Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ

Փետրվար 27,2010 00:00

\"\"Եվ բավարարել հանդիսատեսի սպասելիքները

Ճանաչված բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանն իր խոհերն է արտահայտել ազգային թատրոնի վերաբերյալ: Այս ձեռնարկով արվեստագետը բանավեճի է հրավիրում թատերարվեստի մյուս ներկայացուցիչներին եւ թատրոնի խնդիրներով մտահոգ անձանց: Նաեւ ասում է, որ հնարավոր է հոդվածը իր ապագա գրքի հենքը դառնա:
Ազգային թատրոն,
մտորումներ…

Ես չեմ եկել բեմ, որ
զվարճանանք,
Դուք պետք է տեսնեք վիշտ ու
տառապանք,
Պատկերներ շքեղ, սակայն
դառն ու ցուրտ,
Որոնք ձեր աչքից կխլեն
արցունք:
Շեքսպիր, «Հենրի Ութերորդ», նախերգակ, անտիպ նյութ:

Թատրոնը մեծածավալ արվեստ է: Նրա կայացման համար ժամանակ է անհրաժեշտ. ժամանակ, որպեսզի առանձին փայլատակումներից, պատահական կամ ոչ պատահական բացահայտումներից ու առանձին արվեստագետների (որպես կոլեկտիվ արվեստ, թատրոնի ստեղծագործական կերպը ձեւավորվում է տարբեր արվեստագետների համատեղ աշխատանքի հանրագումարում) գեղագիտական ու գաղափարական աշխարհընկալման համատեղ արդյունքում ստեղծվի իրապես գեղարվեստական օրգանիզմ: Այս օրգանիզմի նորմալ զարգացման համար կարեւոր է թե գեղարվեստական ուղղությունների բազմազանությունը, թե մեկ ստեղծագործական սկզբունքի վրա հիմնված անհատականությունների, էսթետիկական առումով վեճն ու տարաձայնությունները: Մեկ, երկու հաջողված ներկայացում դեռեւս չի հաստատում թատրոնի կայացումը: Կարեւորը թատրոնի ուղին, ստեղծագործական սկզբունքը գտնելն ու, սրան զուգահեռ, թատրոնի արտադրության կազմակերպելն է: Սրանց պիտի միտված լինի թատրոնի գեղարվեստական ղեկավարի գործունեությունը:
Բեմադրիչ, թատրոն,
գեղագիտական, գաղափարական մոտեցումներ, դրամատուրգիա
Բեմադրիչից է կախված ներկայացման գեղարվեստական ամբողջականությունը, ամբողջականի ներդաշնակ կազմակերպումը: Նա է պատասխանատու մտահղացման իրականացման համար: Բեմադրիչը պիտի համարձակորեն որոնումների դիմի, որոնք, իհարկե, կբերեն սուր քննարկումների, ընդունման ու մերժման, կարծիքների բախման: Արվեստում չի կարող լինել միակ ճշմարիտ լուծում, բայց սա չի նշանակում, թե արվեստագետը չպիտի ձգտի ներկայացնել ընկալման իր տեսակետը, ներկայացնել այնպես, որ այն ընկալվի եթե ոչ որպես միակ ճշմարիտը, ապա, համենայնդեպս, որպես անհրաժեշտ: Սա է առաջ շարժում արվեստը: Արվեստի դժբախտություններից մեկն այն է, երբ փորձ է արվում ամեն ինչ ներկայացնել մեկ, թեկուզ եւ ամենահաջողված կաղապարով: Սա բերում է անհատականության, արվեստագետ անհատի կործանման, ծնում է նմանականություն, արգելակում ստեղծագործական մտքի զարգացումը, ասել է թե՝ զրկում է արվեստը, արվեստագետին՝ որոնման, բացահայտման հաճույքից:
Ինչպես արվեստը, այնպես էլ գաղափարախոսությունը՝ մարդկության փափագն է, ջանքը՝ իրենք իրենց ճանաչելու: Երկուսն էլ փորձում են, իհարկե՝ տարբեր ճանապարհներով, միակցել, ամբողջական դարձնել, թվում է թե, իրար հետ բոլորովին կապ չունեցող երեւույթներ: Եվ մեկը, եւ մյուսը փորձում են պահպանել մեզ քաոսից: Նրանք կարող են լինել եղբայրներ, գործընկերներ, բայց ոչ երբեք ծնող եւ զավակ: Դեռեւս ոչ մի գաղափարախոսություն չի հաղթել ոչ վախին, ոչ տառապանքին ու վշտին: Սա չի հաջողվել նաեւ արվեստին: Սակայն թե արվեստը, թե գաղափարախոսությունը ցանկանում են մոտենալ այս ամենի լուծմանը, համենայնդեպս՝ այս ամենի փնտրտուքն է կազմում երկուսի էլ գործունեության հիմքը, նրանց առաքելությունը:
Թատրոնն էլ պիտի ունենա իր գործունեության ուղին, մշակի, ուղենշի այն կոնկրետ խնդիրները, որոնք հրատապ ու կարեւոր են թատրոնի՝ որպես գեղարվեստական օրգանիզմի համար, իսկ եթե այն փոքրիշատե կայացած է, ապա իր վերը նշված առաքելությունը առավել պատշաճ ձեւով իրականացնելու՝ մաքրման, աշխուժացման ճանապարհով: Պետք է մշակվի մեթոդոլոգիա, որը համահունչ լինի եւ գեղարվեստագաղափարական, եւ արվեստի ու արհեստի, արտադրության առումով:
Այս ուղղությամբ առաջին կարեւոր քայլերից մեկը խաղացանկային քաղաքականության խնդիրն է: Թատրոնը իրավունք ունի եւ պետք է դիմի տարբեր ու տարաբնույթ գեղագիտական ու կառուցվածքային առումով իրար մոտ կամ էլ բոլորովին տարբեր հեղինակների: Սա չի նշանակում ընկնել էկլեկտիզմի, անհամատեղելի սկզբունքների կեղծ համատեղելիության ետեւից: Բեմադրիչը պետք է համընթաց քայլի հեղինակի հետ, պետք է կարողանա բացահայտել, իրականացնել հեղինակի մտահղացումը: Ամեն մի հեղինակի համար անհրաժեշտ է գտնել հենց իր իսկ ռեալականությունը, ու այդ ռեալականությունը անցկացնելով այսօրվա իրականության պրիզմայով՝ ներկայացնել հանդիսատեսին:
Թատրոնը պետք է գտնի իր սեփական ձեռագիրը, դեմքը, ոճը, իհարկե՝ խուսափելով սխեմատիզմից, իր անհատականությունը, հանդիսատեսին ներկայացնի բազմաժանր գործեր, մեկնաբանություններ, որոնք այս կամ այն չափով հարազատ են թատրոնի գեղագիտական, էսթետիկական կրեդոյին, աշխարհընկալմանը: Ներկայացնելով Շեքսպիրին ու Մոլիերին, Պարոնյանին ու Սունդուկյանին եւ մյուս դասականներին՝ իրենց ժամանակի, իրենց շրջապատող իրականության մեջ, պիտի գտնել, թե ինչով է այն հետաքրքիր այսօրվա հանդիսատեսին, ինչն է ավելի արդիական այսօր: Իսկ որ դասականների մոտ անշուշտ միշտ էլ կարելի է դա բացահայտել դյուզն-ինչ կասկած չունեմ: Չէ որ, ըստ իս, դասական կարող է համարվել միայն նա, ում ստեղծագործությունները բոլոր ժամանակներում էլ բերում է ինչ-որ նորը, այն, ինչ միշտ էլ արդիական է հնչում, բերում են միտք, որի հետ կարելի է հարաբերության մեջ մտնել: Ազգային թատրոնը կարող է ու պարտավոր է լինել մեր հարստությունը, այն տուրք է, երախտիք՝ մեր ազատությանը, անկախությանը: Իսկ այսպիսի թատրոնը իրավունք չունի գործել առանց ազգային դրամատուրգիայի, լինի դասական, թե ժամանակակից: Ցավոք, հայ գրականությունը, ունենալով վիթխարի, հզոր պոեզիա, հարուստ ու տաղանդավոր արձակ գործեր, փոքր-ինչ կաղում է դրամատուրգիայի առումով: Դրաման պահանջում է յուրահատուկ արտահայտչամիջոցներ, ուրույն լեզվական ռիթմ, պիտի ժամանակակից լինի ձեւով եւ բովանդակությամբ ու ոչ թե տառապի «մոդայիկ» թվալու մարմաջով… ջղաձգվի հիպոթետիկ թատերայնության մոլուցքով ու կամ էլ ներծծված լինի հնամոլության նեխահոտով: Թատրոնը պարտավոր է սատարել, հարկ եղած դեպքում՝ փնտրել ու գտնել տաղանդավոր հայ դրամատուրգների, տարբերակի ամեն տեսակի գրչակներին՝ արհեստավարժ, տաղանդավոր անհատներից, պիտի թույլ չտա, որպեսզի որակյալ դրամատիկական գործերն անհայտ մնան: Դրամատուրգի համար պետք է ստեղծել բարյացակամության, հատուկ վերաբերմունքի մթնոլորտ, վերադարձնի պոետին թատրոն եւ միայն այս դեպքում կարող է որոշակի պահանջներ ներկայացնել նրան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել