Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ թիմդ ուժեղ է եւ միասնական

Փետրվար 26,2010 00:00

\"\"
Մուրադ Սարգսյանը, Վազգեն Բադալյանը եւ Արմեն Գյուրջյանը պատրաստվում են մեկնել ԱՄՆ:

Վիկը ժամանել է ԱՄՆ

WBC/WBA վարկածներով 1-ին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը երեկ ժամանել է ԱՄՆ, որտեղ կշարունակի նախապատրաստվել մեքսիկացի Ռոդրիգո Գերերրոյի հետ մարտի 6-ին նշանակված մենամարտին:

Միացյալ Նահանգներում, որպես կանոն, տեղի հայությունը մեծ աջակցություն է ցույց տալիս Վիկին, սակայն Վախթանգի համար առանձնակի նշանակություն ունի իր անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի եւ «Darchinyan Time»-ի Հայաստանի անդամների ներկայությունը մենամարտին: Նրանք հիմնականում հինգ հոգի են, բոլորն էլ՝ Երեւանից, Վախթանգի ընկերները, ովքեր մշտապես ներկա են նրա մենամարտերին՝ աշխարհի որ երկրում էլ դրանք կազմակերպվեն:

Երեկ «Առավոտը» հանդիպեց նրանցից երկուսին, որոնք պատրաստվում էին մեկնել ԱՄՆ:

– Այս անգամ է՞լ եք ձեր թիմով Վիկին ուղեկցելու ռինգ:

Արմեն Գյուրջյան- Անպայման: Մենք Վախթանգին երբեք մենակ չենք թողնում:

– Երբ ռինգի մոտ եք, հասկանալի է, Վախթանգն ավելի ոգեւորված է լինում: Բայց դրանից առաջ ձեր ներկայությունը նրան չի՞ շեղում:

Մուրադ Սարգսյան- Մենք էլ լավ գիտակցում ենք, որ չեմպիոնական գոտի արժեցող մարտի նախապատրաստության ընթացքում Վախթանգին խանգարել չի կարելի: Դրա համար էլ մինչեւ մենամարտի նախորդ օրը նրան նեղություն չենք պատճառում: Այ, կշեռքից հետո, երբ մարզում արդեն չկա ու Վիկին հանգստանալ ու մի փոքր էլ ցրվել է հարկավոր, միասին ենք լինում: Այդ ժամանակ մեր ներկայությունը, մնացած մի քանի ժամը միասին անցկացնելը հանգստացնում է նրան:

– Վիկն Ամերիկայում շա՞տ երկրպագուներ ունի:

Արմեն Գյուրջյան- Բավականաչափ: Բայց ավելի ոգեւորող է, երբ Ամերիկայի հայկական համայնքն է միախմբվում նրան աջակցելու: Դահլիճ գալիս վանկարկում ու եռագույնը ծածանում են հայեր՝ Լոս Անջելեսից, Մայամիից, Սան Ֆրանցիսկոյից եւ այլ քաղաքներից: Այնպես որ, դահլիճի գրեթե կեսը հայ է լինում:

– Այստեղ հեռուստաէկրաններին տեսնում ենք, որ մենամարտից հետո դուք երկուսով եւ ձեր ընկերական թիմից եւս մի քանի հոգի ռինգ եք մտնում: Այդ իրավունքն ունե՞ք:

Մուրադ Սարգսյան- Այո: Եվ Վիկն է որոշում, թե ովքեր են լինելու ռինգի անմիջական մատույցներում, ովքեր կարող են ռինգ մտնել: Ցուցակը նա է իր պրոումոթերի հետ միասին նախապես ներկայացնում կազմակերպիչներին:

– Վիկի հաղթանակին չենք կասկածում: Ի՞նչ եք կարծում, նա մենամարտից հետո անմիջապես Հայաստա՞ն կգա, թե՞ կմեկնի Ավստրալիա:

Մուրադ Սարգսյան- Այդ մասին երկու օր առաջ խոսել եմ Վիկի հետ: Գնալու է Ավստրալիա: Բայց խոստացավ, որ մայիսին կամ հունիսին անպայման կգա:

Վախթանգի թիմից Արմեն Ղալաչյանն ու Վահան Կարապետյանը ԱՄՆ մեկնում են արդեն փետրվարի 28-ին, այնուհետեւ մարտի 1-ին՝ Մուրադ Սարգսյանը, իսկ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանն ու Արմեն Գյուրջյանը թիմը կհամալրեն մարտի 3-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել