Ամբողջ աշխարհում ակտիվացել է պայքարը ծխելու դեմ: Ծխողներին առաջարկվում են տարբեր մեթոդներ, եղանակներ, որպեսզի թողնեն ծխելը: Ահա մեթոդներից մեկն էլ առաջարկում է դոկտոր Գրինյովը:
Մեթոդի իմաստն է. յուրահատուկ «հոգեբանական գրոհի» միջոցով ազդել ծխելու վրա: Այն ուժեղացնում է եւ հավաքագրում ծխողի կամքի ուժն այս անհայտ չարիքի դեմ, որը կրճատում է միլիոնավոր մարդկանց կյանքը:
Ըստ վիճակագրական տվյալների, եթե մարդը օրական ծխում է 1,5 տուփ ծխախոտ, այն հավասարազոր է 1 տարվա ընթացքում ռենտգեն ճառագայթներով 300 անգամ ճառագայթահարվելուն: Ծխախոտի ծխի թունավորությունը 4,5 անգամ գերազանցում է այլ թունավոր արտանետվող գազերին: 1 տուփ ծխախոտ ծխելը նույնն է, ինչ մարդը շնչի այն օդը, որի աղտոտվածության հիգիենիկ նորման բարձր է 580-1100 անգամ: Գիտակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է թղթի վրա յուրաքանչյուր ծխելիս նշում կատարել (խաչ դնել):
«Թունավորվեցիր» մեկ անգամ, թղթի վրա նշվում է մեկ խաչով եւ այդպես շարունակ:
Գիտակցությունը ծխելու դեմ ավելի ակտիվացնելու համար, թղթի մյուս երեսին գրվում է ծխելու «նվերները». սեռական գործունեության խանգարում տղամարդու եւ կնոջ մոտ (իմպոտենցիա եւ սեռական սառնություն), մտավոր ունակությունների անկում, սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն, գաստրիտ, ստամոքսի խոց, խրոնիկ բրոնխիտ, թոքերի էմֆիզեմա, թոքերի եւ կոկորդի քաղցկեղ, ձայնի խռպոտում, ատամների դեղնում, վաղաժամկետ ծերացում, սեռական գործունեության խիստ անկում եւ վաղաժամկետ կլիմաքս, կյանքի տեւողության կրճատում 12-17 տարի:
Այնուհետեւ գրվում է ծխելը թողնելուց հետո. առողջության ամրապնդում, հիանալի քուն, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների ուժեղացում, նորմալ սեռական գործունեություն, հանգիստ նյարդային համակարգ, ընտանեկան փոխհարաբերությունների կարգավորում, ֆինանսական խնայողություն, հետաքրքրություն կյանքի, ստեղծագործելու նկատմամբ, ինքնահարգման աճ:
Թուղթը ծալեք եւ տեղադրեք սիգարետի տուփի մեջ: Երբ տուփի սիգարետները վերջանան, թուղթը տեղափոխեք նոր տուփի մեջ: Թող այս տեղեկատվությունը մշտապես օգնի ձեզ, որոշել՝ ծխել, ծխել մինչեւ վե՞րջ, թե՞ երբեք: