Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերոսից՝ մինչեւ մանկամիտներ

Փետրվար 26,2010 00:00

Երեկ այս թեմայով բանավիճեցին գրականագետ Լիլիթ Արզումանյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

«Այսօր չունենք գրականություն, որը կարող է գրավել ընթերցողներին, ասում են՝ անցումային շրջանում ենք, բայց այդ անցումային շրջանը շատ տեւեց, որովհետեւ հասարակությունը դարձավ անբարոյական ու, բնականաբար, եւ՛ թատրոնը, եւ՛ գրականությունը չեն կարող լինել իդեալական, մաքուր ու պահանջներ բավարարող»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Լիլիթ Արզումանյանը: Նրա խոսքով, գրականությունը օրինաչափ կերպով է զարգանում եւ այն, որ դեռ փնտրտուքների մեջ է, դա էլ է օրինաչափ. «Ինձ՝ որպես գրականագետի, չի բավարարում, որ քիչ գրականություն ունենք այսօրվա մասին, այսօրվա խնդիրների մասին, միակողմանի են գրում ու չկա անկեղծություն»: Տիկին Արզումանյանի կարծիքով, թատրոնը ամենապահպանողականը մնաց. «Համենայնդեպս, թատրոնն ինքն իրեն չդավաճանեց, չապականվեց ու բեմ դուրս չեկավ այլանդակ լեզուն»:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ անդրադարձավ «մաքուր» հայերենի խնդիրներին. «Այն վերջերս մոդայիկ թեմաներից է դարձել: Հետաքրքիրն այն է, որ լեզվի հարցը հիմնականում քննարկում են մարդիկ, ովքեր հայերեն չգիտեն: Եթերում պետք է հայտնվեն միայն մտածող մարդիկ, մաքուր հայերենը նաեւ մտածողություն է»: Կ. Խոդիկյանի փաստմամբ, հեռուստաեթերում «մաքուր» հայերեն հնչում է միայն որոշ տեղեկատվական հաղորդումներում: Դրամատուրգը հայկական եթերը համեմատեց ռուսականի հետ ու խորհուրդ տվեց ուշադիր նայել, թե ովքեր են ռուսական հեռուստաեթերում. «Ովքեր կենսագրություն ունեն եւ պատկանում են մտածողների շարքին, իսկ մեր հեռուստաեթերում մի երկու հոգու կանչում են, մնացածը ինչ-որ անդեմ մասսա է…»: Տիկին Արզումանյանը նեղսրտեց. «Ի սեր Աստծո, ի՞նչը համեմատենք ռուսական հեռուստաեթերի հետ, եթե մեզ մոտ Հովոն է, այնտեղ Գալկինը: Դե համեմատեք… Ախր հեռուստատեսությունը ազգի դեմքն է, այս ի՞նչ ձեւով ենք ներկայանում աշխարհին, չե՞նք ամաչում: Ո՞վ է մեր ժամանակի հերոսը, այսօր չունենք հերոս, ինչո՞ւ է մեր հեռուստատեսությունը ինձ, իմ երեխային մատուցում գողի հերոսությունը»:

Կ. Խոդիկյանի կարծիքով էլ, դրական հերոսը արհեստականորեն, լավ քաղաքական գաղափարախոսական ձեւով հեռացվեց ասպարեզից. «Դրական հերոսին վերացրին, որ բերեն այն գողին, որը պետք է այսօր իշխի Հայաստանում: Հեռուստատեսությունն իր թեթեւ պարով ու երգով բերեց- հասցրեց երկրի այս խայտառակ վիճակին»: Լ. Արզումանյանը չհամաձայնեց, որ մտածված են դրական հերոսներին վերացնում. «Ամբողջ ցավն այն է, որ նրանք չեն մտածում` ինչ են անում, նրանք ուղղակի բերում են իրենց տեսակը, ինչո՞ւ է հեռուստատեսությունում կրիմինալ՝ մեր կյանքն են բերում, չեմ կարծում, որ վերին մակարդակով մտածված՝ ազգին տանում են կործանման»: Տիկին Խոդիկյանն էլ հարցրեց. «Ի՞նչ է, ցանկանում եք ասել՝ մեզ մանկամիտնե՞րն են ղեկավարում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել