Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇԻ՞ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

Փետրվար 27,2010 00:00

\"\"Երթուղագծերի մրցույթում իրար վրա «կեղտ» են ման գալիս, որպեսզի մրցույթից հանեն

Ինչպես հայտնի է, Հայաստանում երթուղագիծ ունենալը ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Այդ գծերն այսօր հիմնականում պատկանում են պատգամավորների, պետական պաշտոնյաների եւ մեծահարուստների, ու թերեւս այդ է պատճառը, որ հատկապես «համեղ պատառ» համարվող երթուղագծերի մրցույթներն անցնում են խիստ լարված մթնոլորտում: Նման մրցույթ էր նաեւ երեկ Հյուսիսային ավտոկայանում: Մրցում էին «Մեղրաձոր», «Ֆրանս-պարկ» եւ «Լավ ընկեր» ընկերությունները, որոնք ցանկանում էին սպասարկել Երեւան-Գորիս-Երեւան, Գորիս-Երեւան-Գորիս, Կապան-Երեւան-Կապան, Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան եւ Երեւան-Քաջարան-Երեւան՝ վեց թափուր երթուղագծերի մրցույթը:
«Ֆրանս-պարկ» ընկերության գործադիր տնօրեն Աննա Անտոնյանը մեզ հետ զրույցը սկսեց իր մրցակից՝ «Մրգաձոր» ընկերությանը մեղադրելով. «Ես հիմա ունեմ փաստեր, որ «Մրգաձոր» ընկերությունը ներկայացրել է 1 մեքենա, որն իրեն չի պատկանում, այդ մեքենան պատկանում է անհատի, որին ես ճանաչում եմ, եւ որն իր մեքենան օգտագործել է տուրիզմի ոլորտում: Այդ մեքենայի պետհամարանիշներն են՝ 795 ՍԼ 52: Փաստաթղթերով ձեւակերպել են, որ այդ մեքենան իրենց է պատկանում, ի դեպ՝ նշեմ, որ դա դժվար գործընթաց չէ, բոլորն էլ շատ կարճ ժամանակահատվածում կարող են մեկ այլ մարդու մեքենան ժամանակավոր գրանցել իրենց անունով, սակայն ինձ անհանգստացնում է այն, որ այդ ընկերությունը մրցույթում հաղթելու դեպքում, հետագայում ուրիշին պատկանող մեքենան կվերադարձնի սեփականատիրոջը ու դրա փոխարեն մեկ այլ մեքենա կմտցնի գիծ, վրան էլ կկպցնի դեղին համարանիշները: Նշեմ նաեւ, որ եթե հայտատուն արենդայով մեքենա է ներկայացնում, իր գնահատականները 20%-ով նվազում են: Այդ նվազումից խուսափելու համար՝ նման բաներ շատ են անում»: Տիկին Անտոնյանի խոսքերով, այս մրցույթի «խարդախությունները» սկսվել են դեռեւս փետրվարի 12-ից, երբ հայտարարված է եղել Մեղրի-Ագարակ-Երեւան երթուղագծի ավտոբուսների մրցույթը. «Մենք մեկ անգամ արդեն մասնակցել էինք այս մրցույթին եւ սպասարկում էինք, իսկ այս տարի պայմանները փոխվեցին: Մրցույթին պետք է 2 դռնանի ավտոբուսներ ներկայացնեինք, մեր մեկ ավտոբուսը մի դռնանի էր, մենք էլ այն վերանորոգեցինք եւ երկրորդ դուռ տեղադրեցինք, սակայն մրցույթի ժամանակ մեզ ասացին, որ 2-րդ դուռ տեղադրելու իրավունք չունեինք: Մենք այդ իրավունքը ունեինք, ուղղակի պահանջվող փաստաթղթերի ցուցակում նշված չէր, որ այդ փաստաթուղթն էլ է անհրաժեշտ, ես էլ հանձնաժողովին հայտնեցի, որ ունենք թույլտվությունը, սակայն չհաղթեցինք ու այդ երթուղագիծը մնաց թափուր: Պատճառը, հավանաբար, այս մրցույթն էր, երեւի ուզում էին այնպես անել, որ այս մրցույթին մենք էլ լինենք ու ստացվի, որ թվով շատ ընկերություններ են մասնակցում»:
Իսկ «Մրգաձորի» ներկայացուցիչ Կորյուն Հակոբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով «Ֆրանս-պարկի» մեղադրանքներին, ասաց. «Իմ ներկայացրած բոլոր մեքենաներն էլ մեր ընկերությանն են պատկանում, որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ ներկայացված մեքենաներից որեւէ մեկն իմը չէր: Հենա իրենք էլ պետք է 2 դռնանի ավտոբուսներով մասնակցեին մրցույթին, տարել ավելացրել էին 2-րդ դուռը»: Նա նշեց, որ հայտ է ներկայացրել բոլոր գծերի համար, ընդհանուր առմամբ 11 մեքենա. «Իմ ներկայացրած մեքենաներն ամենալավագույնն էին եղածի մեջ: Ես կարծում եմ, որ մրցույթն արդար կանցնի եւ կհաղթի լավագույնը»: Իսկ «Ֆրանս պարկը» ներկայացրել էր 5 մեքենա, որպեսզի սպասարկի ոչ միայն Մեղրի-Ագարակ-Երեւան, այլեւ Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիները:
Մրցույթին ներկա տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտային վարչության պետ Գագիկ Սարոյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են իմանալու՝ մրցույթի ժամանակ հաղթած մեքենանե՞րն են սպասարկելու երթուղագիծը, թե՞ փոխարինվելու են ավելի վատով, նա ասաց. «Մենք վերահսկում ենք երթուղագծերը, եղել են նման դեպքեր եւ մենք նրանց ենթարկել ենք վարչական պատասխանատվության»:
«Լավ ընկեր» ընկերության ղեկավարության հետ մեզ չհաջողվեց խոսել, քանի որ նրանք ներկա չէին մրցույթին, միայն տեղեկացանք, որ իրենք հայտ էին ներկայացրել Կապան-Երեւան-Կապան երթուղու համար:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 10 օրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել