Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաշմանդամները՝ հանուն հաշմանդամների

Փետրվար 27,2010 00:00

\"\"Պետք չէ հաշմանդամին թաքցնել չորս պատերի ետեւում, անգամ՝ եթե բժիշկը նրան չի այցելում

Սյունիքի մարզում 7000-ից ավելի հաշմանդամ է ապրում: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, սակայն հասարակությունը գրեթե անտեղյակ է հաշմանդամների կենցաղային հոգսերից: Ինչպե՞ս են ապրում հաշմանդամները, ի՞նչ խնդիրներ ունեն այսօր նրանք, եւ ինչո՞ւ շատ հաճախ նրանցից շատերը «թաքնվում» են տան պատերի հետեւում եւ փորձում մենակ մնալ իրենց հոգսերի հետ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հաշմանդամների հետ մշտապես շփում ունեցող՝ Կապանում գործող Սյունիքի մարզի հաշմանդամների աջակցության «Ողջի» հ/կ նախագահ Կամո Դավթյանից: Կամո Դավթյանը նույնպես հաշմանդամ է եւ 2004 թվականին հիմնելով կազմակերպությունը, փորձում է բարձրաձայնել հաշմանդամների խնդիրների մասին: Դրան զուգահեռ, փորձում է նպաստել տարբեր ոլորտներում նրանց ակտիվ ընդգրկմանն ու մասնակցությանը:
Զրույցի հենց սկզբում Կամո Դավթյանը խոսեց շատ կարեւոր մի երեւույթի՝ հաշմանդամների համար ամենացավոտ հարցի մասին: «Հոգեբանական բարդույթ գոյություն ունի մեր հաշմանդամների շրջանում: Հաշմանդամների ընտանիքների հետ տարվելիք աշխատանքը շատ բարդ է, հատկապես երեխաների ծնողների հետ է այդ բարդությունն ի հայտ գալիս: Նրանք իրենց երեխաներին թաքցնում են տանը, ամաչում են եւ չեն ուզում, որ շրջապատում իմանան նրանց հաշմանդամության մասին: Այսօր նրանք ապրում են եւ հոգ են տանում իրենց երեխաների մասին, բայց պետք է մտածել վաղվա մասին, հետո ո՞վ պետք է նրանց խնամի: Հիմիկվանից նրանք պետք է հնարավորության սահմաններում սովորեն ինքնուրույն իրենց հոգ տանել, փողոց դուրս գալ, խանութ գնալ եւ այլն: Պետք չէ թաքցնել նրանց տան չորս պատերի ներսում, հետագայում այդ կոմպլեքսներն ավելի մեծ բարդություններ կառաջացնեն: Ամեն մի հաշմանդամի սրտի խորքում մի «մութ» անկյուն կա: Մենք 2010 թվականին պատրաստվում ենք իրազեկման ծրագիր իրականացնել մարզի 4 տարածաշրջաններում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում եւ Սիսիանում, նախատեսում ենք հոգեբանական աշխատանքներ տանել հաշմանդամ երեխաների ծնողների հետ»,- ասում է զրուցակիցս:
Այսօր Հայաստանի քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի փողոցներում խիստ հազվադեպ ես տեսնում կամ ընդհանրապես չես հանդիպում անվասայլակով հաշմանդամի: Կամո Դավթյանը վստահ է, որ դա հիմնականում պայմանավորված է նաեւ նրանց տեղաշարժման համար անհրաժեշտ պայմանների բացակայությամբ: Պոլիկլինիկայում, հիվանդանոցում, տրանսպորտում եւ առաջնային մի շարք կարեւոր վայրերում թեքահարթակների կամ հատուկ վերելակների առկայությունը խիստ անհարժեշտ է: Իսկ այսօր դրանք չկան կամ գրեթե չկան:
2004 թվականից այսկողմ «Ողջի» հասարակական կազմակերպության ամենամեծ հաջողությունը հաշմանդամների թիմի ակտիվ մասնակցությունն է տարբեր մարզական մրցաշարերին եւ ձեռք բերած բազմաթիվ մրցանակները: Սակայն «Ողջին» չի պատրաստվում սահմանափակվել միայն սպորտային հաջողություններով: Անելիքներն ու նախաձեռնությունները շատ են, քանի որ խնդիրները բազմաթիվ են: «Այսօր հաշմանդամների համար, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, իրենց թոշակների բարձրացման խնդիրն է առաջնային, հատկապես՝ մանկուց հաշմանդամների թոշակները, որն այսօր 11 հազար դրամ է: Սա շատ չնչին գումար է: Շատ ցանկալի կլիներ, որ օրենքի մեջ փոփոխություններ արվեին եւ գոնե 2 տարվա նրանց ապրած կյանքն աշխատանքային 1 տարվա ստաժ համարեին, որպեսզի 18 տարեկանից հետո նրանք նույն 11 հազար դրամը չստանան: Մարզում, այսօրվա դրությամբ, 553 մանկուց հաշմանդամ կա: Մեծ թիվ են կազմում նաեւ հոգեբանական բարդույթներ ունեցող հաշմանդամները՝ նրանց թիվն անցնում է 2000-ից: Քաջարան քաղաքի 221 հաշմանդամից 161-ը հոգեկան խնդիրներ ունեցող հաշմանդամ է: Սյունիքի մարզում առաջին խմբի հաշմանդամները 541-ն են, իսկ երկրորդ խմբինը՝ 4003»,- հավելում է Կամո Դավթյանը:
«Ողջի» հասարակական կազմակերպությունը համագործակցում է նաեւ մարզի մյուս տարածաշրջաններում գործող, հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, կազմակերպությունը անդամներ ունի մարզի բոլոր տարածաշրջաններից: Իրականացվում են տնային այցեր՝ անկողնային հաշմանդամների տներ: Հենց այդ այցերի ժամանակ էլ պարոն Դավթյանը պարզել է, որ շատ հաճախ բուժօգնության կարիք ունեցող հաշմանդամներին բժիշկներ չեն այցելում: «Մենք գնում ենք տվյալ բժիշկների մոտ, ասում ենք, դուք տեղյա՞կ եք, որ նման հիվանդներ կան, ասում են՝ այո, պարբերաբար այցելում ենք նրանց: Բայց հաշմանդամները հավաստիացնում են, որ բժիշկները իրենց չեն այցելում: Կան նաեւ քաղաքի բարձր, լեռնոտ վայրերում ապրող հաշմանդամներ, բայց դա չի նշանակում, որ նրանց չպետք է այցելել եւ համապատասխան բուժօգնություն չտրամադրել»,- հավելում է Կամո Դավթյանը:
Զրույցի վերջում Կամո Դավթյանը ներկայացրեց կազմակերպության նախաձեռնություններն ու անելիքները: Սյունիքի մարզի հաշմանդամների «Ողջի» հասարակական կազմակերպությունը ցանկանում է ժամանակակից բոլոր սարքավորումներով հագեցած առողջավերականգնողական կենտրոն բացել Սյունիքում, որից կօգտվեն մարզում ապրող բոլոր հաշմանդամները: Ձեռնարկը, անշուշտ, գովելի է եւ միանգամայն տեղին, բայց ֆինանսական մեծ խնդիրների հետ է կապված: Կամո Դավթյանը կարծում է, որ այն կարելի է կյանքի կոչել միջազգային կազմակերպությունների, տեղական իշխանությունների եւ մասնավոր ընկերությունների ֆինանսական աջակցությունների շնորհիվ:
Մինչ այս, հ/կ-ն ցանկանում է մարզի շնորհալի եւ տաղանդավոր հաշմանդամներից ստեղծել մի նվագախումբ, որում կընդգրկվեն նաեւ լավ երգող եւ պարող հաշմանդամներ՝ առանց տարիքային սահմանափակման, եւ բարեգործական համերգներով հանդես կգան Հայաստանի տարբեր տարածաշրջաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել