Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեյկի. ուսմունք, որ հասու է բոլորին

Փետրվար 26,2010 00:00

Մարդը՝ որպես էներգիայի կրող

Ռեյկի ճապոներեն նշանակում է կենսական, բուժիչ, հոգեւոր էներգիա: Ռեյկի ստանալուց հետո մարդն ապրում, զգում է եւ՛ հոգեկան, եւ՛ ֆիզիկական ներդաշնակություն: Մարդու էներգիան ավելի դրական է դառնում, ավելի լուսավոր: Ռեյկին որպես էներգիա ֆիզիկոս գիտնականները ուսումնասիրել եւ չափել են. ռեյկիի գիտական բանաձեւն է՝ «ռեյկին անարգել տարածվում եւ հեռահար ազդում է անկախ ժամանակից, գիտակցությունից եւ տարածությունից»: Ռեյկին նաեւ նմանեցնում են Տորֆյան դաշտերի հատկություններին: Որպեսզի ավելի մանրամասն ծանոթացնեմ ռեյկիի հետ, զրուցեցի «Հայ ռեյկիստների ասոցիացիայի» անդամ, ռեյկիի վարպետ- ուսուցիչ Զառա Անտոնյանի հետ, ով, ի դեպ, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է:

– Տիկին Զառա, խնդրում եմ պատմեք ռեյկի էներգիայի մասին, ինչո՞վ է այն տարբերվում մյուս ուսմունքներից, որոնք եւս առնչվում են մարդու էներգետիկ կարողությունների հետ:

– Ռեյկիի առանձնահատկությունն այն է, որ հասու է բոլորին, անգամ երեխան կարող է ստանալ այս էներգիան: Ռեյկիի ձեռնադրումից հետո մարդը հավերժ ունենում է ռեյկի, որի միջոցով՝ ես հատուկ ընդգծում եմ «միջոցով» բառը, որովհետեւ ռեյկին տիեզերական էներգիա է, մարդը դիտվում է միայն որպես այդ էներգիայի կրողը: Ոչինչ չի կարող դադարեցնել ռեյկիի հոսքը, եթե մարդն ունի այդ բուժիչ էներգիայի աղբյուրը իր մեջ:

– Դուք նշեցիք, որ ռեյկին ստանում են ձեռնադրմամբ, իսկ ինչպե՞ս է տեղի ունենում այդ արարողությունը:

– Ձեռնադրումը կատարում է վարպետ-ուսուցիչը, դա որոշակի արարողակարգ է, որի ժամանակ բացվում է մարդու էներգետիկ գլխավոր առանցքը՝ սուշումնան, ապա էներգիան անցնում է մարդու ողնաշարային խողովակով: Այսպիսով, կենսական էներգիան թափանցում է մարդու օրգանիզմ՝ ազատելով խցանումներից. բացվում են չակրաները, նաեւ վերականգնվում են մարդու էներգետիկ նուրբ մարմինները, որոնք ստեղծում են աուրա: Եվ վերջապես այդ էներգիան ստանալուց հետո մարդը կարող է բուժել՝ տալ ռեյկի, իսկ բուժելու միջոց են հանդիսանում ձեռքերը, ձեռքի ափը ամենալավ էներգիա տալու միջոցն է: Ասեմ նաեւ, որ ռեյկին ինքնաբուժման եւ ինքնավերականգնման համակարգ է, ընտրությունը կատարում է մարդը թե՛ ռեյկիստ դառնալու առումով եւ թե՛ ռեյկիի միջոցով բուժում ստանալու:

– Ռեյկիի միջոցով մարդիկ բուժվում են: Կարելի՞ է, արդյոք, ռեյկին համատեղել ավանդական բժշկության հետ:

– Ռեյկին երբեք չի մերժում ավանդական բժշկությունը եւ դեղերը՝ նույնպես: Հենց ռեյկիի առանձնահատկությունն այն է, որ այն չի մերժում մարդուն բուժելու մյուս միջոցները՝ ավանդական բժշկություն, բուսաբուժություն, ասեղնաբուժություն եւ այլն. այն նպաստում է, որպեսզի բուժումը ավելի արդյունավետ լինի: Հետեւողականորեն ռեյկիով զբաղվող մարդը աստիճանաբար կրճատում է դեղերի քանակը, հասնելով նրան, որ դեղի կարիք ընդհանրապես չի զգում: Ռեյկին բուժում է եւ ֆիզիկական, եւ հոգեկան մարմինը, այսինքն՝ էներգետիկ վերականգնում է կատարվում, վերացվում են հիվանդության պատճառները. այս առումով էլ ռեյկին անվանում են՝ գիտակցություն ունեցող էներգիա:

– Ռեյկին լինելով ճապոնական, կրոնական սահմանափակում ունի՞:

– Ռեյկին աղանդ չէ եւ ոչ մի կրոնական դավանանքի չի ենթարկվում՝ այն համամարդկային է: Ռեյկիով կարող են զբաղվել բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից եւ կրոնական դավանանքից:

– Հայաստանում շա՞տ ռեյկիստներ կան: Հետաքրքրություն կա՞ ռեյկիի նկատմամբ:

– 2004 թվականին պաշտոնապես գրանցվեց մեր՝ «Հայ ռեյկիստների ասոցիացիան»: Ռեյկիի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին Հայաստանում մեծացել է, քանի որ տեղեկատվությունը շատ է, դրան նպաստում են եւ ռեյկիի մասին գրականությունը, եւ համացանցում գործող ռեյկիի մասին բլոգների առկայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել