Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑՆԵ՞Ն ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

Փետրվար 27,2010 00:00

Փետրվարի 28-ին Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչները կընտրեն իրենց նոր ղեկավարին

Փետրվարի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան Արարատի մարզի Ջրահովիտ համայնքում: Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդան Գրիգորյանը եւ անկուսակցական Համլետ Ղազարյանը: Ջրահովիտցիներն ասում են, թե սա պայքար էր գառնեցիների եւ գինալարցիների միջեւ, քանի որ Գրիգորյանը ծագումով գառնեցի է եւ նրան սատարում է գյուղի՝ նույն ծագումն ունեցոզ հատվածը, իսկ Ղազարյանին սատարում էր Գինալարի ծագում ունեցող հատվածը, քանի որ նա էլ ծագումով գինալարցի է: Ընտրությունն անցավ առանց միջադեպերի: Քվեարկության արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց Համլետ Ղազարյանը, որի օգտին քվեարկել էր 344 բնակիչ, իսկ ՀՀԿ-ական գյուղապետ Վարդան Գրիգորյանին ձայն էր տվել 300 ընտրող: Վարդան Գրիգորյանի ղեկավարության տարիներին եւ նրա նախաձեռնությամբ Ջրահովիտում բավականին լուրջ ծրագրեր են իրականացվել՝ կենցաղային եւ սոցիալական ոլորտներում: Համագործակցություն է եղել նաեւ սփյուռքահայ բարերարների հետ: Թե Գրիգորյանի գործընկերները որքանով կվստահեն եւ կշարունակեն համագործակցել համայնքի նոր ղեկավարի հետ՝ ցույց կտա ապագան:
Այնթապ համայնքում ընտրությունը վաղն է՝ փետրվարի 28-ին: Առաջադրվել է հինգ թեկնածու՝ Կարեն Սարգսյան, 1999 թվականից մինչ այս ընտրությունները գյուղը ղեկավարած ՀՀԿ-ական Լեւոն Թարվերդյանի եղբայր Ղեւոնդ Թարվերդյան, Գրիգոր Խաչատրյան, Արթուր Հովհաննիսյան եւ Տիգրան Բաբախանյան: Վերջինս ընտրապայքարի կեսից հանեց իր թեկնածությունը: Գրիգոր Խաչատրյանը ՀՀԿ-ական է, մյուս չորսը՝ անկուսակցական:
Իշխանական որեւէ կուսակցություն այս ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին սատարելու մասին պաշտոնապես հայտարարություն չի արել: Ասում են՝ Արարատի մարզպետ, հանրապետական Վարդգես Հովակիմյանը հանձնարարել է այս ընտրությունների համար բոլոր պատասխանատու անձանց՝ ապահովել արդար եւ առանց կեղծիքների ընտրություն, որի համար անգամ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվել են ոչ թե այնթապցիներ, այլ հիմնականում մարզկենտրոն Արտաշատի բնակիչներ: Այդ մասին «Առավոտի» հետ հեռախոսազրույցում հավաստեց նաեւ փոխմարզպետ Սամվել Մինասյանը. «ՀՀԿ-ն այս համայնքում որեւէ թեկնածուի չի սատարում: Ամեն ինչ արվելու է, որպեսզի ընտրությունն անցնի առավելագույնս արդար ու բացառվեն ընտրակեղծիքները: Այո, որպեսզի բացառվի հանձնաժողովի անդամների վրա որեւէ ճնշում, անդամները նշանակվել են ոչ այնթապցիներ: Լինելու է ծայրահեղ վերահսկողություն»: Այս ամենով հանդերձ, այնթապցիներն այդքան էլ վստահ չեն, որ ընտրությունները կանցնեն առանց կեղծիքների: Շատերին մտահոգում է ընտրակաշառքի գործոնը եւ կոնկրետ թեկնածուներից մեկի (որի անունը հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում) կողմից՝ քվեարկության օրը գումար բաժանելու հնարավորության հանգամանքը: Ընդհանուր առմամբ նախընտրական իրավիճակը հանգիստ է: Երեւանամերձ Այնթապն Արարատի մարզի ոչ միայն ամենամեծ, այլեւ ամենահոգսաշատ համայնքներից է՝ չունի մանկապարտեզ, սպորտդահլիճ, մշակույթի տուն, ունի անբարեկարգ ու չլուսավորված ճանապարհներ:
Մարտի 7-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան նաեւ Լանջառ գյուղում: «Առավոտը» կհետեւի եւ կանդրադառնա այս համայնքների ընտրական գործընթացներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել