Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐՃ… ԽՄԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽՄԵԼ

Փետրվար 26,2010 00:00

Սուրճի անկրկնելի բուրմունքը տալիս են նրա պարունակության մեջ մտնող 600 հոտավետ նյութերը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: 100 գ բոված սուրճի հատիկներն իրենց կազմի մեջ ունեն 2 մգ նատրիում, 1600 մգ կալիում, 147 մգ կալցիում, 198 մգ ֆոսֆոր, 5,3 մգ երկաթ, B1, B2, PP վիտամիններ: Իսկ 100գ լուծվող սուրճը պարունակում է 3 մգ նատրիում, 100 մգ կալցիում, 250 մգ ֆոսֆոր, 6,1 մգ երկաթ, B2 եւ PP վիտամիններ: Սուրճի գլխավոր հատկություններից մեկն այն է, որ նա բարելավում է գլխուղեղի, սրտի եւ երիկամների ակտիվությունը: Իզուր չէ, որ 1 գավաթ սուրճ ըմպելուց հետո անցնում է հոգնածությունը, զգացվում է առույգության եւ ուժի հոսք, արագանում են տարբեր ռեակցիաները, լավանում է հիշողությունը, բարձրանում տրամադրությունը: Սա բնական «դոպինգ» է: Այնպես որ, եթե մարդը առողջ է եւ ունի նորմալ արյան ճնշում, օրվա ընթացքում մինչեւ 3 գավաթ սուրճը ոչ մի վնաս չի տա: Միայն չպետք է խմել թունդ սուրճ՝ սոված ժամանակ: Այն մարդիկ, որոնք ունեն տարբեր բնույթի տագնապներ, սուրճը կարող է ունենալ հակառակ ազդեցություն նյարդային համակարգի վրա: Սրտի իշեմիկ հիվանդությամբ, առիթմիայով (սրտի կծկումների ռիթմի խանգարում), արտահայտված աթերոսկլերոզով, երիկամների տարբեր հիվանդություններով, գլաուկոմայով տառապող մարդկանց սուրճը արգելվում է օգտագործել: Տարեցները եւ երեխաները նույնպես սուրճ չպետք է օգտագործեն: Սուրճը ուժեղ ազդակ է ստամոքսահյութի արտազատման համար: Այդ պատճառով էլ այն խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի սրացման ժամանակ, սուր գաստրիտի դեպքում:

Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ նույնպես պետք է ձեռնպահ մնալ սուրճի օգտագործումից, հատկապես՝ թունդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել