Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՌԻՈՒՄ՝ ՑԱԾՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Փետրվար 27,2010 00:00

Փետրվարի 25-ից մարտի 10-ը Լոռու մարզի 163 դպրոցների ավելի քան 450 աշակերտ, նրանցից 145-ը՝ գյուղական դպրոցների, կպայքարեն դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունքի համար: Այս տարի 14 առարկաներին ավելացել է եւս մեկը՝ Հայոց եկեղեցու պատմությունը: Մրցույթը կկայանա օլիմպիական տարբերակով. որ դպրոցը միավոր չի հավաքի՝ դուրս կմնա հետագա պայքարից: Այս մոտեցումը մի քանի նպատակ ունի. հայտնաբերել մարզի ուժեղագույն դպրոցները, իմանալ այս կամ այն դպրոցում տվյալ առարկայի դասավանդման դրվածքն ու վիճակը:
«Ինչպես ամեն տարի, այս տարի էլ բնագիտական առարկաներից կաղում ենք, իսկ հումանիտար առարկաների՝ անգլերեն, հայոց լեզու եւ հայ գրականություն, լավ ցուցանիշը գյուղական դպրոցների հաշվին է, գյուղում ավանդույթները պահպանվում են, գյուղի երեխան կարդում է: Ի հավելումն, գյուղում ժամանցը հետաքրքիր անցկացնելու այլ տարբերակներ չկան»,- ասում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը:
Վանաձորում գործում է Ֆիզմաթ եւ բնագիտական առարկաների հատուկ դպրոցը՝ «Էվրիկան»: Այս դպրոցից ընտրված 8 աշակերտ միանգամից մասնակցում է մարզային փուլին. «Եթե նրանք էլ մասնակցեն ներդպրոցական եւ տարածքային փուլերին, ուրիշ ոչ մի դպրոց հնարավորություն չի ունենա մարզային փուլ անցնել»,- նկատում է Մայիս Խաչատրյանը:
Թեեւ մարզի ոչ մի դպրոցում ուսուցչի պակաս չկա, սակայն օլիմպիադաների ցածր ցուցանիշները վկայում են, որ որակի պակաս կա: Դպրոցական փուլին մասնակցած մոտ 20 հազար աշակերտից՝ մարզային փուլին մասնակցում է հազիվ 6 հազարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել