Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՈՒ ՊԱՀՈՂՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԵՐԹԸ «ՂՈՒՇԲԱՍՆԵՐԻՆՆ» Է

Փետրվար 27,2010 00:00

\"\"Ընտանի կենդանիներ սիրող, խղճից թույլ քաղաքացիներին քաղաքապետարանը ուզում է բերել «հարկային օրինական դաշտ»:

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանի հարեւանուհին տանը 8 կատու է պահում: Նրանք անհանգստացնում են բազմաբնակարան շենքի մյուս բնակիչներին, այդ թվում՝ քաղաքապետարանի պաշտոնյային, քանի որ պաշտգամբից թռչում են, մուտքն աղտոտում ու վատ հոտ տարածում շենքում: Իր անձնական օրինակից ելնելով՝ տիկին Հակոբյանը համոզված է, որ մայրաքաղաքի մյուս բնակիչներն էլ արժանի չեն տանելու այդ գարշահոտն ու անհանգստությունը, ուստի նորմալ է համարում, որ Երեւանի ավագանին որոշել է տանն ընտանի կենդանի պահելու համար մարդկանցից 5000 դրամ պետտուրք գանձել: «Առավոտին» տված հարցազրույցում Գ. Հակոբյանը նկարագրում էր, թե ինչպես են Օպերայի շրջակայքում իրենց տերերի հետ զբոսանքի դուրս եկած շները կեղտոտում շրջապատը, անհանգստություն պատճառում մարդկանց. «Մենք տեղյակ ենք, որ Երեւան քաղաքում ամեն 2-րդ ընտանիք շուն է պահում»:
Մեր հարցին՝ ինչո՞վ է դա վատ, Գ. Հակոբյանը պատասխանեց. «Լավ է, բայց թող նրանց հաշվառեն ու նրանց համար պետտուրք տան՝ նոր պահեն, մանավանդ որ՝ գումարն այնքան մեծ չէ: Շների համար մեծ խանութներ են բացվում, սուպերմարքեթներում հատուկ բաժիններ կան, շների համար մի փոքր աքսեսուարն արժե 10-20 հազար դրամ, մարդիկ բիզնես են անում ու շուն են պահում-ծախում: Ես չեմ կարծում, որ նրանք օրինական են դա անում, ուստի ճիշտ կլինի, որ նրանց համար գոնե պետտուրք վճարեն: Նրանք պետք է բերվեն օրինական դաշտ»: Կբացատրե՞ք, թե ինչով է աղտոտում, վնասում կամ կարգ խախտում այն քաղաքացին, որն իր սեփական տանը հավ է պահում՝ թարմ ձու ուտելու համար. մեր այս հարցին Գ. Հակոբյանը պատասխանեց. «Հավը, աղունիկները ահավոր ծանր հոտ ունեն: Կենտրոն վարչական շրջանում՝ Նորագյուղում, Կիլիկիայում, մենք ունենք բնակիչներ, ովքեր 80-100 հատով աղունիկ են պահում, իսկ աղունիկի աղբն ու հոտը, ձայներն անտանելի են, այնպես որ, շներից, կատուներից հետո նրանց էլ պետք է հաշվառենք ու վճարում պահանջենք»:
Այն, որ ավագանու որոշումը միայն չեղած տեղից գումար պոկելու նպատակ է հետապնդում՝ ակնհայտ է, որովհետեւ, եթե մարդը 5000 դրամը վճարի՝ միեւնույն է, դարձյալ նրա շունը, կատուն կամ հավը անհանգստացնելու են հարեւաններին, աղտոտելու են միջավայրը եւ նույն վատ հոտն են տարածելու, ուստի ի՞նչ իմաստ ունի ձեւացնել, թե քաղաքապետարանը հանկարծ սկսել է մտածել շներից ու կատուներից զզվող բնակիչների մասին կամ անհանգստանալ քաղաքի աղտոտվածության համար:
Ներկայումս քաղաքապետարանը Կենտրոն համայնքում հաշվառում է միայն շուն պահողներին, որից հետո կսկսի նաեւ կատուների, աղունիկների, հավերի ու մյուս կենդանիների հաշվառումն ու տուրքերի գանձումը ոչ միայն Կենտրոնում, այլեւ մյուս համայնքներում: Գոհար Հակոբյանի խոսքերով՝ «Տեղական հարկերի ու տուրքերի մասին օրենքում կան տուրքերի տեսակներ, որոնց մեջ նաեւ մտնում են ընտանի կենդանիների համար տուրքերը, մենք ընդամենը կատարում ենք օրենքի պահանջը»: Մեր դիտարկմանը, որ այդ օրենքը վաղուց է ընդունվել, ինչու են հիմա, այս թանկացումների տարում հիշել օրենքի պահանջը՝ քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչու է հիմա կիրառվում, մինչեւ 2009-ը պետք է համայնքները կիրառեին այդ պահանջը, բայց չեն արել: Մենք առայժմ ֆիքսված 5000-ական դրամ ենք ուզում յուրաքանչյուր կենդանու համար, բայց 2011-ին հստակ կկարգավորենք. այն թոշակառուները, որոնք ճնշման համար կատու են պահում՝ չեն վճարի, քաղաքապետարանն արտոնություններ կտրամադրի նաեւ «Փարոսի» շահառուների համար: Բայց առայժմ մենք պետք է հաշվառենք ու տեսնենք, թե Երեւան քաղաքի որ բնակիչն ինչ կատեգորիայի է պատկանում: Եթե համաքաղաքային կանոնների պահպանման կարգը չեն խախտում, աղբ ու աղմուկ չեն անում, այդ դեպքում դրույքաչափերն ըստ սանդղակի կսահմանվեն»:
Քաղաքապետարանի տեղեկություններով՝ կան մարդիկ, որոնք իրենց շների համար փաստաթղթեր ունեն, նրանց ամեն օր վարսավիրանոց ու բժշկի են տանում, ուստի նրանք հաճույքով կուզենան հաշվառել ու գումար մուծել իրենց սիրելի կենդանիների համար: Նախնական հաշվարկներով՝ միայն Կենտրոն համայնքից քաղաքապետարանը հույս ունի տարեկան կտրվածքով հավաքել 1 մլն դրամ՝ 200 բնակչի հաշվառման դեպքում: Այդ համայնքում, ըստ Գ. Հակոբյանի, արդեն 140 շուն հաշվառվել ու գրանցվել է:
Նրանք, ովքեր կհրաժարվեն վճարել պետտուրքը, կտուգանվեն՝ առաջին անգամ 1000 դրամ, երկրորդ զգուշացման դեպքում՝ ավելի շատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել