Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒՀԵՐԻՆ

Փետրվար 27,2010 00:00

Կրթության որակի ապահովման գործընթացների քայլերն արագացել են

Երեկ «Անի» հյուրանոցում մեկնարկեց բարձրագույն կրթության որակի ապահովման հարցերին վերաբերող աշխատաժողովը: Այն կազմակերպելու նախաձեռնություն Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել էր ԿԳՆ զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչությունը՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հետ համատեղ: Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ ՀՀ են ժամանել Լատվիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից որակի ապահովման բնագավառի փորձագետներ՝ իրենց փորձը փոխանցելու նոր-նոր այս ոլորտում քայլեր անող հայաստանցի գործընկերներին եւ քննարկելու մի շարք հիմնախնդիրներ: Աշխատաժողովի սկզբում ներկայացվեց որակի ապահովման առումով մի շարք երկրների փորձը: Օրինակ՝ Մենեջմենթի եւ զարգացումների եվրոպական հիմնադրամի նախագահ Քրիստոֆ Տերասսը ներկայացրեց բիզնես-դպրոցների եւ դրանց ուսումնական ծրագրերի փորձը: Նրա ելույթից պարզ դարձավ, որ որակի ապահովման բնագավառում չկա բոլոր երկրների համար հստակ սահմանված միասնական ձեւաչափ, յուրաքանչյուրն ընտրում է անհատական ձեւաչափ՝ հաշվի առնելով իր ռազմավարությունը:
Իսկ գերմանական հավատարմագրման գործակալության ներկայացուցիչ, Ֆլենսբուրգի համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շուտս Ռ. Ռոյթերը, խոսելով գերմանական փորձի մասին, նշեց, որ Գերմանիայում գործում են հավատարմագրման կիսահանրային կազմակերպություններ, արդեն ձեւավորվել են 6-8 փորձագիտական խմբեր՝ տարբեր ուղղություններով: Հավատարմագրումը սահմանվում է 6 տարով: Այսինքն՝ հավատարմագրվելը մեկ բան է, որոշակի ժամկետից հետո այն պահպանելը՝ մեկ ուրիշ: Գերմանիայում եւս իրականացվում է ներքին եւ արտաքին գնահատում: Պրոֆեսորը նաեւ նշեց. «Եթե բուհը ցանկանում է հավատարմագրվել, ինքը կարող է դիմել հավատարմագրման գործակալություններին, որոնք կկատարեն այդ գործընթացը: Ի դեպ, դա ոչ ծախսատար գործ չէ: Օրինակ՝ մեկ փոքրիկ ծրագիր հավատարմագրելու համար 8-12 հազար եվրո է պահանջվում: Եթե հավատարմագրող գործակալություններից մեկը որոշում է կայացնում, այն տեղադրվում է ինտերնետում, եւ մյուսները պարտավոր են համաձայնել նրա որոշման հետ»: Պրոֆեսոր Շուտսը խոսեց նաեւ մի շարք հիմնախնդիրներից. «Դրանց մեծամասնությունը տեխնիկական բնույթի են: Օրինակ՝ մոդուլները հաճախ համընկնում են, համալսարանները երբեմն բովանդակության տեսանկյունից հին դասընթացներով են դասավանդում: Հաճախ քննական ձեւերը նորարարական չեն, գնահատման համակարգում եւս անկատարություններ կան: Հավատարմագրման գործընթացը հաճախ խճճված է եւ ծախսատար, իսկ որակի գնահատումից հետո շատ համալսարաններ պարզապես կանգ են առնում»: Պրոֆեսորը նշեց նաեւ, որ որակի ապահովման գործընթացներում ներգրավված են նաեւ ուսանողները, մասնավորապես բուհերում գործում են ուսանողական կառավարություններ, որոնց ներկայացուցիչները ներգրավված են բուհերի գնահատման աշխատանքային թիմերում: Իսկ փորձագիտական հանձնաժողովների ստեղծման համար հրապարակվում են բարձր որակավորում ունեցող փորձագետների ցուցակներ, որոնցից էլ ընտրվում են հանձնաժողովների ներկայացուցիչները: Գործատուների եւ արհմիությունների, ուսանողների եւ բուհերի ներկայացուցիչները եւս այդ հանձնաժողովների կազմում են, իհարկե, բուհը կարող է չհամաձայնել, որ իր՝ այս կամ այն ներկայացուցիչը ներգրավվի այդ կառույցում:
«Առավոտը» զրուցեց նաեւ ՀՀ բուհերի ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք մեր բուհերը նման համարձակություն կամ օբյեկտիվություն կունենան, որ հանձնաժողովներում իրոք բարձր որակավորում ունեցող անձանց միայն ներգրավեն: Պրոռեկտորը պատասխանեց. «Նման խնդիր կա ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ցանկացած տեղ, դրա համար էլ լայնորեն օգտագործվում է արտասահմանցի փորձագետների ներգրավումը: Հայաստանն այսօր չափից ավելի կարեւորում է որակի ապահովման գործընթացները, իսկ թե ինչ մոդել կընտրի՝ դեռ դժվար է ասել»: Մեր այն հարցին, թե բուհերն արդյո՞ք ունեն այն գիտակցությունը, որ հավատարմագրումը եւ որակի գնահատումն առաջին հերթին իրենց է անհրաժեշտ, Ալ. Գրիգորյանը պատասխանեց. «Չէի ասի, որ մեր բուհերի շրջանում այդ գիտակցությունը չկա, քանի որ ստեղծվում են որակի ապահովման ներքին համակարգեր: ԵՊՀ-ի՝ 2 ամիս առաջ ընդունված ռազմավարական ծրագրում հիմնական ուղղություններից մեկը որակյալ կրթության ապահովումն է»:
 «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկն էլ ասաց. «Որակի բարելավման գիտակցությունը կա, այլապես ԿԳՆ-ն բարեփոխումներ չէր սկսի, դրա ապացույցն է հանրակրթության 12-ամյա համակարգը, որի արդյունքում շրջանավարտները գիտելիքի ավելի մեծ պաշարով բուհեր կընդունվեն: Մյուս կողմից էլ, լինելով Բոլոնիայի համակարգի անդամ, արդեն մտել ենք մրցակցության մեջ, ինչը նշանակում է, որ եթե բուհն ուզում է իր տեղը գրավել շուկայում, պիտի որակյալ կրթություն իրականացնի»:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանից էլ հետաքրքրվեցինք՝ կենտրոնում ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Նա պատասխանեց. «Նախատեսվում է ստեղծել մշակումների եւ զարգացման բաժինը, որը մշակում է քաղաքականությունը, բոլոր հիմնարար փաստաթղթերը, մյուսը աուդիտի բաժինն է, որը կազմակերպելու է պրոցեսը: Աուդիտի կազմակերպման բաժինը կաշխատի տարբեր ուղղություններով՝ 8-10 հանձնաժողովների հետ: Մեզ լրացուցիչ տարածք է տրամադրվելու, որտեղ հանձնաժողովներն անկախ մեզնից աշխատելու են: Մենք կազմակերպելու ենք փորձագետների ընտրությունը»: Մեր այն հարցին՝ կկարողանա՞ք օբյեկտիվ լինել, քանի որ ՀՀ-ում բոլոր փորձագետները միմյանց հետ կապված են, Ռ. Թոփչյանը պատասխանեց. «Մեկ-մեկ ես էլ եմ այդպես մտածում, բայց մյուս կողմից էլ այսօր այնքան ծայրահեղ վիճակի է հասել, որ երեւի դու ավելի շահագրգռված ես, որ քո երեխան լավ սովորի, քան թե ինչ-որ ծանոթի կրթական հաստատություն հավատարմագրվի: Ընդգրկվելու են նաեւ դրսից փորձագետներ»: Նշենք նաեւ, որ ՈԱԱԿ-ի խորհրդում փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ խորհրդի նախագահը այժմ ՀՀ վարչապետն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել