Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խառատյանի պրեմիերաները

Փետրվար 27,2010 00:00

«Վաշինգտոն բալետի» երբեմնի գեղարվեստական ղեկավարը հայաստանցիներին կներկայանա հերթական մոդեռն բեմադրություններով:

Շուրջ չորս ամիս Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնած ճանաչված բալետի արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը հասցրել է ներկայանալ  Պիացոլայի «Տանգո» եւ Էդգար Հովհաննիսյանի Երրորդ սիմֆոնիայի հիման վրա բեմադրած  «Վարդանանք» ներկայացումներով: Հենց Խառատյանի հիշյալ բեմադրությունները ոչ միայն հայաստանցի հանդիսատեսին հնարավորություն ընձեռեցին շփվելու ժամանակակից բալետային արվեստի հետ, այլեւ մեր արտիստներն էլ առաջին անգամ հանդես եկան ժամանակակից բալետով:
Մարտի 4-ին նշանակված է խորեոգրաֆի «Կրքեր ըստ Բախի»  եւ Պերգոլեզիի «Ստաբատ մաթեր»՝ դարձյալ ժամանակակից ոճով արված բեմադրությունների պրեմիերան:
«Առավոտի» հարցին՝ դատելով  վերոհիշյալ բեմադրություններից, կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանում ընտրել եք միայն մոդեռն ոճը, Ռ. Խառատյանը պատասխանեց. «Մերօրյա բալետի արտիստը, այդ թվում՝ հայաստանցի, պետք է կարողանա ներկայանալ ոչ միայն  18-րդ դարից հայտնի բալետային գրականության նմուշներով, այլեւ այսօրվա հեղինակների երաժշտությամբ, բեմադրություններով: Մոդեռն ներկայացումներում ընդգրկված են  տարրեր նաեւ հիփ-հոփից եւ բրեյք դանսից… Ի դեպ, ժամանակին դասական բալետային բեմադրություններում էլ տեղ գտան իսպանական, լեհական մազուրկա պարերից շեշտադրումներ, չնայած հիմքում եղել եւ մնում է դասականը»:  Նա  ասածը մանրամասնեց՝ համեմատելով «Գազ 21» եւ «Ռոլս ռոյս» ավտոմեքենաները. «Դրանց տարբերությունները կամ առանձնահատկությունները երկուսն են՝ արագությունը եւ ֆիզիկական հնարավորությունները: Մի խոսքով, այսօրվա բալետի արտիստը պետք է ներկայանա բարձր թռիչքներով, հնարավորինս շատ պիրուետներով… Այսինքն՝ համահունչ 21-րդ դարի ռիթմին»:
Թվարկած հնարավորություններն այսօր ունի՞ մեր թատրոնի բալետային խումբը: Այս հարցին  պարոն Խառատյանը պատասխանեց. «Հանրահայտ է, որ արվեստում անընդհատ ձգտում կա հասնելու կատարելության, մասնավորապես՝ մոդեռն բալետում կարծես արդեն վերանում են մենապարող ու կորդեբալետի արտիստ հասկացությունները, քանի որ «նագրուզկա» ասածը բեմում բոլորի վրա է ծանրանում: Դրանում հանդիսատեսը կարող է համոզվել «Կրքեր ըստ Բախի» եւ «Ստաբատ մաթեր» բեմադրությունները դիտելով: Առաջինում  ընդգրկված են 4 պարող եւ 10 պարուհի, երկրորդում 7 պարուհի է: Մասնագետ լինել հարկավոր չէ՝ բացատրածս ընկալելու համար»:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս Ռ. Խառատյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է եւս երկու ներկայացում՝ Ռավելի «Բոլերո» ու Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»: Ասաց նաեւ, որ հնարավոր է երկրորդ մեծակտավ բեմադրության ժամանակ հրավիրվեն արտիստներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից. «Ռոմեո եւ Ջուլիետը» ֆորմատով դասական, իսկ լուծումներով՝ ժամանակակից ներկայացում է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել