«Այսօր իսկապես պայքար է գնում, որ դատավորներն ու քննիչները կաշառք չվերցնեն: Ես կուզեմ, որ հրաժարվեն այդ պայքարից: Ավելի լավ է՝ կաշառք, որովհետեւ ավելի վատ երեւույթ է առաջացել: Չգիտես ինչու, բոլորը վախենում են մեղմ պատիժ տալ, արարքը ավելի ծանրից վերաորակել ավելի մեղմի, կմտածեն, որ փող է վերցրել: Դատավորների մի ստվար զանգված մորթապաշտ է, եւ դա բերում է նրան, որ մարդկանց ավելի խիստ են պատժում, քան պետք է»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Նա համոզմունք է հայտնել, որ դատավորները սկսել են ավելի քիչ կաշառք վերցնել, ինչը, սակայն, չի նպաստում արդարադատության կայացմանը: Լրատվամիջոցի մեկ այլ հարցին էլ, թե մինչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատավճռի հրապարակումը, երբ դատավորը ավելի խիստ պատիժ սահմանեց, քան մեղադրողն էր պահանջել, այլ նախադեպ եղե՞լ էր, Ռ. Սահակյանն ասել է. «Խորհրդային ժամանակներում իմ հորեղբոր տղայի համար դատախազն ուզեց 4 տարի, իսկ դատավորը տվեց՝ 5: Հետո, երբ դատավորին հարցրին, թե ինչո՞ւ ավելի խիստ պատժեց, ասաց. «Փողը վերցրել է՝ ինձ չի տվել»:
Ռ. Սահակյանը նաեւ դժգոհեց փաստաբաններից. «Եթե փաստաբանը մասնակցում է քննիչի, դատախազի, դատավորի խախտումներին, նա էլ է դառնում իրավախախտ»:
Ռ. Սահակյանը որոշել է այսուհետեւ հրապարակել բոլոր իրավախախտների անունները: Երեկ նա նշել է Ավան եւ Նոր-Նորքի 1-ին ատյանի դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի անունը. «Գոնե մեկ անգամ 1 դատավորի լիազորությունները դադարեցնեն»:
Երեկ փաստաբան Արա Զոհրաբյանն էլ դիմել է դատախազություն՝ իր համակարգիչը առեւանգելու վերաբերյալ՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի որոշումը վերացնելու պահանջով. «Սա առաջին դեպքն է Հայաստանում, որ փորձում են առգրավել փաստաբանի համակարգիչը, եւ, բնականաբար, եթե մենք դա կուլ տանք, դրանից հետո կշարունակեն մտնել փաստաբանի խոհանոցը: Փաստաբան եւ հաճախորդ հարաբերությունները պետք է լինեն կոնֆիդենցիալ, եւ որեւէ մեկը իրավունք չունի քիթը խոթել այդ դաշտ»:
Ըստ նրա, եթե դատախազը չվերացնի այդ որոշումը, ինքը կդիմի դատական պաշտպանության. «Եթե այդտեղ էլ հաջողության չհասնեմ՝ դիմելու եմ ՍԴ, եւ զուգահեռ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սա իմ համակարգչի խնդիրը չէ: Սա կարող է նախադեպ դառնալ եւ հետագայում նման փորձեր կատարվեն այլ փաստաբանների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Ա. Զոհրաբյանի համակարգիչը առգրավել են գործարար Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո: