Առնվազն 17 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների եւ փոխհրաձգության արդյունքում: Զոհվածներից երկուսը ոստիկաններ են: Ուրբաթ օրը, վաղ առավոտյան, Քաբուլի 9 հարկանի առեւտրի կենտրոնից ոչ հեռու, որտեղ նաեւ հյուրանոց է եղել, մահապարտ ահաբեկիչներից մեկը նախ՝ գործի է դրել պայթուցիկ սարքը, որին հաջորդել են եւս մի քանի պակաս ուժգին պայթյուններ: Թվով 5 մահապարտներ հարձակում են գործել առեւտրի տան վրա, փոխհրաձգություն է սկսվել ահաբեկիչների եւ աֆղանական ոստիկանության միջեւ, որը տեւել է մի քանի ժամ:
Տեղի ունեցածի արդյունքում 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տուժել են նաեւ օտարերկրացիներ: Տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել են «Թալիբան» շարժման գրոհայինները: