Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկավոր են խորքային ուսումնասիրություններ եւ լուծումներ

Փետրվար 27,2010 00:00

Դպրոցականների վարքային շեղումները լուրջ մտորումների տեղիք են տալիս այսօր:Առանց վարանելու կարելի է ասել՝ նույնիսկ ոմանց ականջի համար կարող է շատ սուր հնչել, բայց այսօր մեծանում է կոպիտ, անքաղաքավարի, տարրական կուլտուրայի կանոններից հեռու մի սերունդ:Վերջին ամիսներին շահագրգիռ կողմերը դպրոցականների վարքային խնդիրները պայմանավորում են հիմնականում էլեկտրոնային լրատվամիջոցների բացասական ազդեցությամբ, սակայն, իմ խորին համոզմամբ, վարքային խնդիրներն ունեն բազմաբնույթ խորքային դրդապատճառներ (հիմնարար արժեքների աղճատում, ազգային-հոգեւոր նկարագրի բացակայություն, ազատական գաղափարների գռեհկացում, կրթության եւ դաստիարակության առաջավոր փորձի աղավաղում եւ այլն):Հետաքրքիր մի դիտարկում. տարվա եղանակները որոշակի առումով պայմանավորում են նաեւ դեռահասների անկարգությունները:
Ամեն տարի ձմռան ձյունառատ օրերին ականատես ենք լինում դպրոցականների՝ ձնագնդիներով հարվածելուն տրանսպորտի բոլոր միջոցներին, բնակելի տների պատուհաններին, դպրոցի պատուհաններին:Օրինակ, Այգեձորում գտնվող թիվ 78 եւ 172 դպրոցների երեխաների գերակշիռ մասը տուն է վերադառնում Բաղրամյան պողոտայի համապատասխան հատվածով, եւ մոտակայքում գտնվող շենքի բնակիչները ձյունառատ օրերին «լարված» են. էլ ինչ կարելի է սպասել դեռահասներից:Բաղրամյան 57 շենքի մուտքի ապակիները տարիների ընթացքում փոխվել են, սակայն ձնագնդիների հարվածներից հետո փշրվում են:Իսկ վերջերս տեղացած ձյունը «զվարճասեր» դեռահասներին (5–6 հոգի) բերել էր շենքի կցակառույցի տանիք, փառք Աստծո, այս անգամ էլ փորձանքից խուսափեցինք:Ամռանը երեխաները կոտրում են ծառերի կանաչ ճյուղերը, գարնանը՝ ծաղկած ճյուղերը, էլ չենք ասում տղայական հարաբերությունների «պարզումը» եւ հայհոյանքների տարափը ծնողների, աղջիկների, մեծահասակների ներկայությամբ:
Քրիստոսի Պայծառակերպության տոնը ամռանը դառնում է պարզապես խուլիգանության ամենաբազմազան դրսեւորումների պատճառ:
Մեծերի հետ խոսում են եզակի թվով, դառնալով չափահաս մարդիկ՝ շարունակում են իրենց ծնողների տարիքի մարդկանց հետ «դու»-ով խոսել:Բազմիցս կարելի է տեսնել, թե ինչպես ծնողը կամ մանկավարժը չարագործության ականատեսն է լինում ու լռում:Կարծես վերը նշված այս անկարգությունները «նորմալ» երեւույթ են դարձել:
Անչափահասների վարքային հիմնախնդիրները օրինաչափորեն այսօր բերել են հանցագործությունների աճին, որը հասարակական լուրջ մտահոգության խնդիր է, եւ իզուր չէ, որ ոստիկանության բաժանմունքներում կրկին վերականգնվում են համապատասխան բաժինները:Վարքային շեղումները մեկ օրում չէ, որ ծագել են եւ, բնականաբար, մեկ օրում դրանց վերացումը կամ կարգավորումը անհնար է:Հարկավոր են համալիր գործողություններ՝ պետության, եկեղեցու, հասարակական, ընտանեկան ռեսուրսների համախմբում, երկարատեւ ծրագրերի հետեւողական իրականացում:Այս պարագայում հրամայական է դառնում դպրոցում հոգեբանի գործունեությունը:Մայրաքաղաքում մատների վրա հաշված կրթօջախներ կան, որտեղ հոգեբաններ կան, որոնց աշխատանքի արդյունավետության օ.գ.գ.-ն խիստ հարաբերական է:Հիմնահարցը շատ լուրջ է եւ պետք է սկսել հոգեբանական ուսումնասիրություններից եւ աջակցությունից (ընդ որում՝ թե երեխաներին եւ թե մանկավարժներին), ինչպես դա արվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, ուր մեզ նման առնչվում են դեռահասների բազմաբնույթ խնդիրների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել