Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծով սրտով, տիեզերք հոգով Անդրանիկ»

Փետրվար 26,2010 00:00

Փետրվարի 25-ը զորահրամանատար, ազգային հերոս, հայ ֆիդայապետ, հայոց ազատագրական խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Երեկ զորավարի ծննդյան 145-ամյակի առիթով «Սասուն- Տարոն», «Զորավար Անդրանիկ», «Ուխտ Արարատ» կազմակերպությունները ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ այցելել էին Եռաբլուրի պանթեոն, որտեղ 2000 թվականին Պեր-Լաշեզ գերեզմանատնից տեղափոխվել էր նրա աճյունը:

«Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր Իլյիչ Բեգլարյանը Զորավար Անդրանիկին այսպես ներկայացրեց. «Մի առաքյալ, որ եկել էր պահելու ազգի պատիվն ու արժանապատվությունը, արծվի տեսողությամբ, առյուծի քաջությամբ, նրա սիրտը ծով էր, հոգին՝ տիեզերք: Այդ տիեզերքում, Զորավարի եւ Սպարապետի հսկողության ներքո հավիտյան հանգչում են ղարաբաղյան ազատամարտիկները»: Հավաքվածներին Ի. Բեգլարյանը հիշեցրեց Մշո Առաքելոց վանքի՝ աշխարհը ցնցած պատմությունը: «6 հազարանոց թուրքական զորքը շրջափակել էր Մշո Առաքելոց եկեղեցին, սուլթան Համիդը հրամայել էր ոչնչացնել եկեղեցին էլ, ֆիդայիներին էլ: 70 որբ կար վանքում, որոնց զորավարը գաղտնի տեղափոխել էր, գիտեր՝ թուրքը ոչ մեկին չի խնայի: 6 հազար հրացանների դեմ ընդամենը 30 հրացան էր կրակում: 1500 թուրք սատկեց, մեր ջոկատը տվեց ընդամենը 2 զոհ: Աշխարհն իմացավ, որ գոյություն ունի հայ ազգ, որ ուժը միասնության մեջ է, ոչ թե՝ քանակի»,- ասաց «Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրենը ու հավելեց. «Երբ առաջին անգամ մտա Եղեռնի թանգարան, շատ ընկճված, հուսահատված դուրս եկա այնտեղից, միայն բռնաբարված, մորթված մարդկանց նկարներ ու կմախքներ էին: Անդրանիկի թանգարանը դրա հակադարձն է: Պետք է հիշենք մեր հերոսական պայքարի պատմությունը եւս»:

«Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց. «Անդրանիկի ապրած կյանքն ու գործը մշտախորհուրդ բաց դաս է բոլոր ժամանակների ու սերունդների համար…Հայաստանի անկախությունն ու հայոց բանակը Անդրանիկի փայփայած երազանքն էր»:

«Զորավար Անդրանիկ» միության հիմնադիր նախագահ Նորայր Մուշեղյանը բախտ է ունեցել շփվել Անդրանիկի կնոջ հետ ու իմանալ նրա կտակի մասին. «Ժամանակին Հայաստանում անհասկանալի լռություն եւ անտարբերություն էր, անգամ Անդրանիկի անունը տվողները հայտնվում էին Սիբիրում: Մեր ջանքերով է, որ 10 տարի առաջ նրա աճյունը տեղափոխվեց հայրենիք: Անգամ զորավարի աճյունը տեղափոխելուց հետո էլ Փարիզում նրա մահարձանը մնաց որպես հերոսի հուշարձան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել