Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈ՞ՒՄ

Փետրվար 26,2010 00:00

Այդ նոպայի դեմ պետք է պայքարել անտարբերությամբ

Դեռ Հիպոկրատը հիստերիան նկարագրել է որպես հանելուկային հիվանդություն: Երկար ժամանակ բժիշկները կարծել են, թե դա բացառապես կանանց հիվանդություն է եւ հատուկ է անկայուն հորմոնային համակարգ եւ անհաջող անձնական կյանք ունեցող կանանց: Եվ նույն այդ կանայք, երբ փորձել են ինչ-որ բան ասել՝ նրանց անմիջապես «հիստերիկ» են անվանել:

Ժամանակակից բժշկական վիճակագրությունը վկայում է, որ չնայած հիստերիկ տղամարդկանց թիվն ավելի քիչ է, սակայն, որպես կանոն, հիվանդությունը նրանց մոտ ավելի ծանր ընթացք ունի:

Այս թեմայի շուրջ զրուցեցինք նյարդաբան-խորհրդատու Նեկտար Եղյանի հետ: Նրա խոսքով՝ հիստերիան հիվանդություն է եւ դասվում է նեւրոզի տեսակների շարքին:

«Հիստերիան նեւրոզի տեսակ է, ամեն ինչ սկսվում է նեւրոզներից: Վերջինս հոգեկան գերլարվածությամբ պայմանավորված նյարդահոգեկան դարձելի հիվանդությունների խումբ է, որոնք էլ դրսեւորվում են նյարդահոգեկան տարբեր խանգարումներով»։

Նրա մեկնաբանմամբ, նեւրոզները, ինչպես եւ հիստերիան, լայնորեն տարածված հիվանդություններ են, որոնք հեշտությամբ առաջանում են թույլ նյարդային համակարգ ունեցող անձանց մոտ։

Ըստ հոգեբանների, նյարդային համակարգի թուլության եւ անձի առանձնահատկությունների ձեւավորմանը նպաստում է մանկական տարիքում երեխայի սխալ դաստիարակությունը։ Որոշ դեպքերում կոպտորեն ճնշվում են երեխայի շահերը, հաշվի չի առնվում նրա անհատականությունը, մշտապես նվաստացնում են նրան, որի հետեւանքով երեխան դառնում է ամաչկոտ, իր ուժերի նկատմամբ անվստահ, անվճռական, դրանք դժվարացնում են միջավայրին հարմարվելը եւ հասակակիցների հետ հաղորդակցվելը։ Այլ դեպքերում երեխայի զարգացման վրա կործանարար ազդեցություն է թողնում նրան որպես ընտանիքի «կուռք» դիտելը, որին ամեն ինչ թույլատրվում է: Հաճախ երեխային ներշնչում են, որ նա օժտված է արտասովոր ընդունակություններով, գեղեցկությամբ։ Նման դեպքերում երեխայի մոտ չեն առաջանում աշխատելու ցանկություն, դժվարությունները հաղթահարելու կարողություն, նպատակաուղղվածություն եւ հաստատակամություն, այլ՝ սեփական անձի գերագնահատման դրսեւորում։ Դառնալով հասուն եւ մտնելով ինքնուրույն կյանք՝ այդպիսի մարդիկ մեծ պահանջմունքների եւ օբյեկտիվորեն փոքր հնարավորությունների անհամապատասխանության հետեւանքով հաճախակի ունենում են ծանր ընդհարումներ։ Չափից ավելի խստությունը կամ ավելորդ հոգատարությունը նպաստում են անվճռականության, խռովահուզության, կասկածամտության եւ բնավորության այլ գծերի ձեւավորմանը, որոնք դժվարացնում են արտաքին միջավայրին հարմարվելը։

Ըստ նյարդաբանի՝ «Նեւրոզներով տառապում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ունեն շատ ազատ ժամանակ, պարապ են եւ չեն աշխատում: Մարդկանց մեծամասնության կյանքի ընթացքում, որոշակի իրադրություններում, կարող են առաջանալ նեւրոզներ հիշեցնող վիճակներ։ Օրինակ՝ մարդը, որեւէ կարեւոր իրադարձության սպասելով, հուզական լարվածություն, մտահոգություն, անհանգստություն է ապրում, որն ուղեկցվում է սրտխփոցով, քրտնարտադրությամբ, մարմնի դողով, դեմքի գերարյունությամբ կամ գունատությամբ։ Առողջ մարդկանց մոտ, երբ իրադրությունը լուծում է ստանում, այդ երեւույթները վերանում են։ Նեւրոզներով հիվանդի զգացողությունները պահպանվում են մշտապես»:

Հարցրինք, հիստերիան բնավորությո՞ւն է, թե՞ նեւրոզ, Ն.Եղյանի խոսքով՝ եւ մեկը, եւ մյուսը:

«Այն անձինք, որոնց մոտ գերակշռում է առաջին ազդանշանային համակարգը, այսինքն՝ անմիջական հուզական հակվածությունը, հենց նրանք էլ հաճախ հիվանդանում են հիստերիկ նեւրոզներով: Հիստերիկները կամ, ինչպես բժշկության մեջ են ասում՝ հիստերոիդները, ի ծնե իմպուլսիվ խառնվածք, զարգացած ու տարօրինակ երեւակայություն ունեցող մարդիկ են: Նրանք կյանքի դերասաններ են. իրենց մոտ շատ լավ ստացվում է հեշտությամբ լարվել եւ ուրիշներին էլ հեշտությամբ հունից հանել: Ընդ որում, բնածին հիստերիան հաճախ ոչ միայն չի խանգարում նրանց՝ հարմարվելու հասարակությանը, այլեւ օգնում է որոշակի բարձունքների հասնել»:

Բնութագրելով հիստերիկ մարդկանց, նյարդաբանն ասաց. «Եթե դու կարող ես ուղղակի ասել՝ ձեռքս ցավում է, հիստերիկը կասի՝ վաաա՜յ, ձեռքս ցավում է, քաշվում է, ծակծկում է, ուրեմն մի բան այն չէ… Եվ եթե անգամ մեկ օրում նրա ձեռքի ցավը անցնի, նա օրեր շարունակ կներկայացնի, որ իր ձեռքը դեռ ցավում է, դերասանություն կանի, ցավ կխաղա: Այսինքն՝ հիստերիան բեմականացված եւ չափազանցված ներկայացում է»:

Ըստ բժիշկների՝ հիստերիկ վիճակը կարող է լինել ե՛ւ բնածին, ե՛ւ ձեռքբերովի: Հաճախ այն առաջին անգամ դրսեւորվում է մանկության տարիներին, երբ երեխան ամենաչնչին իսկ պատճառով իրեն «գետնին է զարկում», սկսում աղեկտուր լաց լինել, ձեռքերն ու ոտքերը հատակին խփել:

Նյարդաբանը նշում է, որ հիստերիան նոպա է, եւ դրա դեմը ուղղակի պետք է առնել անտարբերությամբ. «Չպետք է խղճալ հիստերիկ մարդուն, նրա լաց ու կոծին: Միայն քար անտարբերությունը կօգնի նոպայի առաջն առնելուն: Պարզապես մի կողմ քաշվեք եւ զբաղվեք ձեր գործերով. հիստերիկը կհանգստանա, եթե նկատի, որ իր խաղին ոչ ոք ականջ չի դնում»:

Դե, իսկ եթե ուզում ես ճանաչել՝ դիմացինդ հիստերիկ է, թե ոչ, հետեւիր նրա շարժուձեւին. նյարդային ջղաձգություն, ձեռքերի դող, նա իր տեղը չի գտնում, սիրտը ասես կանգնում է, նա թափահարում է ձեռքերը, հուսահատված կցկտուր բացականչություններ է անում…

«Մարդը հիստերիկ շարժումներ դիտմամբ չի անում, ամեն ինչ նրա կամքից անկախ է լինում: Նրանք կյանքի դերասան են, ցուցադրական անձնավորություններ: Հիստերիկների բոլոր զգացմունքները «մերկացած» են: Ինքնատիրապետում չունեն: Հիստերիկ նոպան միշտ հանկարծակի է բռնկվում: Շարժումները քաոսային են դառնում: Գրեթե միշտ զգայարանների խանգարում է նկատվում՝ տեսողության վատացում, մկանների թուլացում եւ թմրածություն, հաճախ ուշաթափություն է լինում: Նոպայի առաջացման համար նույնիսկ լուրջ պատճառ պետք չէ: Դրա փոխարեն նրանց մշտապես հանդիսատես է պետք: Մարդը հիստերիայի մեջ ընկնում է նույնիսկ ոչ թե ցանկալի նպատակին հասնելու համար, այլ՝ սեփական զգացումները ցուցադրելու»:

Նյարդաբան-խորհրդատուն խորհուրդ է տալիս հիստերիայից եւ ընդհանրապես նեւրոզներից խուսափելու համար օրը լցնել հետաքրքիր իրադարձություններով, պարապ չմնալ եւ ամեն ինչին թեթեւ նայել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել