Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն պաշտպանում է ի՛ր ոճով ու ձեւով

Փետրվար 27,2010 00:00

Մարտի 1-ի զոհերի հարազատներին պատասխանում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Փետրվարի 22-ին ՀՅԴ խմբակցության պատգամավորներին էին դիմել մարտի 1-ի զոհերի հարազատները՝ Գոռ Քլոյանի հայրը, Տիգրան Խաչատրյանի մայրը, Արմեն Ֆարմանյանի հայրը, Սամվել Հարությունյանի հայրը, Դավիթ Պետրոսյանի հայրը, Տիգրան Աբգարյանի մայրը եւ Հովհաննես Հովհաննիսյանի կինը: Նամակում հիշատակվում է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողի հարցին, թե կպաշտպանի՞ արդյոք «մարտի 1»-ի զոհերի հարազատների շահերը ԵԽԽՎ-ում՝ պատասխանել է, որ չի պատրաստվում ինչ-որ խմբերի շահեր պաշտպանել: «Այս խոսքերը կրկին վկայում են, թե դաշնակ ղեկավարներին որքան խորթ է «մարտի 1»-ի հանցագործության բացահայտումը, որքան անտարբեր են նրանք՝ մեղավորներին բացահայտելու եւ պատժելու հասարակական չմարող պահանջից ու մեր արդար նպատակից,- գրել են զոհերի հարազատները:- Մենք խումբ չենք, պարոն, մեր որդիները, ովքեր նաեւ հայ ժողովրդի զավակներն էին, 2 տարի առաջ սպանվեցին իրենց մայրաքաղաքի կենտրոնում. այդ սեւ օրից չնայած անցել է 2 տարի, բայց ոչ մի մարդասպան դատապարտված չէ, ու մենք հետեւողականորեն մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու մեղավորների բացահայտմանն ու պատժմանը՝ մեր կորուստն ու ցավը հասկացող ՀՀ բոլոր քաղաքացիների հետ ու նրանց աջակցությամբ։ Սա է մեր պահանջն ու նպատակը։ Հետեւաբար՝ օրենքի գործադրում եւ արդարություն պահանջողներս չենք կարող խումբ լինել, որովհետեւ մեր պահանջն ու նպատակը նույնն է, ինչ որ հայ ժողովրդինը՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, որտեղ հանցագործն ու մեղավորը պետք է կրեն իրենց պատիժը։ Ուրեմն՝ ակնհայտ չէ՞, որ այդ պահանջը չպաշտպանողներն են խումբ՝ իրենց նմանների հետ, այսինքն՝ հենց դուք, որ այս 2 տարվա մեջ քայլ անգամ չարեցիք կամ չբարձրաձայնեցիք՝ պատժելու մեղավորներին»: Նամակում նաեւ նշված է, թե անցած 2 տարում ԱԺ-ում «միայն «Ժառանգությունն» է, որ մշտապես պաշտպանել է մեր դատը։ Իսկ դուք, որ վերջերս միայն ինքներդ ձեզ հռչակեցիք իբրեւ թե ընդդիմություն՝ հետայսու չհամարձակվեք խոսել մեր անունից կամ մեր մասին։ Դուք չունեք դրա իրավունքը, քանզի հանցագործության եւ հանցագործների հետ համակերպվածներն ու համագործակցողները, ապօրինի հայտարարված արտակարգ դրությանը կողմ քվեարկածներն ու 2 տարի լռողները որեւէ մարդկային կամ բարոյական իրավունք չունեն ինչ-որ երեսպաշտ խոսքեր ասելու 21-րդ դարում Հայաստանի ու հայ ժողովրդի համար անչափելի ոճրագործության մասին»։
Մեր խնդրանքով անդրադառնալով այս նամակին՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ցավում եմ, որ զոհերի հարազատների զգացմունքները ոմանք փորձում են օգտագործել, շահարկել իրենց քաղաքական նպատակների համար: Սա՝ որպես նախաբան: Իրականում եղել է հետեւյալը՝ միջանցքում, ոտքի վրա զրույցի ընթացքում լրագրողն ինձ հարցրել է, թե զոհերի մի խումբ հարազատներ դեմ են, որ դուք ներկայացնեք իրենց շահերը եւ այդ պատճառով իրավունք չունեք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում լինելու ընդդիմության ներկայացուցիչ: Ես էլ պատասխանել եմ, թե ընդդիմությունը միայն ինչ-որ խմբերի շահերով չէ, որ այնտեղ ընդդիմություն է, այլ լայն սպեկտրով պիտի աշխատի եւ այլն: Եվ այդ տրամաբանությամբ՝ ես չեմ պատրաստվում այդտեղ ներկայացնել միայն ինչ-որ խմբերի շահեր:
Ինչ վերաբերում է իրենց՝ զոհերի հարազատների շահերի պաշտպանությանը, ապա մենք մե՛ր ձեւով ենք դա անում, մե՛ր ոճով: Եվ այն ոճը, որը հիմա է կիրառվում իրենց շահերի պաշտպանության համար՝ ես համարում եմ անօգուտ: Այդ ոճով ես չեմ պատրաստվում պաշտպանել, քանի որ անիմաստ է փորձել այդ եղանակով պաշտպանել՝ արդյունք չի տալիս: Եվ ասել եմ, թե մե՛նք ինչ ենք անում այդ առումով: Եթե նայեն մեր քայլերը՝ իհարկե, մենք այդպես ամպագոռգոռ, անընդհատ կուրծք ծեծելով չենք ներկայանում ամեն օր այդ հարցը բարձրացնողի դերում, ու չենք փորձում սեփականաշնորհել այդ խնդիրը, բայց կատարում ենք քայլեր, որոնք ի վերջո այդ նույն նպատակն են հետապնդում, ինչ այդ բոլոր նամակներն ու բողոքները, որոնցով փորձում են ողողել միջազգային կառույցները:
ՀՅԴ հատուկ կարծիքը հատուկ գրել ենք հենց նրա համար, որ այն մաս կազմի «Մարտի 1-ի» հանձնաժողովի եզրակացությանը: Այն մաս է կազմել նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցին՝ առանձին հավելվածով: Եվ այդ հատուկ կարծիքում 3 հիմնական արձանագրում կա, ու թե դրանցից ավելին ի՞նչ են պարունակում այդ նամակները՝ թող իրենք ասեն: Մենք եզրակացրել ենք՝ անհամաչափ ու ոչ իրավաչափ են եղել ոստիկանների գործողությունները՝ սա կարեւոր հաստատում է: Նշել ենք, որ 10 զոհերի մահվան հանգամանքները չեն բացահայտվել: Եվ երրորդը՝ նշել ենք, թե չի կարելի ավարտված համարել այս գործի քննությունը, եւ պետք է իրականացվի նոր, լրացուցիչ քննություն: Դրանից ավելին ի՞նչ են ասում: Նույնը մե՛նք ենք ասում, բայց ո՛չ այդ ոճով՝ սա է ամբողջ տարբերությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել