Ի վերջո, ո՞րն է Գյումրիի «Նաիրի» ռեստորանում հարսանքավորների թունավորման պատճառները
Փետրվարի 19-ին Մարմաշենի փոխգյուղապետ Կարեն Գալստյանի հարսանիքի ժամանակ 400 հյուրերից 30-ը սննդային թունավորումով տեղափոխվել էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մնացածը բուժօգնություն էր ստացել տներում: Փաստի առթիվ հարուցվել էր քրգործ, նշանակվել դատաբժշկական եւ համալիր փորձաքննություն: Շիրակի մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն էլ, ըստ օրենքի՝ հետագա թունավորման դեպքերը կանխելու նպատակով դադարեցրել էր ռեստորանի գործունեությունը:
Թեեւ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, սակայն Շիրակի մարզային հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Թաիրյանը «Առավոտին» որոշակի տվյալներ ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքներից: Պաշտոնյան փաստեց, որ թունավորումը եղել է ոչ թե կոնկրետ սննդատեսակից, այլ ռեստորանում գրանցված սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումից: Տիկին Թաիրյանի ասելով, ռեստորանի հետագա գործունեությունը կախված է իրենց կողմից ռեստորանի տնօրինությանը ներկայացված առաջադրանքների ճշգրիտ կատարումից, ինչպես նաեւ հետազոտությունների վերջնական արդյունքներից: «Բավականին խառնաշփոթ վիճակ է եղել, ռեստորանի տնօրենի ասելով՝ հարսանիքի մասնակիցները մտել են խոհանոց-դուրս եկել, այսինքն՝ դա լրիվ ստեղծել է սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտում, սննդամթերքի մաքրումը, լվացումը, ինչպես նաեւ եփումը կատարվում է մի տեղում: Էդ պահին ուսումնասիրվել է, հայտնաբերվել են որոշակի թերություններ՝ կապված սանիտարահիգիենիկ ռեժիմի հետ, բացի այդ, վարակի աղբյուրը գտնելու նպատակով կատարվել են նմուշառումներ սննդամթերքից, հիվանդներից, աշխատող անձնակազմից: Սեղանների հիգիենիկ ծածկի հետ կապված՝ առաջադրանք ենք ներկայացրել ռեստորանի տնօրինությանը, այն լիարժեք կատարել են: Նաեւ հանձնարարել ենք ախտահանում կատարել, որը կատարվել է: Լվացքի մեքենաները եւս օգտագործվել են ռեժիմային խախտմամբ, իրենց տեղում չեն եղել, բայց մենք առաջարկություններ ենք ներկայացրել, եւ նրանք կատարել են: Թունավորումը հանդիսացել է սննդամթերքի երկրորդային կեղտոտվածության պատճառով, ենթադրենք՝ սնկով աղցանից անջատվել է նույն հարուցիչը, ինչը անջատվել է հիվանդի փխսման մասսայից, այդ նույն հարուցիչը փաստորեն անջատվել է աշխատող անձնակազմից»:
Մենք այցելեցինք նաեւ «Նաիրի» ռեստորան՝ նրանց պայմաններին ծանոթանալու ու տնօրեն Սուրեն Մելիք-Սարգսյանից պարզաբանումներ ստանալու: Տնօրենն այս հարցում իր մեղքի բաժինը չէր տեսնում. «Մեր միակ մեղավորությունն այն է, որ թույլ ենք տվել հարսանիքի որոշ մասնակիցների մուտք գործել խոհանոց: Այդ նույն հարսանիքի օրը մենք ունեցել ենք շատ մեծ միջոցառումներ՝ մյուս սրահներում, նույն մեր խոհարարները նույն խոհանոցում պատրաստել են ուտեստներ, սպասարկել, եւ մինչ օրս ոչ ոքից ոչ մի բողոք չկա: Ինչ վերաբերում է սանէպիդի ասածին, բնականաբար, մեղքը պետք է կոտրեն մեկի վրա, ես չեմ բացառել եւ հնարավոր է, որ այդպես լինի, բայց ինչո՞ւ թունավորման դեպքը գրանցվեց ամսի 18-ին, թող մինչ էդ գրանցվեր: 1 տարի ութ ամիս այս ռեստորանն աշխատում է, եւ մինչ օրս մենք մի հատ բողոք չենք ունեցել: Մեր սպասքն էլ ոչ թե սանէպիդի առաջարկություններից հետո ենք փոխել, այլ նոր է եղել: Թունավորումը կոնկրետ սննդատեսակից է»: Նկատենք, որ ռեստորանից 5 հոգու ազատել են աշխատանքից. «Երբ նրանք հետազոտվեն, համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն սանէպիդ, այնտեղից էլ ինձ թուղթ բերեն, որ առողջ են, էն ժամանակ էլ նրանց կվերականգնեմ»,- ասաց Ս. Մելիք-Սարգսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր աշխատակիցներն ունեն սանիտարահիգիենիկ գրքույկ: