Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զայրույթը մեծ է

Փետրվար 27,2010 00:00

\"\"Մարզային հանդիպումներից տպավորություն է ստացել Ռուբեն Թովմասյանը

Մինչ Հանրային խորհուրդն իր «էլիտար» կազմով հյուրընկալվում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ խոսքուզրույցի են բռնվում գյուղացիությանը վերաբերող թեմաների շուրջ՝ անցյալ օրերին հայաստանյան մարզաբնակներն իրենց դժգոհություններն են ներկայացրել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամներին, ովքեր կուսակցության շրջանային կառույցների հաշվետու կոնֆերանսների շրջանակներում հանդիպումներ են ունեցել Անիի եւ Էջմիածնի բնակիչների հետ:
Բնակիչների հետ հանդիպումները՝ ներկայիս իշխանություններին վերաբերվող, այնքան բուռն քննադատական մթնոլորտում են անցել, որ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, չկարողանալով զսպել զայրույթը, հարկ համարեց «Առավոտի» միջոցով պալատաբնակներին ծանուցել գյուղաբնակների դժգոհությունները: Հիմնական վրդովմունքը վերաբերում է գազի սակագնի թանկացմանը, որը, բնականաբար, նպաստելու է լայն սպառման ապրանքների գների՝ առանց այդ էլ անընդհատ աճին: Պակաս էական չեն մարզերում գործազրկության աննախադեպ քանակները, ճանապարհների եւ ընդհանրապես ենթակառուցվածքների բացակայությունը, ոռոգման, տեղ-տեղ նաեւ խմելու ջրի խնդիրները: «Կարեւորն այն չէ, որ գյուղի անունն անգլերեն գրվի, այլ այն, որ գյուղում ետին պլան են մղվել ժողովրդի առողջապահական, հանգստի, մշակութային կյանքը, երիտասարդների զբաղվածության հարցերը, որոնք հանգեցնում են օրեցօր աճող արտագաղթի: Պարզապես ողբալի է թոշակառուների, պատերազմի վետերանների վիճակը, ովքեր զուրկ են իրենց ծերունական տարրական հարցերը հոգալու հնարավորություններից»,- փոխանցեց ընկեր Թովմասյանը:
Ըստ նրա, կան գյուղեր, որոնք գազիֆիկացված են, սակայն ընդամենը երկու աբոնենտ ունեն, քանի որ գազը բնակարան հասցնելու համար ընտանիքից պահանջվում է 130 հազար դրամի ծախս, որն այս պարագայում մատչելի չէ մարդկանց: «Գերհարուստները շարունակում են հարստանալ, իսկ ժողովուրդն իջնում է բացարձակ աղքատության մակարդակին: Զայրույթը շատ մեծ է, եւ սրա հետեւանքները շատ կտրուկ են լինելու: Սրա վերջը ի՞նչ է լինելու, ե՞րբ է գալու»,- իր զրույցների ամփոփումից ընդհանրացրած հարցերը պետական պատկան այրերին է փոխանցում ընկեր Թովմասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել