակն էր ստեղծել նոր տեսակի ազգ՝ սոցիալիստական ազգ եւ պէտք էր դաստիարակել նոր մտածողութեամբ քաղաքացի, որովհետեւ նախկին գրագէտ մարդը կարող էր հաղորդակից լինել իր ազգային ու համամարդկային մշակոյթին, ինչը անյարիր էր դասակարգային մտածողութեան մշակոյթով մարդ դաստիարակելու ծրագրին: Լենինեան գաղափարը կայանում էր գրագէտ մարդուն կտրել իր անցեալի ու արմատների հոգեւոր մշակոյթից եւ բնակչութեանը դարձնել լոկ «գրաճանաչ» միայն այնքանով, որ խորհրդային մարդը կարողանայ տեղեակ լինել բոլշեւիկեան քաղաքականութեանը:
Նշուած դեկրետի նպատակը հաստատուեց նաեւ կուսակցութեան քաղաքական բիւրոյի անդամ Ն. Բուխարինի ելոյթից՝ արտասանուած 1925թ. մտաւորականների հաւաքի ժամանակ. «…Մտաւորականներին մենք կը բազմացնենք կաղապարներով, նրանց կ՝արտադրենք գործարանային եղանակով»: Ահա այս նպատակով էր կատարւում այբուբենի եւ ուղղագրութեան «պարզեցումը» (իմա՝ խեղաթիւրումը): Կոմունիստների հռչակած՝ «ազգային լեզուի, մշակոյթի զարգացման, ծաղկման» վերջնական նպատակը յստակ ձեւակերպուեց Ստալինի՝ «Լենինիզմի հարցերը» գրքում. «Ձեւով ազգային, բովանդակութեամբ սոցիալիստական ու մէկ ընդհանուր լեզուով մշակոյթի մէջ է յատկապէս ազգային մշակոյթի լենինեան հարցադրումի դիալեկտիկականութիւնը… Ազգային մշակոյթների (ու լեզուների) բուռն ծաղկումը մէկ երկրի մէջ նպատակ ունի ստեղծել դրանք ոչնչացնելու եւ ձուլելու մէկ ընդհանուր սոցիալիստական մշակոյթի (ու լեզուի) մէջ…»: Եւս երկու ապացոյց ռուսական մամուլից. «…Լեզուաշինարարական խնդիրները կենսագործելու համար անհրաժեշտ է Սովետական Միութեան մէջ միասնականացնել բոլոր այբուբենները» («Ռեւոլյուցիա ի պիսմեննոստ» թերթից): «Սովետսկոյե ստրոիտելստվո» թերթը տալիս է մի ընդարձակ պարզաբանում. «Դասակարգային պայքարի մէջ լեզուն օգտագործւում է յանուն իշխանութեան, տեղական նացիոնալիզմը ձգտում է ազգային լեզուները ուղղորդել բորժուական ու կուլակային ճանապարհով… Լեզուն…գործածուելու է պլանաւորուած»: Սա նշանակում է, որ ազգի, ժողովրդի լեզուի զարգացումը կամ կիրառումը կախուած է իշխանութեան կամքից՝ վերածուելով «Պետական լեզուի»: 1933թ. նոր այբուբենի համամիութենական կենտկոմի գիտխորհրդի պլենումը «վճռականօրէն մերժեց ուղղագրութեան պատմական աւանդական սկզբունքը»՝ ազգը իր արմատներից ու անցեալից զրկելու համար: Խորհուրդը որոշեց նաեւ հաստատել այնպիսի կարգ, ըստ որի, այդուհետեւ բոլոր այբուբենները, ուղղագրական տեղեկութիւնները, տերմինաբանական բառարաններն ու քերականական ամէն մի փոփոխութիւն ընդունելի կը լինեն ոչ այլ կերպ, քան միայն Սովետ Միութեան կենտրոնական գործադիր կոմիտեի ազգութիւնների խորհրդի նախագահութեան յատուկ որոշումով (յոյժ գաղտնի 6-րդ փաստաթուղթ): Այդ շրջանում արդէն գործում էին «տերմինաբանական կոմիտէները»՝ միջազգային (իմա՝ ռուսական) տերմիններին գործադրման պետական պաշտպանութիւն ապահովելու համար: Այսօր մենք հասկանում ենք, որ այդպիսի մարմինը պէտք է ծառայի միայն ազգային լեզուական մշակոյթի պահպանմանը:
Ռուս մտաւորականութիւնը թշնամաբար վերաբերուեց այս դեկրետային «բարեփոխումներին», համարելով այն «դասարանի վերջին շարքերում նստած ծոյլ անբաններին փրկելու ռեֆորմ»: Նոբելեան մրցանակի դափնեկիր Ի. Բունինը գրել է. «Տգէտ գեադան հրապարակել է խելքին փչած «ցանկապատային» ուղղագրութիւն, եւ հնազանդելով պէտք է գրել, ինչպէս լակոտներն են գրում պատերի վրայ…»: Փիլիսոփայ, Մոսկուայի համալսարանի պրոֆ. Ի. Իլյինը գրել է «Գլագոլ»-ում. «Ուրիշ էլ ի՞նչ ենք անելու մեր լեզուի դէմ, որպէս զի մատչելի լինի բթամիտներին». նրա կարծիքով նոր ուղղագրութիւնը պէտք է չեղեալ յայտարարել եւ փոխարինել այն ուղղագրութեամբ, որ ռուս ժողովուրդը կրել է իր ծոցում Կիւրեղի (Կիրիլի) եւ Մեթոդիոսի (Մեֆոդիի) ժամանակներից ի վեր: Եւ դա կը լինի ոչ թէ «հակազդեցութիւն» (մեզանում նոյնպէս դասականի պահանջատիրութիւնը որակում են եղածին հակազդելութիւն), այլ լեզուի առողջութեան, իմաստի եւ գեղարուեստականութեան վերականգնում: Այսօր եւս պայքար կայ այդպիսի «բարեփոխումների» դէմ. 1994 թ. «Իստոչնիկ»-ում Վ. Դենիսովը համարում է, որ «լեզուական աւանդութիւնը կացնահարելու նպատակը հետագայ սերունդների կողմից ռուսական բազմադարեան մշակութային ու գրաւոր ժառանգութիւնը իւրացնելու դժուարութիւն ստեղծելն է, ազգը իր արմատներից ու անցեալից զրկելը»:
Աւելացնենք, որ Կարէն Ա. Սիմոնեանի գրքոյկում բերուած վեց փաստաթղթերն էլ ունեն «յոյժ գաղտնի» յղումը՝ ըստ հնարավորին ժողովրդից ստորաբար թաքցնելու այն, ինչը ուղղուած է այդ ժողովրդին այլասերելուն, քաղաքական ու մշակութային ուծացումին: Բնականաբար, այս «մշակութային յեղափոխութեան» ուղիով պիտի անցնէին նաեւ հայ բոլշեւիկները:
(շարունակելի)
Նշան Որբերեան ԱՄՆ,
Ռոտ-Այլընտ,
Օգոստոս 2009 – Յունուար 2010

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել